Այսօր կայացավ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համաժողովը:
Ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց մասնակիցների Ամանորն եւ Սուրբ Ծնունդը, մաղթեց առողջություն եւ հաջողություններ նոր մրցաշրջանում, որից հետո հայտարարելով, որ ֆեդերացիան պարգեւատրություն է սահմանել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայող սուսերամարտիկների համար, առաջարկեց մի փոքր խախտել օրակարգային հարցերի հերթականությունը: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում զոհված հայ հերոս զինվորների հիշատակը, որից հետո Արմեն Գրիգորյանը սուսերամարտիկներ Հենրիկ Ղարագյոզյանին, Էմիլ Դանիելյանին եւ Արթուր Պետրոսյանին պարգեւատրեց «Հայրենիքի պաշտպանության եւ արիության համար» շնորհակալագրերով:
Ֆեդերացիան նաեւ որոշել էր տարբեր զինատեսակների 2016 լավագույն մարզիկներին եւ նրանց մարզիչներին: Ըստ անվանակարգերի հավաստագրերի եւ հուշանվերների արժանացան ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանն ու նրա մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը, խոցասուսերակիր Էդվարդ Օվիկյանն ու մարզիչ Արմեն Նավասարդյանը, աղջիկներից՝ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան եւ մարզիչ Արտաշ Մադոյանը:
Կարդացեք նաև
Այս արարողություններից հետո համաժողովն անցավ բուն օրակարգին: Արմեն Գրիգորյանը համառոտ ներկայացրեց 2013-2016 թթ. միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների, ազգային այլ ֆեդերացիաների հետ հաստատված շփումներն ու համագործակցությունը, որոնք արդյունավետ են եղել, որից հետո հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների հանգամանալի հաշվետվությամբ հանդես եկավ գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը: Նրա ներկայացմամբ, ֆեդերացիայի նպատակային գործունեության արդյունքում միջազգային ֆեդերացիան որոշել է 2018 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը կազմակերպել Երեւանում, «Դինամո» մարզահամալիրում: Երկրորդ կարեւոր ձեռքբերումը ստացած 50 հազար եվրո արժողությամբ գույքային աջակցությունն է, որը բաշխվել է մարզադպրոցներին: 2013-2016 թվականների ընթացքում կազմակերպվել է ավելի քան 50 միջոցառում՝ հանրապետության պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների առաջնություններ, գավաթների խաղարկություններ, մասնակցություն աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնց ընթացքում հայ սուսերամարտիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 86 մեդալ՝ 23 ոսկե, 24 արծաթե եւ 37բրոնզե: Կազմակերպվել են նաեւ մարզիկների ուսումնամարզական հավաքներ, մարզիչների վերապատրաստման դասընթացներ, այդ թվում նաեւ միջազգային: Այս հարցերում ֆեդերացիային աջակցել են սպորտի պետական կառույցը, ՀԱՕԿ-ը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ինչպես նաեւ միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները:
Հաշվետվությունից հետո համաժողովը ֆեդերացիայի աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում գնահատեց բավարար:
Օրակարգային հարցերը սպառվեցին ֆեդերացիայի նախագահի եւ տեղակալների, գլխավոր քարտուղարի եւ գործկոմի կազմի ընտրության քվեարկությամբ: Միաձայն սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Գրիգորյանը, իսկ նոր գործկոմի կազմը համալրվեց երկու կին անդամով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ