Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառուկյանի վերադարձը

Հունվար 15,2017 12:00

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հետ կապված աժիոտաժը շատ ավելի աղմկոտ էր, քան կարելի էր սպասել: Փաստորեն, ժողովուրդը խնդրում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա: Թե՛ կուսակցական եւ թե՛ անկուսակցական ժողովուրդը: Ավելի ճիշտ՝ ժողովրդի մի ստվար զանգված: Որ այդ «խնդրող» զանգվածը չափազանց ստվար է՝ դրանում համոզվեցինք դեկտեմբերի 11-ին՝ Ծառուկյանի Գյումրի այցելության օրը: Դրանից մի քանի օր առաջ՝ երկրաշարժի տարելիցի օրը, վարչապետ Կարեն Կարապետյանն էր Գյումրի այցելել, բայց այս երկու այցելությունները դժվար է իրար հետ համեմատել:

Մարդաշատության իմաստով: Բարեգործության ու նվիրատվության իմաստով էլ է դժվար այս երկու այցելություններն իրար հետ համեմատել: Եթե հաշվի առնենք, որ ժողովուրդն ու ընտրողները Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հիմնական ու գլխավոր հատկանիշը համարում են բարեգործությունը, ապա կարելի է ասել, որ Ծառուկյանը երբեւէ չէր էլ հեռացել քաղաքականությունից: Այժմ արդեն վստահաբար կարող ենք ասել, որ ԲՀԿ առաջնորդը վերստին Գագիկ Ծառուկյանն է, չնայած վստահաբար կարող ենք ասել նաեւ, որ գործնականում Ծառուկյանը երբեւէ չէր էլ դադարել տվյալ կուսակցության առաջնորդը հանդիսանալ՝ թե՛ ԲՀԿ-ականների եւ թե՛ ԲՀԿ-ն լքածների համար: Ծառուկյանն անխտիր բոլոր ԲՀԿ-ականների համար է անառարկելի հեղինակություն: Բայց Գյումրիի այցելությունից պարզ դարձավ, որ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին ոչ միայն ԲՀԿ-ականներն են շնչակտուր սպասում, այլեւ լիքը անկուսակցականներ, ովքեր Ծառուկյանին փրկիչ են համարում եւ քաղաքականություն նրա վերադարձը՝ փրկություն:

Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլորն են դրական վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին: «Բոլորը» ասելով՝ այլ քաղաքական ուժերին նկատի ունենք: Նաեւ նրանց, ովքեր Ծառուկյանին լուրջ քաղաքական գործիչ չեն համարում, բայց այդ մասին չեն բարձրաձայնում: Կամ վախենում են, կամ էլ զգուշանում են: Կամ էլ՝ հույս ունեն ԲՀԿ-ի հետ նախընտրական դաշինքի մեջ մտնել: «Բոլորը» ասելով՝ հավասարապես նկատի ունենք թե՛ ընդդիմադիրներին եւ թե՛ իշխանամետներին: Իսկ որ ԲՀԿ-ի հետ միեւնույն դաշինքի մեջ գտնվելն այս պահի դրությամբ ձեռնտու է շատերին՝ ակնհայտ է: Ինչ վերաբերում է վերստին Ծառուկյանով համալրված ու վերազինված ԲՀԿ-ին, վերջինս ընտրություններին մասնակցության բազմազան հնարավորություններ ու տարբերակներ ունի:

Մի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը նախընտրական իրադարձությունների կենտրոնում է: Ավելի ճիշտ՝ հանդիսանում է նախընտրական իրադարձությունների կենտրոնը: Եվ, ըստ ամենայնի, շարունակելու է հանդիսանալ: Կար ժամանակ, որ Տիգրան Կարապետիչն էր իրեն «կենտրոն» հայտարարում, բայց, ըստ որոշ լրատվամիջոցների, հիմա Կարապետիչն ինքն է փորձում Ծառուկյանի հետ միավորվելու եւ դաշինքի մեջ մտնելու ուղիներ գտնել: Հնչակ Լյուդմիլա Սարգսյանն էլ է ակնարկել, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ի ցուցակով մասնակցի Ազգային ժողովի ընտրություններին: Մինչդեռ ինքը՝ Ծառուկյանը, որեւէ կոնկրետ բան չի ակնարկում: Իր փոխարեն ուրիշները լիուլի խոսում են՝ իր ռուսամետության, իր բարեգործության եւ իր ամեն ինչի մասին:

Ինչեւէ. բոլորը Ծառուկյանի փոխարեն լիուլի խոսում են, եւ բոլորը համաձայն են Ծառուկյանի հետ դաշինքով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Մնում է ինքը՝ Ծառուկյանը, համաձայնի:

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, որ եթե ժողովուրդն իրեն խնդրի, ինքը քաղաքականություն կվերադառնա: Ժողովուրդն առաջին նախագահին առանձնապես չխնդրեց, բայց վերջինս քաղաքականություն վերադարձավ, ընդ որում՝ բավական թափով ու շռնդալից: Փոխարենը ժողովուրդը Գագիկ Ծառուկյանին խնդրեց, ավելի ճիշտ՝ շարունակում է խնդրել: Չնայած Ծառուկյանն իրեն խնդրողներին կեսբերան «այո» ասել է, չար լեզուներն ասում են, որ, հնարավոր է, վերջին պահին Ծառուկյանը փոշմանի եւ քաղաքականություն չվերադառնա: Չար լեզուները նաեւ ասում են, որ Ծառուկյանի վերադարձը ուղղակիորեն կախված է նաեւ գործող նախագահի կամքից: Շատ հնարավոր է, որ գործող նախագահը չցանկանա Ծառուկյանի վերադարձը: Նույնքան հնարավոր է, որ ցանկանա: Որովհետեւ Գագիկ Ծառուկյանի միջոցով հնարավոր է ցանկացած այլ ընդդիմադիրի դեմն առնել: Ներառյալ Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի: Եթե, իհարկե, անհրաժեշտություն առաջանա: Իշխանությունների համար ամենատհաճն այն կլինի, եթե Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա եւ դաշինք կազմի ընդդիմադիրներից որոշների հետ: Եվ իշխանությունները հատկապես այդ տարբերակից պիտի փորձեն խուսափել:
Ինչեւէ, շատ չմնաց. շուտով կյանքն այս բոլոր հարցերի պատասխանները մեկ առ մեկ կտա: Բայց մեզ ոչ այնքան այս հարցերի պատասխաններն են հետաքրքրում, ինչքան ինքը՝ Ծառուկյանը: Բայց ինչքան էլ հետաքրքրի, մենք ի վիճակի չենք հասկանալ ու մանավանդ բացատրել Ծառուկյան կոչվող երեւույթը:
Որովհետեւ Ծառուկյանն ինքներս ենք: Որովհետեւ առանց մեզ Ծառուկյանը ոչ բարեգործ կարող էր լինել եւ ոչ էլ մանավանդ՝ քաղաքական գործիչ: Եվ մեզանից շատերին թվում է, թե՝ եթե Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա, անձամբ իրենք են քաղաքականություն վերադառնալու:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկապես,քիչ մնաց և այս գուշակությունները հազիվ թե տեղին էին…

  2. Անկեղծ կարծիք says:

    Եթե կարողանա վերադառնալուց հրաժարվել, իր համար չարի փոքրը կլինի: Առածն ասում է՝ էշին նստելը մի այիբ (խայտառակություն) է, ցած ընկնելը երկրորդ: Հիմա որ նորից նստի կլինի 3 – ը, իսկ որ նորից վեր ընկնի (այսինքը գցեն) կդառնա 4 – ը! Այ, որ մեծ շուխուրով բոլորին հայտնի տեղն ուղարկի՝ իր համար ամենաճիշտը կանի:

  3. Մխո says:

    Ընտրությունները ինչքան մոտենում են, այդքան նմանատիպ նյութերի հոսքն է մեծանում: Գագիկ Ծառուկյանը ասել է, որ կհայտարարի իր որոշման մասին, գուշակություններ անելու և ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու փոխարեն համբերենք մի փոքր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031