ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը:
Ներկայացնելով մեջլիսում կատարվածը` Փայլանը պատմեց. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանության մասին, օրակարգ եմ բերել ցեղասպանության և առերեսման հարցը` այդ թվում և մեջլիսի ամբիոնից: Սահմանադրական փոփոխությունների հարցով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիայի մեջ է մտել ազգայնականների հետ: Նրանք այժմ գաղափարախոսական առումով հակված են ազգայնականությանը: Երեկ երեկոյան ես ասացի, որ պետք է առերեսվել ցեղասպանությանը, որպեսզի մեր օրերում նույն սխալը չկրկնենք»: Հայ պատգամավորը հայտնեց, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ճնշման տակ իշխող կուսակցությունը հայտարարեց իրեն մեջլիսի 3 նիստերից հեռացնելու պատիժ սահմանելու մասին: «ԱԶԿ-ն նման պատիժ սահմանեց` չնայած, որ դա գոյություն չունի մեջլիսի կանոնակարգում: Պատժվեցի անօրինական ձևով»,- նշեց Փայլանը:
Նա փաստեց, որ երկրում տիրող ազգայնական մթնոլորտում ավելի են սահմանափակվել ազատությունները, և եթե մինչև վերջերս Հայոց ցեղասպանություն ասելը տաբու չէր, ապա այժմ իրավիճակը փոխվել է: «Նոր իրողության պայմաններում «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելը կրկին ընկալվում է որպես հանցանք: Եթե նորից ասեմ այդ բառը, գուցե նույն պատիժը տան, սակայն ես չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ: Դիմել եմ իրավական միջոցների: Այս պահին նախապատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումս: Պատրաստվում եմ դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կարծում եմ կհաջողեմ»,- ասաց Փայլանը:
Սպառնալիքներ ստանալու վերաբերյալ հարցին ի պատասխան` պատգամավորը նշեց, որ բնականաբար դրանք կան, իսկ վերջին շրջանում անգամ ավելացել են, սակայն իր կողքին կա սատարողների մեծ բանակ: «Բացասական արձագանքներ, բնականաբար, կան, քանի որ ազգայնական մթնոլորտում ենք ապրում: Սակայն աջակիցներ ևս ունեմ, և ես շարունակում եմ իմ պայքարը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Արաքս Կասյան