Միակ տրամաբանությունը, որ նկատվում է այժմ եւ որը որոշ առումով կարող է նորություն լինել` այս ենթադրության տեղիքն է տալիս: ՀՀԿ ցուցակը, ըստ որոշ ենթադրությունների, չեն գլխավորելու ոչ Կարեն Կարապետյանը մշտական բնակության ցենզի հարուցած խնդիրների պատճառով (չնայած ԿԸՀ նախագահն ասում է, թե դա քննարկելը վաղը է), ոչ Սերժ Սարգսյանը: Սա առաջին հայացքից կարող է տեխնիկական բնույթի խնդիր թվալ, բայց խորքային հայացքն այլ բաներ է հուշում: Միգուցե դա լավ մտածված այն քայլն է, որը որոշ առումով մի փոքր փոխելու է ապագա խորհրդարանի պատկերը, ըստ այդմ էլ` հետագա գործընթացները: Ասենք` եթե ՀՀԿ ցուցակը գլխավորեն երկրորդ էշելոնի կուսակցական գործիչները, սա ստույգ նշան կլինի հանրության համար առանձնապես ՀՀԿ-ի համար չջանալու, իսկ եթե ընտրություններին մասնակցեն Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորը` ԲՀԿ-ով եւ ընդդիմություն գործուղված Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը, ապա այս երկու միավորները եւ ՀՀԿ-ն (ՀՅԴ-ի կոալիցիոն ձայներով հանդերձ) կարող են ՀՀԿ-ի հետ հավասարապես խորհրդարանի տեղերի մի գերակշիռ մասը իրենցով անել` ստեղծելով կարկատանային մեծամասնություն, որը ոչ մեկի առաջ պարտավորություն չի ունենա, բացի նրանից, ով իրենց տանում է իշխանության:
Ի՞նչ կստացվի` ՀՀԿ-ն միայնակ ոչինչ չի կարողանա որոշել, ինչպես, ի դեպ, բոլոր մյուս միավորները, ու նրանք բոլորն էլ կարող են կատարել ՀՀԿ այսօրվա ղեկավարի եւ մի տարի դեռեւս գործող նախագահի ցանկությունները, իսկ վերջինս, այսպիսով, փոքրիկ իշխանափոխություն կիրականացնի` ազատվելով մեկ կուսակցության մեծամասնությունից ու պարտադրանքից, բավարարելով մյուս խաղացողների ախորժակը եւ դրանից հետո մտածելով, թե ում ձեռքում պետք է լինեն երկրի գլխավոր լծակները: Ահա սա է, որ կարող էր անխափան գործող սցենար լինել, եթե դրան կարող է խանգարող չլինի: Իսկ խանգարել դեռ կարող են: Հենց, ասենք, Գագիկ Ծառուկյանը, որն ըստ արտահոսքերի, ժամանակին քաղաքականությունը լքելիս այնպիսի սթրեսի մեջ է եղել, որը հիմա, այնուամենայնիվ, նրան կարող է հետ պահել նորից նույն վիճակում հայտնվելու փորձանքից: Մանավանդ` քաղաքականություն վերադառնալ նրան խորհուրդ տվողների կողքին կան նաեւ ազդեցիկ ֆիգուրներ, որոնք աշխատում են նրան հետ պահել այդպիսի որոշումից:
Կան նաեւ ընդդիմության փոքրիկ միավորներ, ասենք` «Ելք» դաշինքը, որը կարող է եւ մեծանալ, կամ ասենք այնպիսի ֆիգուրներ, որոնք, միանալով այս կամ այն միավորին, կարող են բավական որոշիչ գործոն դառնալ, դրանցից մեկը Խաչատուր Սուքիասյանն է: Այնպես որ գլխավոր ու երեւացող սցենարի գործողությունը դեռ կախված կլինի իրական ընդդիմադիր բեւեռի կայանալ-չկայանալուց, ինչպես նաեւ իշխանական նախագծերի տիկնիկավարների ամբիցիաների չափից: Իսկ ընտրողը պարզապես փորձարարական այս ողջ լաբորատորիայի համար նույնքան փորձարարական սոցիումն է, սակայն ապակու դրսի կողմում:
Մարիետա Խաչատրյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում