Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ուռճացված ապարատից ինչ է կրճատվել, ինչ՝ մնացել

Հունվար 16,2017 13:30

Կառավարությունը պետական ապարատի աշխատակիցների կրճատումից,
ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի օպտիմալացումից մոտ 4 միլիարդի խնայողություն է արել:

Պաշտոնը ստանձնելու օրվանից վարչապետ Կարեն Կարապետյանը կտրուկ քայլերի գնաց. որոշում կայացրեց մի շարք կառույցներ` ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր օպտիմալացնել, ինչը, սակայն, միանշանակ չընդունվեց: Մինչ այդ էլ, նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք, կառավարության պատասխանատուները մասնավոր զրույցներում նշում էին, որ պետական ապարատն ուռճացված է, սակայն ձեռք չեն տալիս, չեն կրճատում, որպեսզի գործազրկության տոկոսն էլ ավելի չբարձրանա, սոցիալական բունտ չառաջանա` հատկապես, որ տարին նախընտրական էր:

Երեկ կառավարությունը հրապարակեց, թե անցած տարվա եւ 2017 թվականի աշխատակազմի, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ ՓԲԸ-ների օպտիմալացման արդյունքում ինչպիսի արդյունքներ են արձանագրվել` որքան մարդ է կրճատվել, որքան միլիոնների խնայողություններ են եղել:

Ըստ այդմ, պետական կառավարման համակարգում 2016 թվականին աշխատակիցների փաստացի թվաքանակը կազմել է 22 հազար 961 մարդ, որից միայն 20 հազար 59 աշխատակից կմնան եւ կաշխատեն 2017 թվականին: Այսինքն` օպտիմալացման արդյունքում 2902 մարդ կկորցնի աշխատանքը:

Նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակազմը միասին վերցրած 5793 աշխատողից կմնա 5195-ը: 598 մարդ այդ կառույցներից դուրս կմնա: ՊՈԱԿ-ներում եւ փակ բաժնետիրական ընկերություններում մինչ այս աշխատում էր 17 հազար 168 մարդ, սակայն կրճատման արդյունքում կմնան 14 հազար 864-ը:

Գերատեսչությունների աշխատակազմի եւ ՊՈԱԿ-ների ընդհանուր առմամբ օպտիմալացման արդյունքում 3 միլիարդ 932 միլիոն դրամ է տնտեսվել. 2 միլիարդ 435 միլիոնը ՝ՊՈԱԿ-ների կրճատումից, 1 միլիարդ 497 միլիոն դրամը` աշխատակազմի:
Հայաստանի հինգ մարզերում կատարված օպտիմալացման արդյունքում 904 միլիոն դրամ է տնտեսվել, որից 63 միլիոնը՝ Տավուշի մարզում, 95 միլիոնը խնայվել է Արագածոտնում, 261 միլիոնի խնայողություն են արել Շիրակի մարզում կատարված օպտիմալացման հաշվին, 81 միլիոն էլ Վայոց ձորում են տնտեսել, 403 միլիոն` Գեղարքունիքում:
Ըստ գերատեսչությունների էլ՝ բնապահպանության նախարարությանը կից կառույցների եւ աշխատակիցների կրճատման հաշվին տնտեսվել է 100 միլիոն դրամ, բոլոր գերատեսչություններից ամենաշատ տնտեսումը 2017-ին կկազմի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում` 739 միլիոն դրամ: Առողջապահության նախարարությունում եւս օպտիմալացման արդյունքում 702 միլիոնով ծախսերը կրճատվել են:

Ֆինանսների նախարարությունում վերոնշյալ գործընթացի արդյունքում տնտեսումը կկազմի 370 միլիոն դրամ, արդարադատության նախարարությունում էլ` 141 միլիոն դրամ: Գյուղատնտեսության նախարարությունում կտնտեսվի 123 միլիոն դրամ, կրթության եւ գիտության նախարարությունում` 141 միլիոն դրամ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` 199 միլիոն դրամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տնտեսումները կկազմեն 397 միլիոն դրամ, այլ գերատեսչություններ միասին վերցրած 526 միլիոն դրամ են տնտեսելու:

Միայն առողջապահության ոլորտում ակնկալվող ֆինանսական խնայողություններից կառավարությունը հետ կգցի 2 միլիարդ 7 միլիոն դրամ:

Այսպես` 123 միլիոն դրամ ակնկալվում է այս ոլորտի կենտրոնական ապարատում 55 հաստիքի եւ 20 ավտոմեքենայի կրճատումից: 559 միլիոն դրամ էլ կառավարությունը մտադիր է տնտեսել ոլորտի ենթակա ՊՈԱԿ-ների եւ հաստիքների կրճատման արդյունքում: Կառավարությունը հաշվարկել է, որ հոգեբուժարանների օպտիմալացումից խնայողությունը կկազմի 500 միլիոն դրամ: Պետական պատվերի գների վերանայման արդյունքում էլ առողջապահության նախարարությունը կխնայի 650 միլիոն դրամ: Պետական պատվերի փաթեթների վերանայումից` 200 միլիոն դրամ եւ այլն:

Ի դեպ, կառավարության պատասխանատուները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ՀՀ առողջապահական համակարգն ունի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկում ստացող շահառուների շրջանակի, նրանց մատուցվող բժշկական ծառայությունների ծավալի անհամապատասխանություն բյուջեից հատկացվող միջոցներին, հատկացվող բյուջետային միջոցների եւ ստացված արդյունքների անհամաչափություն, Հայաստանի տարածքում առողջապահական ենթակառուցվածքների եւ մասնագիտական ներուժի անհամաչափ բաշխում, որակյալ բժշկական օգնության եւ սպասարկման միասնական ստանդարտների բացակայություն, նույն բժշկական ծառայության համար բազմակի գներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկեր, բարձր ստվերայնություն առողջապահական հաստատություններում:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031