Լրահոս
Օրվա լրահոսը

«Թյորբորն Յագլանդի հայտարարությունն ինձ համար բացարձակ անընդունելի է»

Հունվար 14,2017 16:00

Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի չէ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, երբ հայկական կողմից չեղավ համարժեք արձագանք,
ԵԽ գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է անում:

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը երեկ հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բացարձակապես համաձայն չէ ԵԽ գլխավոր քարտուղարի այդ հայտարարության հետ: Սակայն միեւնույն ժամանակ փաստեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հայտարարությունից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից չեղավ համարժեք արձագանք, ամենեւին իր համար զարմանալի չէր Յագլանդի այս հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարն իր հայտարարության մեջ, համանախագահների նման, կրկին քննադատության սլաքն ուղղելով Հայաստանին՝ ամրագրել է. «Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում եւ մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, եւ որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը եւ լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը՝ համաձայն 2010թ. Աստրախանի գագաթնաժողովի համաձայնության՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը»:

Նաիրա Զոհրաբյանն այս առիթով նշեց. «Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ սովորաբար իր հայտարարություններում զգույշ, չափավոր եւ երբեք կոռեկտության սահմանները չանցնող Յագլանդն այսօր նման հայտարարություն է անում: Զարմանալի չէ, քանի որ երբ երկու-երեք օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անբովանդակ եւ շատ ավելի գռեհիկ հայտարարություն արեցին, մեր դիվանագիտությունը, մեր արտաքին դիվանագիտական կորպուսը հերթական անգամ դրսեւորեց իր անճարակությունը, եւ փոխանակ ամենաբարձր դիվանագիտական մակարդակով հիշեցնեին ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ մարդասիրության մասին պիտի հիշեին նաեւ այն ժամանակ, երբ մենք պահանջում էինք գոնե վերադարձնել մեր գլխատված զինվորների գլուխները կամ անդամահատված ձեռքերն ու ոտքերը, երբ ադրբեջանական կողմը դիմացի բլուրից ցույց էր տալիս Քյարամ Սլոյանի գլուխը, ինչից տեղյակ էին նաեւ համանախագահները եւ պարոն Անջեյ Կասպրչիկը, այդ ժամանակ Մինսկի խումբը, չգիտես ինչու, մարդասիրության մասին չէր մտապահում»:

Տիկին Զոհրաբյանի համար ցավալի ու վիրավորական է ՀՀ արտաքին կառույցների, դիվանագիտության անզորությունն ու անճարակությունը. «Թույլի հետ խոսում են այս կերպ եւ խոսում են դոմինանտ դիրքերից: Սա փաստ է»:

Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ Թյորբորն Յագլանդը երբեք չի խախտել կոռեկտության սահմանները, բայց այժմ զարմանալի է նրա ուղերձի նման ձեւակերպումները. «Նա միշտ շատ ավելի սթափ ու առողջ գնահատականներով հանդես եկող գործիչ է եղել: Բայց երբ նա տեսնում է Մինսկի խմբին, որը խախտելով դիվանագիտական բոլոր ընդունված նորմերը՝ Հայաստանին մեղադրանք է ներկայացնում, եւ հայկական դիվանագիտությունը խխունջի մեջ մտած լռում է, բնականաբար, Յագլանդը, մարդ, որը բացարձակ անտեղյակ է հակամարտության նրբություններին եւ մասնագետ չէ Ղարաբաղյան հակամարտությանը, ենթադրում է, որ մեղավորը հայկական կողմն է»:

Տիկին Զոհրաբյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ «այդ ադրբեջանցի զինվորը խփվել է հայկական կողմում, այսինքն` սահմանը հատելիս, ուստի նման հայտարարությունների տարածման մեջ որեւէ մեկը մեղավոր չէ, այլ մեղավորը մեր դիվանագիտությունն է, որ համարժեք պատասխան տալուց վախենում է»:

Հետաքրքրվեցինք` առնվազն ի՞նչ քայլերի պետք է դիմեր ՀՀ դիվանագիտական կորպուսը: Տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Առնվազն նոտա պետք է ուղարկեր Մինսկի խմբին` ասելով, որ բողոքարկում են եւ չեն ընդունում անհավասարակշռված եւ միակողմանի հայտարարությունը` չզգուշանալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ գերտերություններն իրենց ականջները կոլորեին»:

Մեր այն դիտարկմանը` գուցե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությո՞ւնը հանդես գա դատապարտող հայտարարությամբ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Պատվիրակության հայտարարությունն ընդամենը խորհրդարանականների հայտարարություն է: Ես պատվիրակության անդամ եմ եւ որպես պատվիրակության անդամ` ասում եմ, որ չեմ ընդունում Յագլանդի հայտարարությունը, որն ինձ համար բացարձակ անընդունելի է: Նաեւ հայտարարում եմ, որ Մինսկի խումբը նման հայտարարություն անելուց հետո չի կարող անաչառ լինել որպես բանակցային մանդատ ունեցող մարմին: Բայց դա չի կարող դիտվել որպես երկրի արտաքին դիվանագիտական կորպուսի հայտարարություն»:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ` մեկ օր առաջ իր գրավոր անհամաձայնությունն է ուղարկել համանախագահներին, իսկ այսօր կուղարկի նաեւ Թյորբորն Յագլանդին: Եզրափակելով՝ Նաիրա Զոհրաբյանը փաստեց. «Իմ տեսակետն ընդամենը ԵԽԽՎ անդամ պատգամավորի տեսակետ է: Այստեղ իր ձայնը պետք է բարձրացնի պետությունը եւ առաջին հերթին՝ ՀՀ ԱԳՆ-ն»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

13.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031