ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույց է հրապարակել ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ ընտրական համակարգի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս դիտորդական առաքելություն ուղարկել, եւ նշում, որ դրա համար անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների հրավերը:
Զեկույցի՝ նախընտրական քարոզարշավը եւ դրա ֆինանսավորումը բաժնում գրված է, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ մասնակիցներին տրվում են անվճար եւ վճարովի եթերաժամ, պաստառները փակցնելու համար նախատեսված տեղեր, ընտրողների հետ հանդիպելու համար նախատեսված տարածքներից օգտվելու հավասար հնարավորություն:
Զեկույցի համաձայն` նոր Ընտրական օրենսգրքով արգելվում է քարոզարշավ անցկացնել պաշտոնական գործունեության ընթացքում, ընտրական շտաբները տեղակայել, ինչպես նաեւ պաստառներ փակցնել պետական մարմինների զբաղեցրած շենքերում:
Կարդացեք նաև
«Հետեւելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԳՐԵԿՈ-ի առաջարկություններին, ուժեղացվել է քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը: Այժմ Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) անկախ կարգավիճակը, եւ մասնակիցներից պահանջվում է ստուգման նպատակով ՎՎԾ-ին պարբերաբար մանրամասն հաշվետվություն ներկայացնել նախընտրական հիմնադրամների ֆինանսական հոսքերի վերաբերյալ: Նախընտրական հիմնադրամի եւ ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների տվյալները տեղադրվում են ԿԸՀ համացանցային կայքում, ընդհուպ մինչեւ ընտրությունների օրվան նախորդող օրը»,-գրված է զեկույցում:
Ըստ զեկույցի` հաշվի է առնվել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված մեկ այլ առաջարկություն՝ մեկ դիտորդի կողմից խախտում կատարելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող ամբողջ կազմակերպությանը հավատարմագրումից կամայական կերպով զրկելու հնարավորությունից խուսափելը։
Զեկույցում նշված է, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ գործունեություն է ծավալում, եւ կարող է ազատ գործել։ Քաղաքացիական հասարակությունը կարեւոր դեր է ունեցել ընտրական բարեփոխումներում, բայց շատ դեպքերում համաձայն չի եղել բարեփոխումների վերջնական տարբերակին։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ