Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումներն ՀՀ-ում առաջիկա ընտրությունների վերաբերյալ. «Ընտրողների գրանցումը պասիվ է»

Հունվար 14,2017 17:59

Հունվարի 12-ին հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետեւելու համար Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների հրավերը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում գրված է՝ «Կարեւոր է, որ ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների եւ լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձեւավորելուն»:

«Նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ»,- գրված է զեկույցում, եւ այդ առաջարկություններից որոշները վերաբերում էին ընտրողների ցուցակներին եւ նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին եւ դիմումներին, ինչպես նաեւ քարոզչությանը եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը»:

Ըստ զեկույցի, ընտրողների գրանցումը պասիվ է, ոստիկանությունը վարում է ընտրողների համազգային էլեկտրոնային գրանցամատյան: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից որեւէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության առնչությամբ: Ընտրության օրն առաջին անգամ բոլոր ընտրողների մատնահետքերը եւ նույնականացման քարտերը կսկանավորվեն եւ կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց:

Զեկույցում տեղ գտած դրական արձանագրություններից է այն, որ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները՝ արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով: Սա, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցների,  վստահության մթնոլորտ ձեւավորող միջոց եւ հնարավոր խարդախությունը կանխելու գործիք է:

Իսկ ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետներն, ըստ զեկույցի,  ողջամիտ են:  Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին

Արձագանքելով, քաղաքացի-տեղական դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու եւ ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է:

Իրավական դաշտի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումներն են՝ բարեփոխման գործընթացը եղել է բաց եւ համապարփակ,  փոփոխությունները հավանության են արժանացել իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից: Նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում եւ թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաեւ հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը եւ բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցների մեծ մասը ողջունել է օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ:

Զեկույցի դիտարկումներից են՝ «Սեպտեմբերի 13-ին իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները ստորագրել են քաղաքական համաձայնագիր ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմանները բարելավելու համար հետագա միջոցառումների մասին: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նույնպես ներգրավվել են այս բանակցություններում, թեեւ նրանք չեն ստորագրել վերջնական համաձայնագիրը, քանի որ իրենց՝ որպես քաղաքացի դիտորդների համար նախատեսված սահմանափակումները նվազեցնելու կոչերը հաշվի չեն առնվել»:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031