Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի՞

Հունվար 14,2017 16:30

«Գազպրոմ»-ին հաջողվեց հասնել նպատակին.
Վրաստանը գազի տարանցիկության համար կստանա ավելի քիչ գումար

Երկու օր առաջ Վրաստանի կառավարությունն ի վերջո որոշում է կայացրել ռուսական «Գազպրոմ» ընկերության առաջարկին համաձայնություն տալու վերաբերյալ: Այլեւս Հայաստան մատակարարվող կապույտ վառելիքի դիմաց «Գազպրոմը» Վրաստանին կվճարի տարանցման կոնկրետ գումար: Այս բանակցությունները ձգվում էին մեկուկես տարուց ավելի` վրացական կառավարության համար դառնալով բուռն քննադատության առիթ: Հիշեցնենք. «Գազպրոմի» ղեկավարությունը վրացական կողմին խիստ պահանջ էր ներկայացրել: Ըստ այդմ՝ Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող բնական գազի դիմաց ռուսական ընկերությունը այլեւս վճարելու է հաստատված վճար: Ցայսօր ռուսական ընկերությունը Վրաստանին վճարում է գազատարով անցնող գազի ծավալի 10 տոկոսը՝ հումքի տեսքով: Այդ պայմանին Թբիլիսին չէր համաձայնվում, ինչն էլ երկարացնում էր բանակցությունների ընթացքը: Իրենց առաջարկը չընդունելու դեպքում «Գազպրոմը» սպառնում է դադարեցնել Վրաստանի միջով գազամատակարարումը Հայաստանին: Հայաստանի գազի մատակարարն այդ դեպքում դառնալու էր իրանական կողմը: Այդ դեպքում Վրաստանը կորցնելու էր ոչ միայն տրանզիտային գումարները, այլ նաեւ գազի այն ծավալը, որը ստանում է Ռուսաստանից: Մասնագետները պնդում էին, որ ադրբեջանական գազով այդ պակասն առնվազն մի քանի տարի հնարավոր չի լինի լրացնել:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ադրբեջանական նավթագազային «Սոկար» ընկերության ղեկավարությունը պնդում էին` ունակ են ամբողջությամբ ապահովելու Վրաստանի գազի պահանջարկը:

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այս պնդումները դեռ մեկ տարի առաջ էր ունակ համարում: Իր կարծիքով՝ հատկապես ձմռան ամիսներին Վրաստանում ավելանում են գազի սպառման ծավալները, ուստի Վրաստանին Ադրբեջանից մատակարարվող խողովակի թողունակությունը չի բավականացնում. խնդիրը կարող է լուծվել միայն խողովակաշարի փոխարինմամբ կամ Վրաստանի տարածքում գազի պահման հսկայական ռեզերվուարների կառուցման դեպքում, իսկ դրա համար կպահանջվեն միլիոնավոր դոլարի ներդրումներ: «Գազպրոմի» եւ Վրաստանի կառավարության շուրջ ձեռք բերված համաձայնության շուրջ «Առավոտը» զրուցել է վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ:

– Երկարատեւ բանակցություններից հետո, ի վերջո, ինչպե՞ս հնարավոր եղավ համաձայնությունը ռուսական եւ վրացական կողմերի միջեւ:

– Բանակցությունների վերջին գրեթե մեկուկեստարյա փուլը, համաձայն եմ, երկարատեւ էր, բայց կարծում եմ՝ կարեւորն այն է, որ կողմերը դժգոհ չեն ձեռք բերված պայմանավորվածությամբ հաստատված պայմաններից: Նշված հարցի շուրջ միմյանց հետ երկխոսելու նախաձեռնողն, ըստ էության, «Գազպրոմ» ընկերությունն էր, եւ, փաստորեն, վերջինս հասավ իր նպատակին, թեեւ որոշակի «գնային զեղչեր» ռուսական կողմը եւս կիրառել է: Այսինքն՝ կողմերը փոխզիջման են գնացել:

– Վրաստանի գազամատակարարման առաջատար խաղացողը ադրբեջանական «Սոկար» ընկերությունն է. ինչպե՞ս է կարողանում «Գազպրոմը» մրցակցել վերջինիս հետ, ավելին՝ նոր պայմաններով պայմանագիր կնքել վրացական կողմի հետ:

– Խնդիրն իրականում ավելի պարզ է, քան թվում է, սակայն առկա է քաղաքական եւ տնտեսական գործոնների փունջ: Թբիլիսին, որպես կանոն, հայտարարում է, որ առաջնորդվում է սեփական երկրի շահերի իրացմամբ, սակայն նախորդ տարվա գարնանը իր իսկ սահմանած սկզբունքը խախտելու քայլ կատարեց: Խոսքս վրաց-ադրբեջանական գազային վերջին պայմանավորվածության մասին է, որով Վրաստանը ստանում էր իրեն անհրաժեշտ գազի լրացուցիչ ծավալները, ինչպես նաեւ հնարավորություն էր ունենում մերժելու տրանզիտային հումքը ֆիքսված գումարով փոխարինելու ռուսական կողմի պայմանը: Ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ նշված պայմանավորվածությունը չի իրագործվում, ինչը կարող է բացատրվել նրանով, որ ադրբեջանցիներն ի սկզբանե փորձել են «բլեֆ» անել՝ նպատակ ունենալով ձախողել ռուս-վրացական հիշյալ բանակցությունները կամ մեկ այլ հնարավոր տարբերակ: Վրաստանի իշխանությունները մի կողմից՝ փորձեցին ժամանակ շահել. առջեւում խորհրդարանական ընտրություններն էին, եւ հակառուսականությամբ լցված հասարակության հատվածին հավելյալ գրգռելու հավանականությունից անհրաժեշտ էր զերծ պահել: Իսկ մյուս կողմից՝ Թբիլիսին գազամատակարարման մրցակցությունն ավելի սրեց: Հիմնական նպատակն, անշուշտ, ռուսներից ավելի վրացանպաստ պայմաններ կորզելն էր: Արդյունքում շահող կողմ դուրս եկավ նաեւ Վրաստանի կառավարությունը, քանի որ մրցուղի հանելով վերոնշյալ երկու ընկերություններին՝ ստացավ ավելի էժան գնով գազ ստանալու հնարավորություն: Այսինքն՝ կարելի է փաստել, որ բացի ռուսական կողմից՝ վերջնարդյունքը բավարար էր նաեւ վրացիների համար:

– Ի վերջո, ինչպիսի՞ն են հաստատված փոխհամաձայնության պայմանները, եւ ինչ-որ բան կշահի՞ հայկական կողմն այս համաձայնությունից:

– Արդեն իսկ պարզ է, որ Վրաստանն անհրաժեշտ լրացուցիչ գազի ծավալները կարող է «Գազպրոմից» գնել 185 դոլարով՝ նախկին 215-ի փոխարեն: Այսինքն՝ ավելի մատչելի: Իսկ նախկին 10 տոկոսի հումքի տեսքով տրանզիտային վճարի չափը չի բացահայտվում: Սակայն այն լինելու է գումարային արտահայտությամբ ավելի ցածր: Փաստորեն, ռուսական կողմն այդտեղ խնայողություն է ունենում, ինչի արդյունքում դժվար է պնդել, սակայն հնարավոր է՝ հետագայում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը եւս նվազի: Իր հերթին դա հնարավորություն կստեղծի նվազեցնել նաեւ Իրանից մատակարարվող գազի սակագինը: Այսինքն՝ վերոնշյալ գործընթացը, կարծես, նոր է զարգանում, եւ քննարկված ոլորտում տեսանելի ապագայում դրական արդյունքներ կարող ենք ակնկալել:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031