Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դինամիկան 2016թ.-ին

Հունվար 16,2017 14:30

2016թ.-ը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մեկնարկեց բավական ոչ կառուցողական միջավայրում: Ադրբեջանը հերթական փորձը կատարեց Ղարաբաղյան հակամարտության քննարկումները տեղափոխել այլ հարթակ՝ այս անգամ ԵԽԽՎ: Սակայն ՀՀ դիվանագիտական ջանքերի արդյունավետ համադրման արդյունքում այս փորձը ձախողվեց՝ մասնավորապես Ռ. Ուոլթերի հեղինակած տխրահռչակ զեկույցի մասով, որը քաղաքական բանաձեւի տեսքով չընդունվեց:

Քաղաքական
բանակցություններ

Ինչ վերաբերում է անմիջականորեն բանակցային գործընթացին, ապա դեռեւս 2015թ. դեկտեմբերին կայացած Ալիեւ-Սարգսյան հանդիպումից հետո տարվա առաջին կեսին բանակցային էական առաջընթաց չկար:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ եւ արդյունքում ծավալված քառօրյա պատերազմն էլ ավելի բարդացրին իրավիճակը ու բանակցային գործընթացն, ըստ էության, բաժանեցին նախապատերազմյան եւ հետպատերազմյան շրջանների:
Եթե նախապատերազմյան փուլում, նույնիսկ վստահության բացակայության կամ շատ ցածր մակարդակի պարագայում, կողմերն, այնուամենայնիվ, քննարկում էին քաղաքական կարգավորման հնարավորությունները, ապա ապրիլյան պատերազմից հետո բանակցային օրակարգից ժամանակավորապես դուրս մղվեց քաղաքական կարգավորման տարրը:
Չնայած դրան, տարվա ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար փորձում էր «կարգավորման այլընտրանքային տարբերակներ» առաջարկել: Իլհամ Ալիեւը մեկ խոսում էր Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին, մեկ վկայակոչում էր, այսպես կոչված, «Լավրովի պլանը», մեկ հայտարարում, որ միջնորդներն իր վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ճանաչել ԼՂՀ անկախությունը: Արդեն 2016թ. վերջին միջնորդ երկրների ԱԳՆ ղեկավարներն իրենց հայտարարությամբ բանակցային տրամաբանությունը վերադարձրին բնականոն հուն՝ «Մադրիդրյան սկզբունքներին»՝ իրենց հայտարարության մեջ եւս մեկ անգամ մեջբերելով դեռեւս Լ’Ալվիլայում եւ Մուսկոկայում գաղտնազերծված սկզբունքները եւ Հելսինկյան երեք սկզբունքները:

Վստահության
վերականգնում

Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայում կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության ձեռք բերումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերով կազմակերպվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում՝ մայիսի 16-ին՝ Վիեննայում եւ հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում (այս անգամ Ռուսաստանի միջնորդությամբ):

Այս հանդիպումների ընթացքում քաղաքական կարգավորման տարրեր չեն բանակցվել՝ օրակարգում եղել են վստահության մթնոլորտի վերականգնումն ու նոր սրացումներ թույլ չտալու երաշխիքների ապահովումը: Այդ նպատակով Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման, անհետ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի մշակումն ավարտին հասցնելու վերաբերյալ:

Սանկտ Պետերբուրգում նույն օրակարգը պահպանվել է, սակայն համատեղ հայտարարությունից, ի տարբերություն Վիեննայի, բացակայել է հետաքննության մեխանիզմների մասին դրույթը:

Ինչպես ցույց տվեցին հետագա հայտարարություններն ու զարգացումները՝ ադրբեջանական կողմն առայսօր անում է հնարավոր ամեն բան Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից խուսափելու համար: Մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը Բաքուն ջանում է տրանսֆորմացնել զուտ գրասենյակի աշխատակիցների քանակի մեծացման՝ առանց լիազորությունների ընդլայնման եւ դրան զուգահեռ խոչընդոտներ է ստեղծում այդ փոփոխության հաստատման գործընթացում: Սակայն դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման» հարցը, ինչը ցույց է տալիս, որ ընդլայնումը չի վերաբերում միայն աշխատակիցների թվին: Եվ զուգահեռ կոչ է արվում «վերացնել բոլոր պահպանվող խոչընդոտները» այս հարցում: Սա ուղղակի ազդանշան է Ադրբեջանին, որ վերջինիս ջանքերը հաջողության չեն հասնի:

Մյուս կարեւոր դրույթը հետաքննության մեխանիզմների հարցն է: Այս հարցը արդեն մի քանի տարի է՝ համանախագահների օրակարգում է, եւ հակամարտության հայկական կողմերը մշտապես կողմ են եղել դրանց ներդրմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Անմիջապես Վիեննայից հետո պաշտոնական Բաքուն սկսեց հայտարարել, որ հրադադարը պահպանվում է, եւ նման մեխանիզմների անհրաժեշտություն չկա, ավելին՝ որպես վստահության միջոց շարունակեց պահանջել դուրս բերել հայկական զորքերը: Դեկտեմբերի 8-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համատեղ հայտարարությունն այս հարցում եւս ազդանշան հղեց Ադրբեջանին, որ նրա այս ջանքերն արդյունք չեն տվել՝ կոչ անելով «առաջընթաց գրանցել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ»:

1994-1995թթ. պայմանագրերը՝
հրադադարի հիմք

Բաքուն ապրիլյան պատերազմից հետո փորձում էր չեղարկել 1994-1995թթ. հրադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը՝ մշտապես ընդգծելով, որ ապրիլից հետո հրադադարի եւ խաղաղ բանակցությունների հիմք են ծառայում Մոսկվայում ձեռք բերված Հայաստանի եւ Ադրբեջանի բանավոր պայմանավորվածությունները: Սակայն այս մոտեցումն ընկալելի եւ ընդունելի չէ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջնորդների եւ միջազգային հանրության համար: Դեկտեմբերի 8-ի հայտարարությունը դրա եւս մեկ ապացույցն է: Հայտարարության մեջ հստակ նշվում է. «Մենք նաեւ նրանց կոչ ենք անում խստորեն հետեւել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին, որոնք ապահովում են հակամարտության գոտում բռնությունների դադարեցման հիմքը»: Այս հարցում եւս Ադրբեջանը հաջողության չհասավ:

Վստահությունից կարգավորում

Այսպիսով ապրիլյան պատերազմի եւ դրանից հետո բանակցությունների հետ կապված Ադրբեջանի հույսերն այդպես էլ չարդարացան: ՀՀ նախագահի՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում որդեգրած քաղաքականությունը տվեց իր արդյունքները: Հայաստանը չի հրաժարվում հակամարտության քաղաքական կարգավորումից եւ անընդունելի է համարում ռազմական լուծման ուղին, բայց դրա հետ մեկտեղ չի ցանկանում խոսել քաղաքական կարգավորման մասին, քանի դեռ չկան նոր պատերազմի կանխման երաշխիքներ, եւ Ադրբեջանը չի կատարում արդեն իսկ ստանձնած իր պարտավորությունները:

Վստահության միջոցների ներդրմանը զուգահեռ քաղաքական բովանդակային բանակցություններին վերադառնալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների կոչին Սերժ Սարգսյանը պատասխանեց Ստեփանակերտից՝ «Բանակցային գործընթաց չկա»: Հասկանալի է, որ այս ուղերձը նշանակում էր, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել վստահության միջոցների ներդրմանը՝ արդյունքում տորպեդահարելով նաեւ բանակցությունների քաղաքական բաղկացուցիչը:

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

 

«Առավոտ»

14.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031