Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուռ տվածների» մասին

Հունվար 14,2017 10:00

«Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ»: Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրում են հազարավոր «զտարյուն» հայեր, որոնց ծնողները, տատերը, պապերը, կանայք եւ երեխաները հայ են, եւ որոնք, սակայն, կորցնում են կապը հայոց լեզվի եւ մշակույթի հետ, իրենց երեխաներին ու թոռներին դրդում են այդ ամենը մոռանալ: Եվ այդ երեխաներն ու թոռները նույնպես, շատ հավանական է, կամուսնանան հայերի հետ եւ «հայի գենն» ամբողջությամբ կպահպանեն, բայց շատ կարեւոր բան կկորցնեն ու կդառնան «հայկական արմատներով» ռուս կամ ամերիկացի:

Նրանք, ովքեր փոխում են իրենց ազգը, կրոնը, սոցիալական կարգավիճակը, հաճախ ավելի ագրեսիվ են լինում իրենց «նախկին կարգավիճակի» մարդկանց հանդեպ, քան օտարները: Թերեւս գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում են ապացուցել, որ իրենց ընտրությունը ճիշտ էր, եւ նոր կարգավիճակը շատ ավելի գերադասելի է: Այդպես է, ի դեպ, նաեւ արտերկրում ապրող նախկին հայաստանցիների դեպքում, որոնք պատրաստ են, օրինակ, հավատալ, որ Հայաստանի փողոցներում մարդիկ ուշաթափ են լինում սովից՝ դա նրանց արտասահմանյան կյանքին իմաստ է տալիս: Այդպես բաժանված կանանցից ոմանք ատում են իրենց նախկին ամուսիններին:

Այդպիսիների համար կա հունական ծագում ունեցող «նեոֆիտ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «նոր մկրտված», «նոր հավատ ստացած», գուցե «շուռ տվա՞ծ»: «Գենի» մասին դատարկ խոսակցությունների փոխարեն գուցե խոսենք «շուռ տվածների» մասին: Ես նկատի ունեմ ոչ միայն ազգությունն ու կրոնը: Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում կա մի ուշագրավ դրվագ: Գործողությունը ծավալվում է ԱՄՆ-ում՝ 19-րդ դարի կեսերին: Ստրկատիրոջ ավագ ծառան, սեղանապետը, որը սեւամորթ է, երբ տեսնում է մեկ այլ սեւամորթի, որը պատրաստվում է ապրել «իրեն վստահված տանը» որպես հյուր, սրտնեղած բողոքում է տիրոջը՝ «այդ կեղտոտ նիգերը քնելու է սպիտակ մարդկանց անկողնո՞ւմ»: Ինքը՝ սեղանապետը, մոռանում է, որ ինքը նույնպես սեւամորթ է, եւ հանդես է գալիս իբրեւ ավելի ագրեսիվ ռասիստ, քան սպիտակները:

Ահա այս դրվագն է, որ առավել ցայտուն կերպով ցույց է տալիս ստրուկի հոգեբանությունը: Որքան էլ նա փոխի իր կարգավիճակը, սեղանապետ կամ նույնիսկ օլիգարխ դառնա, նա չի ցանկանա ազատ ապրել եւ, իհարկե, չի ցանկանա նաեւ, որ ուրիշներն ազատ լինեն: Նրա ցանկությունն է ծառայել տիրոջը, որքան հնարավոր է շատ ստրուկներ ունենալ եւ վարվել նրանց հետ ճիշտ այնպես, ինչպես տերն է վարվում իր հետ:

Ստրկատիրությունը վաղուց արդեն վերացել է աշխարհի երեսից, ստրկամտությունը շարունակում է ապրել եւ բարգավաճել: Մարդը կարող է ապարանքներ, զբոսանավեր եւ շքեղ մեքենաներ ունենալ, բայց միեւնույն է՝ մնալ ստրուկ: Դրա «ախտանշանը» երեւում է շատ պարզ. նա իրենից թույլ, իրենից կախված մարդկանց հետ վարվում է ստրուկների նման:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. araqel says:

    “Շուռ տված” տերմինը հայերենում օգտագործվում էր հիմնականում “բաքվեցի” հայերի նկատմամբ, ովքեր քննադատում էին իրենց ազգը ի հակադրություն ազերիների, որոնց համարում էին ավելի լավը

  2. Լավատես says:

    Նրանք, ովքեր ուրանում են իրենց արմատները կոչվում են կամ քաղքենիներ կամ գեղցիներ: Նրանք, ովքեր իբր թե սիրում են իրենց ազգը, բայց ատում են ուրիշներին, ովքեր սիրում են իրենց սեփական ազգը՝ դրանք նույնպես անմակարդակ լուսանցքայինների կամ սադրիչների դասին են պատկանում: Երբ ծաղրում են ազգային արժեքները՝ դրանք մարդատյած անմակարդակ սադրիչներ են, որոնց համար ուրիշ ազգերի հանդեպ մարդասիրությունը անթույլատրելի հանցագործություն է: Կարճ ասած՝ բարեկամիդ թե թշնամուդ հանդեպ քո վերաբերմունքը պետք է կախված լինի ոչ թե նրա վերաբերմունքից, այլ նրանից, թե որքանով է այդ վերաբերմունքը համապատասխանում քեզ համար սրբություն հանդիսացող՝ որոնց համար պատրաստ ես կյանքդ տաս, սկզբունքներից: Դրա համար պետք է ունենալ հստակ սուրբ ազգային սկզբունքներ:

  3. Հ.Շ. says:

    Արդարեւ, խնդրոյ առարկայ նիւթը «գենի» չափանիշով բնորոշելը չի դիմանար տրամաբանության, կը հակադրվի բացահայտ իրականության, եւ կը տանի դէպի վերլուծական փակուղի: Նոյնիսկ առիթ կու տայ հանգելու զայն այդ ճամբով արծարծողի ցանկացած եզրակացութեան հակառակին:

    Հետեւաբար, այո, այս Խմբագրականում պարզաբանված մօտեցումը նախընտրելի է, անդրադառնալու համար՝ հայրենասիրութեան չգոյութեան, ազգային գիտակցութեան պակասորդի եւ ընդհանրապէս օտարների հետ/մէջ անէացման եւ ձուլումի մեր օրհասական հիմնախնդրին:

  4. Մարատ says:

    Գտնում եմ, որ նեոֆիտներին ճիշտ կլինի կոչել ՛՛արմյաշկա՛՛ տերմինով, իսկ առաջինը դրանց այդպես է բնորոշել Մեծն Ռափայել Պատկանյանը:

  5. Ruben says:

    Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի այդ ուշագրավ դրվագը կարող եք տեսնել ամեն օր մուտք գործելով Ռուսաստանի հայերի միություն, ՌՀՄ, ք. Մոսկվա (ռուս.՝ Союз армян России, САР, г. Москва):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031