Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից դոպինգի եւ որակազրկման ու ժամանակավոր հեռացման տարբերության մասին

Հունվար 14,2017 21:40

Համացանցում դոպինգային սկանդալի մեջ ներքաշված հայ «նոր» ծանրորդի անուն է հայտնվել: Նա Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած 94 կգ քաշային Նորայր Վարդանյանն է՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին, որի մասին գրում են, թե ՄՕԿ-ը նրան որակազրկել է:

Aravot.am-ը թեմայի շուրջ կրկին զրուցեց Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի եւ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:

Արեգ Հովհաննիսյանը եւս մեկ անգամ փաստեց, որ այս պահի դրությամբ ոչ Տիգրան Գ. Մարտիրոսյանի, ոչ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ ոչ էլ Նորայր Վարդանյանի որակազրկման մասին պաշտոնական հայտարարություն չկա՝ նրանք ընդամենը ժամանակավորապես հեռացված են: Նա հերթական անգամ կրկնեց, որ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ոչ մի մարզիկի չի որակազրկում: Դոպինգ ստուգումների արդյունքներով ՄՕԿ-ը իրավասու է կարգազանց մարզիկից ետ վերցնել մեդալը կամ գրաված տեղը եւ կարգազանց մարզիկի գործն ուղարկել համապատասխան միջազգային ֆեդերացիա, որին էլ վերապահված է որակազրկելու կամ չորակազրկելու իրավունքը:

Փաշիկ Ալավերդյանն արդեն հոգնել է նույն բանը բացատրելուց: Բայց Նորայր Վարդանյանի առիթով  նշեց. «Որակազրկման մասին տեղեկությունը ճիշտ չէ, դա ռուսական լրատվամիջոցներում ԱՄՆ-ի դեմ ծավալված քարոզչության արդյունք է, որի «զոհ» դառնում են նաեւ մեր լրատվամիջոցները: Ռուսաստանը պատասխան է տալիս Ամերիկային, որը իր որոշ մարզիկներին ու թիմերը Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու գործում մեծ դերակատարություն ունի: Նորայր Վարդանյանը, որ Լոնդոնում զբաղեցրել էր 11-րդ տեղը, դրանից հետո արդեն քանի տարի հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել, անգամ ԱՄՆ-ը 2015 թվականին ներկայացրել է ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունում: Եվ քանի որ Նորայր Վարդանյանը Ամերիկայի քաղաքացի է, ռուսները նրա միջոցով իրենց հակաքայլն են անում՝ հատուկ ընդգծելով, որ ամերիկացի մարզիկը նույնպես դոպինգ է օգտագործել»:

Իսկ հարցին, թե Նորայր Վարդանյանի դոպինգ անալիզի մեջ արգելված նյութ հայտնաբերվել է, երբ նա Լոնդոնում հանդես էր գալիս Հայաստանից, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Նորայր Վարդանյանը ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվել, երբ տակավին մանուկ էր: Ամերիկայում է նա սկսել զբաղվել ծանրամարտով, 2008 թվականի դարձել է այդ երկրի չեմպիոն: Մենք չգիտենք, թե նա այնտեղ ինչ է արել: Այո, նա 2009 թվականին տեղափոխվել է Հայաստան եւ որպես Ամերիկայի չեմպիոն ընդգրկվել հավաքական:

Բայց այդ ընթացքում նա շատ հաճախ է մեկնել Ամերիկա: Մի բան էլ. մինչեւ 2012 թվականը Հայաստանում, որպես այդպիսին, հակադոպինգային նորմալ ծառայություն, կարելի է ասել, գրեթե չկար: Ես իմ վերջին ասուլիսում հայտարարել եմ, որ այն տարիներին աշխարհի գրեթե բոլոր ծանրորդները եւ ոչ միայն նրանք, մոտավորապես նույն կարգավիճակում են եղել եւ եթե այն տարիների բոլոր մարզիկների սրվակները բացեն, չեմ կասկածում, իմ ասածը կհաստատվի: Իսկ որեւէ մեկը փորձո՞ւմ է հասկանալ, թե ինչու հենց Նորայր Վարդանյանի անունը մեջտեղ եկավ, երբ նա Լոնդոնում  մեդալակիր չէր դարձել, այլ ընդամենը զբաղեցրել էր 11-րդ տեղը: Երկու պատճառ կա: Մեկը՝ ռուսների մասին, արդեն ասացի, երկրորդն այն է, որ նա Ռիոյի խաղերին մասնակցելու հայտ էր ներկայացրել: Իսկ եթե հիշում էք, որոշում էր կայացվել վերաբացել Պեկինի եւ Լոնդոնի բոլոր այն մասնակիցների դոպինգ սրվակները, որոնք Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել եւ պատրաստվում են մասնակցել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031