Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի վրա հարձակված ադրբեջանցու դին և մի քիչ հող. «Ազգ»

Հունվար 14,2017 10:26

Ընդունենք, որ իսկապես միջազգային իրավունքի տեսանկյունից, իրոք անթույլատրելի է հակառակորդ կողմի դիերը պահելը եւ դրանք իրենց երկրներին չհանձնելը։ Եթե հիշում եք, երբ ադրբեջանական կողմը հրաժարվում էր հայկական կողմին հանձնել իր խոցած հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերը (որոնք հայկական կողմը իրականացրած փայլուն օպերացիայի արդյունքում դուրս բերեց չեզոք գոտուց), այդ ժամանակ էլ Մինսկի խումբը Ադրբեջանից էր պահանջումՙ վերադարձնել դիերը։

Այսինքն` այստեղ այնքան էլ ճիշտ չէ նշել, թե Մինսկի խումբը ճնշում է Երեւանին, փոխարենը պետք է նշել, որ Մինսկի խմբի եւ ողջ միջազգային հանրության համար իրոք անթույլատրելի է հակառակորդի դիերը պահելը։ Այստեղ առաջանում է ամենաուշագրավ հարցը։ Այդ պարագայում, ինչո՞ւ է Երեւանը պահում ադրբեջանցու դին։ Հասկանալի է, որ ինչ-որ նպատակ ուներ, բայց ի՞նչ։ Չի բացառվում, որ այդ դին այն անհերքելի ապացույցներից մեկն էր, որոնց հայկական կողմը տիրապետում է, ըստ որոնց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել եւ հետեւաբար Երեւանը չէր ցանկանա զրկվել իր տիրապետած անհերքելի ապացույցներից թեկուզ մեկից ու սպասում էր Մինսկի խմբի համանատասխան արձագանքին։ Մինսկի խմբի արձագանքն էլ համապատասխան չեղավ եւ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն աննախադեպ արագ եւ, եթե կարելի էՙ նուրբ-կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը։

Նախարար Նալբանդյանը հայտարարեց. «Հուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում։ Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»։ Նալբանդյանի այս` թվացյալ նուրբ հայտարարությունը իրականում կոշտ է, քանի որ սրանով ՀՀ արտգործնախարարը փաստորեն հասկացնում է Մինսկի խմբի համանախագահներին, որ Երեւանը նրանցից հայտարարություն էր պահանջում (ակնկալում), ոչ թե դեպքից 12 օր անց, այլ` անհապաղ, եւ ավելի հասցեական, խստորեն դատապարտող, ինչը փաստորեն, տեղի չունեցավ։ Ավելին, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը ադրբեջանցու դին Բաքվին չի հանձնել հենց այս նպատակով, քանի որ ակնկալել է ստանալ Մինսկի խմբի այնպիսի հայտարարություն, որտեղ ներկայացվի Ադրբեջանի նախահարձակ լինելը։ Չմոռնանք, որ նախքան Մինսկի խմբի հայտարարությունը, երբ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին, թե ե՞րբ է հանձնվելու Ադրբեջանին նրա սպանված դիվերսանտի դին կամ հանձնվելո՞ւ է արդյոք, ՊՆ-ից պատասխանել էին, որ այդ հարցերով զբաղվում է Կարմիր խաչը կամ ՀՀ ԱԳՆ-ն։ Այսինքն հենց ՀՀ ԱԳՆ-ի պլաններում է եղել դիվերսանտի դին չհանձնելը։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Շատ չվախենաք, բայց մի սարսափելի բան։ Այն, որ Նոր տարում, 2017-ի առաջին օրերին աշխատել է Մինսկի խումբը, աշխատել է Բաքուն, ավելին այս երկուսը միասին էլ են աշխատել, իսկ Երեւանն իր անհերքելի ապացույցներն ամուր փակած` համբերատար սպասել է, թե երբ պետք է Վաշինգտոնից, Մոսկվայից եւ Փարիզից դիմեն իրեն, որ այդ ապացույցները ներկայացնի։ Բանն այն է, որ եթե Մինսկի խմբի հայտարարությունը փաստորեն անտեսում է հայկական կողմի տիրապետած անհերքելի ապացույցները, փոխարենը պահանջում անհապաղ հանձնել սպանված ադրբեջանցու դին (այդ ապացույցներից մեկը, եթե ոչ միակը), կնշանակի, որ եռանախագահներն իրենց հայտարարությամբ ամբողջությամբ բավարարում են Բաքվի շահերը…

Թե ի՞նչ կորոշի այսքանից հետո Երեւանը, հանձնե՞լ դին, թե՞ որեւէ այլ լուծում գտնել այս խնդիրը լուծելու, որը հենց Երեւանն էլ ստեղծեց ինքն իր համար, դժվար է ասել։ Մի բան միանշանակ է։ Մինսկի խմբի հետ աշխատել է պետք, բայց ոչ թե Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ՀՀ Սահմանադրությունից առավել պահպանելով, կամ ադրբեջանցի դիվերանսատների (որոնք էլի են լինելու) դիերը (որոնք եւս էլի են լինելու) սառը-սառը պահելով, այլ մի քիչ տաքանալով։ Սահմանի՞ն, չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ սահմանը տաք պահող Ադրբեջանի պահանջով Մինսկի խումբը պահանջում է Հայաստանից անհապաղ Ադրբեջանին հանձնել սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին… Եւ հարակից շրջանները` համաձայն մադրիդյան սկզբունքների։

Հովիկ Աֆյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031