Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր նորաձեւ է մինիմալիստական, պարզ հագուստը». Արփինե Կոշտոյան

Հունվար 16,2017 11:02

Հայկական նորաձեւությունը դեռեւս չի կարողանում համընթաց քայլել համաշխարհային նորաձեւության հետ, սակայն փաստը, որ այն առաջ է շարժվում, արդեն իսկ դրական է: Մեր երկրում մարդիկ սկսել են ավելի շատ կարեւորել նորաձեւ հագուստը, իսկ մայրաքաղաքի փողոցներում գորշ եւ տխուր գույների սովորական դարձած պատկերը քիչ-քիչ խախտվում է:

Հայկական նորաձեւության, այդ ասպարեզում իր գործունեության եւ այլ հարցերի մասին «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է հագուստի մոդելավորող, երիտասարդ դիզայներ Արփինե Կոշտոյանը:

 -Գուցե ծեծված հարց է, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ նորաձեւություն:

-Քանի որ փոքր ժամանակվանից հմայված էի դիզայների մասնագիտությամբ, մտածելու, ընտրություն կատարելու հարց չեմ ունեցել, թե ինչ մասնագիտություն ընտրեմ: Ինձ համար հստակ էր, որ պետք է զբաղվեմ նորաձեւությամբ, ստեղծեմ զգեստներ, կերպարներ…

Երազանքս իրականացնելու համար ընդունվեցի Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի մոդելավորման բաժինը: Սովորելուն զուգահեռ անում էի էսքիզներ, որոնք կարելի էր աշխատանք համարել, քանի որ դրանցով վաստակում էի նաեւ: Աստիճանաբար հասունացավ պահը, որ պետք է ստեղծեմ իմ բրենդը, իմ ապրանքանիշը: Հիմա արդեն երեք տարի է, ինչ գործում է «Կոշտոյան» նորաձեւության սրահը:

 -Կոնկրետ ոճի՞ մեջ եք ստեղծագործում, թե՞ նախընտրում եք տարբեր ոճերում աշխատել:

-Տարբեր ոճերում, բայց իմ ստեղծած ցանկացած ոճի մեջ կա էլեգանտության շունչը: Նորաձեւության մեջ ինձ համար ամենակարեւորը կանանց նրբագեղությունը ընդգծելն է, եւ ցանկացած ոճում փորձում եմ էլեգանտությունը պահել՝ որպես ձեռագիր:

-Դիտելով Ձեր աշխատանքները որքան հասկացա՝ ոչ միայն ինքներդ եք առաջարկում, այլեւ պատվերներ եք ընդունում: Ի՞նչ եք անում, եթե պատվերը Ձեր նախընտրություններին այնքան էլ չի համապատասխանում:

-Փորձում եմ հաճախորդի հետ հարմարվել՝ միաժամանակ նրան բերել այն կետին, որտեղ իր նախասիրությունները, նորաձեւության պահանջներն ու մարմնի կառուցվածքը հատվում են: Ոչ թե իմ նախընտրած տարբերակին, այլ որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ճիշտ տարբերակին:

Փառք Աստծո, այսօր Հայաստանում սկսել են վստահել դիզայներին: Գուցե որոշ ժամանակ առաջ անվստահություն կար, բայց հիմա չկա: Հիմա ով գալիս է, վստահում է: Լինում է, երբ հարցնում ես՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ Դուք ի՞նչ խորհուրդ կտաք: Կան մարդիկ էլ, որ իրենց սկզբունքը պահում են, իրենց ցանկություններն են պնդում, բայց, ի վերջո, հանգում ենք նրան, որ իրենց սկզբունքայնությունը չվիրավորելով հասնում ենք ավելի գրագետ մոտեցման:

Մարդիկ հասկանում են, որ պետք է եւ արժե դիզայներին վճարել: Եթե առաջ նախընտրում էին պատրաստի հագուստ գնել՝ մտածելով, որ խանութում ավելի մատչելի է, այսօր մտածում են մի քիչ ավելի վճարել, բայց կրել հայկական եւ ինքնատիպ, զգալ, որ մասնագետը զբաղվել է իրենցով, եւ տվյալ զգեստը հենց իրենց համար է ստեղծված:

-Այսինքն՝ Ձեր գործունեության երեք տարիների ընթացքում տարբերություն նկատել եք նորաձեւության նկատմամբ հանրության վերաբերմունքի մեջ:

-Անշուշտ: Կարծում եմ՝ գնալով ավելի աճում է հետաքրքրությունը նորաձեւության, ճաշակով հագնվելու հանդեպ: Երբ ուզում էի դառնալ դիզայներ, նորաձեւության ասպարեզը շատ վատ վիճակում էր, իսկ հիմա բավականին առաջընթաց կա եւ, կարծում եմ, գնալով աճելու է այն:

-Առաջընթաց՝ ի՞նչ առումով: Սկսել են լա՞վ հագնվել:

-Ավելի շուտ՝ ճաշակով հագնվել: Ոչ թե նորաձեւության միտումներին հետեւելով, այլ ոճային: Ոճային մարդիկ այսօր շատ կան: Երբ քայլում ենք Երեւանի փողոցներով, տեսնում ենք, որ ոճային հագնվող երիտասարդություն ունենք: Մարդիկ, որոնք նախընտրում են հետաքրքիր հագուստ կրել եւ իրենք են արդեն ոճ թելադրում: Դա մարդու տեսակից է նաեւ: Նորաձեւությունը ինքնարտահայտման միջոց է, եւ որքան մարդ կարդացած, հարուստ ներաշխարհով է լինում, այնքան հետաքրքիր ու ոճային է հագնվում:

Հագուստը բնորոշում է մարդուն: Չի կարող շատ բաց, գռեհիկ հագնված կինը ներքուստ հետաքրքիր լինել: Ըստ իս, իրեն ցուցադրում է այն մարդը, որը հարուստ չէ հոգով, խորք չունի: Առավել եւս, որ այսօր նորաձեւ է մինիմալիստական, պարզ հագուստը, որը շեշտը դնում է մարդու ներքին աշխարհի վրա:

-Ձեր աշխատանքները մեկ օրինակի՞ց են լինում, թե՞ հնարավոր է նույն մոդելից մի քանի հատ կարեք:

-Լինում են զգեստներ, որ դառնում են հիթային, հաջողված զգեստներ՝ այսպես ասած, եւ դրանցից ունենում ենք շատ պատվերներ: Աշխատում եմ շատ չնմանեցնել, քանի որ մարմնի կառուցվածքին էլ պետք է հարմարեցվի: Այսինքն՝ նույն ուրվագծերի մեջ փոքրիկ փոփոխություններ եմ անում, բայց ընդհանրապես աշխատում եմ քիչ քանակությամբ կարել, որ առիթների դեպքում մարդիկ իրար չհանդիպեն նույն զգեստներով:

-Ի՞նչ գույներ եք նախընտրում:

-Ես սեւ գույնի սիրահար եմ, այն նույնպես էլեգանտության շունչն է, եւ մուգ երանգներ եմ սիրում: Հիմա շատ գույների միքսերն են նորաձեւ, բայց ինձ համար միշտ առաջնայինը մնում է սեւը, թեեւ սրահում բոլոր գույներն ենք օգտագործում:

-Որքան նկատել եմ՝ ցուցադրությունների չեք մասնակցում, գուցե սխալվու՞մ եմ:

-Ոչ, ճիշտ եք նկատել: Հիմա ինձ մոտ ժամանակի սղություն կա: Իհարկե, կարող եմ ասել՝ փառք Աստծո, որ ժամանակի սղություն կա, որովհետեւ անհատական պատվերներ են լինում: Մյուս կողմից՝ այդ անհատական պատվերներով, մարդկանց հետո շփումներով շատ եմ զբաղված, գերլարված աշխատում եմ: Կարծում եմ՝ ցուցադրության կունենամ այն ժամանակ, երբ կլինեմ հանգիստ, խաղաղ հոգեվիճակում եւ կզբաղվեմ միայն ցուցադրության աշխատանքներով: Չեմ ուզում մասնակցել ցուցադրությունների՝ ուղղակի մասնակցելու համար:

-Կխնդրեի վերջում անդրադառնալ այս տարվա նորաձեւությանը: Ո՞ր գույներն են նորաձեւ եւ ի՞նչ ոճի մեջ:

-Նորաձեւ են մոխրագույնը, կապույտը, յասամանագույնը եւ այդ երանգներին մոտ գույները: Նորաձեւ է «oversize» հագուստը, որը կարծես մեկ չափս մեծ է իրական չափսից, ուղիղ կտրվածքները, մինիմալիստական պարզ զգեստները: Սվիտեր- կիսաշրջազգեստ միքսը, սպորտային կոշիկներ-դասական հագուստ միքսը, որն արդեն երկու տարի իր արդիականությունը չի կորցնում եւ, կարծում եմ, երկար կպահպանի, որովհետեւ դասականի եւ սպորտայինի միքսը եւ՛ գեղեցիկ է, եւ՛ շատ հարմարավետ:

 

Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031