Ամերիկահայ երգիչ Նշան Ջաղացպանյանը, ով Կալիֆորնիայի հայ համայնքին հայտնի է իր հայրենասիրական, եկեղեցական, գուսանական, աշուղական և ժողովրդական երգերի անզուգական կատարումներով, պատրաստվում է այս տարվա ամռանն այցելել հայաստանյան և արցախյան սահմանամերձ զորամասերը, այնտեղից էլ մեկնել, սիրիական պատերազմի բարենպաստ իրավիճակի դեպքում, Սիրիայի՝ երբեմնի հայաշատ Քեսաբ, Լաթակիա, Հալեպ և Դամասկոս քաղաքները՝ մենահամերգներով հանդես գալու առաքելությամբ:
Պարոն Ն. Ջաղացպանյանը ծնվել է Սիրայի Հալեպ քաղաքում 1936 թվականին կահույքագործի ընտանիքում: Նրա ծնողները՝ Հակոբ և Գեղանուշ Ջաղացպանյանները ծնունդով Արևմտյան Հայաստանի՝ Սեբաստիա նահանգի Դերենդա գյուղից էին, Հայ Մեծ Եղեռնից փրկված այն սակավաթիվ հայերից, ովքեր կարողացան իրենց ժամանակավոր հանգրվանը գտնել Հալեպում:
Պարոն Ն. Ջաղացպանյանն ինքնուս երգիչ է: Նա երգել է սկսել 10 տարեկան հասակից: Նրա առաջին փորձերը երգի ասպարեզում եղել են «Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու» մանկական երգչախմբում և «Կրթասիրած մշակութային միության» հայկական դպրոցում:
«Մանուկ հասակեն այնքան կսիրեի հայ երգը, որ գիշերն անկողին չէի մտնար, եթե հայկական ռադիով չլսեի հայ երգի վարպետներ Արաքսի Գյուլզադյանի, Հովհաննես Բադալյանի, Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի և այլոց կատարմամբ երգերը. շատ կսիրեմ նաև հայկական դուդուկը՝ Լևոն Մադոյանի, Վաչէ Հովսեփյանի, Ջիվան Գասպարյանի կատարմամբ»,- ասում է տարեց երգիչը:
Կարդացեք նաև
Դեռ պատանի հասակից պարոն Ն. Ջաղացպանյանը հասկացավ, որ չի կարող երգարվեստն իր համար ապրուստի միջոց դառնալ, քանի որ հայկական սփյուռքում արվեստները պատշաճ ուշադրության չեն արժանանում, հետևաբար նա որոշեց սովորել հոր արհեստը՝ կահույքագործությունը, մտադրվելով միաժամանակ երգել եկեղեցում և հասարակական միջոցառումների ժամանակ:
24 տարեկան հասակում պարոն Ն. Ջաղացպանյանը, ընտանյոք հանդերձ, տեղափոխվեց Բեյրութ: Այնտեղ նա ամուսնացավ, սկսեց զբաղվել ընտանեկան բիզնեսով` կահույքագործությամբ և զգալի կարողության տեր դարձավ, չնայած մեծ նյութական վնասներ կրեց լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին, իհարկե՛, չմոռանալով երգելը: Նա՝ «Բեյրութի Սուրբ Նշան եկեցեղեցու» երգչախմբում երգել է առնվազն 15 տարի, ինչպես նաև զարդարել է իր երգերով գրեթե բոլոր քիչ, թե շատ աչքի ընկնող միջոցառումները:
1986 թվականին նա ընտանյոք հանդերձ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մշտական բնակության: Ներկայումս ապրում է Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում: Սկզբնական շրջանում, նա մոտ տասի տարի զբաղվել է կահույքի վաճառքի բիզնեսով, իսկ վերջին 20 տարիներին ամբողջովին նվիրվել է իր սիրած գործին՝ երգարվեստին:
Երգարվեստի շնորհիվ սիրված երգիչը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ հանրահայտ մարդկանց հետ, ինչպիսիք են՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, հայ գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ, Էդվարդ Միրզոյանը, երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանը, գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը, Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, հայ իրավաբան, պատմաբան և դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ամերիկահայ գրող, հասարակական գործիչ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարություն Սասունյանը և այլոք: Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի՝ իր սեփական տան բակում կառուցած երգի ստուդիայի պատերից կախված են վերոհիշյալ մարդկանց լուսանկարները երգչի հետ: Ստուդիայի մի անկյունում պատին ամրացված են նաև նրա բազմաթիվ պատվոգրերն ու գովասանագրերը՝ տրված «Նորթ Հոլիվուդի հայաստանյանց առաքելական եկեղեցու», «ԱՄՆ-ի հայ վետերանների միության», «Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի «Արարատ» առողջապահական կենտրոնի», «Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի համազգային, կրթական և մշակութային միության Հովհաննես Թումանյանի անվան մասնաճյուղի», «ԱՄՆ-ի հայ գրողների միության» և «Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ հասարակական կազմակերպության» կողմից:
Նրա քեռորդին՝ Սարգիս Գասպարյանը 1976 թվականին հանդիսանում էր «Զվարթնոց» օդանավակայանի՝ սիրողական նվագախումբի գեղարվեստական ղեկավարը, որի նվագակցությամբ նրան առաջարկվեց մի քանի երգերով հանդես գալ համերգի ժամանակ: Երջանիկ պատահականությամբ այդ համերգին ներկա էր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ով նկատելով երգչի տաղանդը, նրան ուղարկեց «Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի» գեղարվեստական ղեկավար Մանվել Բեգլարյանի մոտ՝ ձայնագրվելու:
16 երգ ձայնագրվեց Մ. Բեգլարյանի, իսկ 4-ն էլ՝ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ, «Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի» դիրիժոր Հենրիկ Անասյանի, ով ներկայումս հանդիսանում Կալիֆորնիայի հայկական «Սիփան» երգչախմբի խմբավարը, ղեկավարությամբ: Այդ ձայնագրությունները տարածվեցին աշխարհով մեկ, որի շնորհիվ երգիչը սկսեց հրավիրներ սստանալ տարբեր երկրներից: Նա մարդաշատ համերգներով, բազմաթիվ անգամներ, հանդես է եկել Հալեպում, Բեյրութում, Երևանում, Նյու-Յորքում, Ամանում, Կալիֆորնիայի Լոս Անջելես, Գլենդեյլ, Ֆրեզնո, Իգլ Ռոք, Փասադինա քաղաքներում, Նյու Ջերսի նահանգում և այլուր: Հատկանշական է, որ սիրված երգիչն իր բոլոր համերգները սկսում է «Ես իմ անուշ Հայաստանի երգով»:
Չարենցի այս բանաստեղծությունը հայկական պոեզիայի ամենագեղեցիկ գոհարներից մեկն է: Երգը, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի գրած հիասքանչ երաժշտությամբ, գերելով ունկնդրին, դարձել է խորհրդանշական ամբողջ հայության համար: Պատահական չէր, որ Խորհրդային շրջանում ստեղծված (1955 թվականի սեպտեմբերի 5-ին) «Հայկական հանրային հեռուստաընկերության» ծրագրի հաղորդումներն ամեն օր սկսվում էին հենց այս հրաշալի երգով:
Զորի Բալայանի «Երկու կրակի մեջ» գրքում (Սովետակիան գրող հրատարակչություն, Երևան, 136 էջ, 1979թ.), որտեղ նկարագրված են Բեյրութում 1978 թվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, 103-րդ էջում հիշատակվում է նաև սիրելի երգիչ Նշան Ջրաղացպանյանը. «Վարձել էին «Սուֆարա» կինոդահլիճը: Անշլագ էր: Ամբողջ եկամուտը հատկացվելու էր հայկական դպրոցին: Դա իսկական տոն էր հայկական համայնքի համար: Ես երբեք դահլիճի նման ակտիվություն չէի տեսել: Երբեմն չէր լսվում երգչի ձայնը: Մարդիկ ձայնակցում էին տեղերից: Միաձայն: Ծափ էին զարկում նվագախմբի ռիթմին համապատասխան»:
Երգիչ Նշան Ջաղացպանյանը երգում է ավելի քան 300 երգ: Զարմանալի ուժեղ հիշողություն ունի սիրված երգիչը, որ կարողանում է 80 տարեկան հասակում անգամ անգիր և բառ առ բառ հիշել իր, հիրավի, ընդարձակ երգացանկի բոլոր երգերը: Ըստ երևույթին, տարեց երգչին ուժ և առույգություն է հաղորդում նրա անսահման հայրենասիությունն ու նվիրվածությունն սիրելի հայրենիքի և փառապանծ, բայց բազմաչարչար ազգի հանդեպ: Նա տենոր է, ունի հաճելի, ականջ շոյող, հզոր ձայն, որն անմիջապես գերում է ունկնդրին: Պարոն Ն. Ջաղացպանյանի երգացանկի մոտ 120 երգերը ձայնագրված են՝ գլխավորապես իր իսկ նյութական միջոցներով: Նրա տեսահոլովակների ձայնագրությունները կարելի լսել համացանցում (nshan.tchagasbanian), միաժամանակ վայելելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերի շարժանկարներն ու լուսանկարները:
Նա այնպիսի սրտամոտ հայրենասիրական երգեր է երգում, ինչպիսիք են՝ «Ղարաբաղցին», «Անդրանիկի երգը», «Ղարաբաղցի մարտիկի երգը», «Ղարաբաղցի պատանու երգը», «Սոսե մայրիկ», «Գետաշեն», «Հայեր միացեք», «Միացեք հայեր», «Շուշիի հաղթանակին», «Գովք հայրենիքի», «Ես իմ անուշ Հայաստանի», «Մեր հայրենիք», «Գովք հայրենիքի», «Ազգ փառապանծ», «Իմ մայր Երևան», «Հայ ենք մենք», «Հայ որդիք», « Մեր հայոց բանակ» և այլն:
Նրա գուսանական և ժողովրդական երգերի ընտրանին ընդգրկում է այնպիսի սիրված երգեր, ինչպիսիք են՝ «Մայրիկ», «Ջուր կերթաս», «Հուշարձաններ», «Բարի հայրիկ», «Զեփյուռի նման», «Մեջլումի պես», «Երգիր ինձ համար», «Լեյլի յարի նման», «Հեռանալ չեմ կարող», «Պարտեզում վարդ է բացվել», «Այսօր իմ յարին տեսա», «Հարսանիք է հարսանիք», «Արդեն մութն ընկել է», «Նազելիս», «Քեզանից մաս չունեմ», «Յար ջան, արևիդ մեռնեմ», «Տխուր եմ, տրտում», «Բնչլիկ, մնչլիկ», «Մի բալա», «Յիս քու դիմաթըն չեմ գիտի», «Լուսնյակ գիշեր» և այլն:
Երգիչը մի առանձնահատուկ նվիրումով է կատարում ժողովրդի կողմից շատ սիրված գուսաններ Շահենի, Աշոտի, Շերամի, երգահան Կոմիտասի և աշուղ Սայաթ Նովայի երգերը: Նա իր երգացանկում ունի նաև կոմպոզիտորներ Ալեքսեյ Հեքիմյանի, Արշակ Խնդիրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Աշոտ Սաթյանի, քամանչահար Արտեմ Միջինյանի երգերը:
Նա ունի 30-40 երգ՝ գրված իր հարազատ քեռու, բանաստեղծ Գասպար Գապարյանի խոսքերի հիման վրա, ով ներկայումս ապրում է Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Նրա քեռու գրչին են պատկանում «Շուշիի հաղթանակին», «Հրանտ Դինքի անմահ հիշատակին», «Հովհաննես Բադալյանի հիշատակին», «Այցելություն Երևանին», «Երեկ խավարն էր», «Ղարաբաղ իմ, դու մեր աշխարհ», «Ձոն Ղարաբաղին», «Ղարաբաղցի պատանու կանչը», «Ղարաբաղցի մարտիկի երգը», «Բաժակաճառ», «Սոսե մայրիկ», «Հայ օգնության ֆոնդին», «Ղարաբաղի ֆիդայիներ», «Ղարաբաղ իմ», «Իմ մայր Երևան», «Եռաբլուր» և այլ երգերի խոսքերը: Երգիչը նաև մի շարք երգերի երաժշտության հեղինակն է, օրինակ՝ «Եռաբլուր», «Մեր հայոց բանակ», «Ներիր, որ ուշ եմ եկել տեսության», «Հրանտ Դինքի հիշատակին» և «Հովհաննես Բադալյանի հիշատակին»:
Սփյուռքահայ սիրված երգիչը երախտապարտ է իր մշտական ունկնդիրներին և, իհարկե՛, երջանկահիշատակ Հովհաննես Բադալյանի և Էդվարդ Միրզոյանի քաջալերանքներին, ինչպես նաև քեռուն՝ բանաստեղծ Գասպար Գասպարյանին և երաժիշտ քեռորդուն՝ Սարգիս Գասպարյանին՝ իրեն մեծապես օժանդակելու համար:
Պարոն Ն. Ջաղացպանյանը խորապես համոզված է, որ հայկական հայրենասիրական երգերը զգալիորեն բարձրացնում են զինվորների մարտական ոգին, կոփում ու դաստիարակում են նրանց: Այդ պատճառով նա պատրաստ է այցելել արցախյան և հայաստանյան սահմանամերձ զորամասերը, չնայած Հայաստանի, Արցախի և Կալիֆորնիայի միջև եղած ահռելի՝ 12000 կմ հեռավորությանը, իր առաջացած տարիքին և համերգներով հանդես գալ մեր սիրելի ու քաջարի զինվորների առջև:
Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 հունվարի, 2017թ.