Այդ գումարը տրամադրվել է Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի համար
Երեկ կառավարությունը որոշեց լուծարել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը ստեղծվել էր 2009 թվականին եւ իրականացնում էր «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը: Ավելի պարզ ասած՝ այս ՓԲԸ-ն պետք էր Իրան-Հայաստան երկաթուղին, այսպես ասած, երազանքից իրականություն դարձներ:
Ընդ որում, 2014 թվականի փետրվարին Երեւանում «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին վստահեցրել էր, որ նախատեսում են սկսել երկաթուղու շինարարությունը 2017-ին, եւ աշխատանքներին արդեն ներգրավվել են «Չինաստանի հաղորդակցային ընկերությունը» (CCCC), որը նախագծի գլխավոր կապալառուն է:
Բորկովսկին նաեւ ասել էր, որ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու է «Ռասիա ՖԶԷ»-ի եւ CCCC-ի կողմից, եւ ՀՀ կառավարության կողմից ներդրումներ չեն պահանջվում, եւ այն ֆինանսական պարտավորություններ չի կրում:
Եվ հիմա, 8 տարի գործելուց հետո, «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն որոշվեց լուծարել: Այս 8 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից այս ՓԲԸ-ին հատկացվել է 318 միլիոն 400 հազար դրամ:
«Առավոտը» տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հետաքրքրվեց, թե այս տարիների ընթացքում, սկսած 2009 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածը, որքա՞ն գումար է հատկացվել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին. «2009 թվականին՝ ընկերության ստեղծման տարում, ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար հատկացվել է 27 միլիոն դրամ: 2010-ին՝ 43 միլիոն 500 հազար դրամ: Իսկ մնացած տարիներին պահպանման համար է գումար տրամադրվել»:
Կարդացեք նաև
Արդեն 2011 թվականից սկսած՝ այս ընկերության պահպանման ծախսերն են, ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության, 2011-ին՝ 43.5 միլիոն դրամ, 2012 թվականին՝ 43.5 միլիոն դրամ, 2013 թվականին՝ 43 միլիոն 900 հազար դրամ, 2014-ին՝ 39 միլիոն դրամ, 2015-ին՝ 39 միլիոն դրամ, 2016-ին եւս՝ 39 միլիոն դրամ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 8 տարիների ընթացքում այս ընկերությանը անհասկանալի է, թե ինչու, պետական բյուջեից եւ հարկատուների հաշվին տրամադրվել է 318 միլիոն 400 հազար դրամ:
8 տարիների ընթացքում երբեւէ որեւէ պաշտոնյա գոնե չի հերքել, որ երկաթգիծը չի կառուցվելու, հիմա էլ նույնն են վստահեցնում, ու երբեւէ հաշվետվություն չի ներկայացվել, թե 318 միլիոնը ինչպես է ծախսվել, կոնկրետ ինչ են արել:
Ծախսերի հաշվետվությունը նախարարությունից «Առավոտին» խոստացան տրամադրել առաջիկայում:
Ընկերության լուծարման հիմնավորման մեջ նշված է. «Քանի որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման եւ կառուցման նկատմամբ վերահսկողությունից՝ չունի այլ գործառույթներ, ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է ՓԲԸ-ն լուծարել»:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ նախատեսվում էր, որ երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած պետք է լիներ կամուրջներից եւ 60 թունելներից, պետք է ունենար 27 կայարան: «Ռասիա ՖԶԷ»-ի ներկայացուցիչ Բորկովսկին վստահեցրել էր, որ «Հայաստանի Հարավային երկաթուղին», որի շահագործումը նախատեսվում էր սկսել 2022 թվականին, ամենակարճ ճանապարհով կկապի Ասիան եւ Կենտրոնական Եվրոպան, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 3.2 միլիարդ դոլար: Այն ժամանակ վստահեցնում էին, որ շինարարությունը կտեւի մինչեւ 6 տարի:
Իսկ թե ի՞նչ աշխատանքներ է կատարել 8 տարիների ընթացքում այս ՓԲԸ-ն, համենայնդեպս՝ մինչ օրս որեւէ ակնառու, տեսանելի եւ շոշափելի բան չի նկատել հանրությունը, միայն պաշտոնյաների հուսադրող հայտարարություններ են լսվել:
Արդյոք անիմաստ ծախսեր չե՞ն եղել. երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրել է՝ աշխատել են. «Ոչ, անիմաստ չի աշխատել, աշխատանքներ տարել է, քննարկումներ է արել: Այդ ընթացքում ունենք պայմանագիր կոնցեսիոն կառավարչի հետ, որը ուսումնասիրություն է արել, թե քանի թունել է հարկավոր, քանի կամուրջ, աշխատել են: Քիչ աշխատանք չի կատարվել»:
Դեռ 2014-ին «Ռասիա ՖԶԷ»-ի նախագահ Բորկովսկին Հայաստանում հայտարարել էր, որ երկաթուղին ունենալու է 84 կամուրջ եւ 60 թունել, 304.7 կիլոմետր երկարություն:
Հիմա էլ նախարար Մարտիրոսյանը վստահեցնում է, որ շարունակելու են Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի աշխատանքները, դրանք կատարելու է նախարարության կազմում գործող երկաթուղու վարչությունը:
Ու մինչ օրս երկաթուղու շինարարությունը միայն քննարկման փուլում է, ներդրողներ չկան, բայց աշխատում են այդ ուղղությամբ: Համենայնդեպս, այդպես է վստահեցրել նախարարը:
Թե երբ այն իրականություն կդառնա՝ նախարարը ժամկետներ չի նշել:
Որքանո՞վ է այս երկաթգիծը հետաքրքիր ներդրողների համար, քանի որ Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակն էլ նման ծրագիր է իրականացնում. նախարարն այս հարցին ի պատասխան՝ կրկին վստահեցրել է, որ Հայաստանով անցնող այս երկաթգիծը հետաքրքիր է, քանի որ այն տարանցիկ ամենակարճ ճանապարհն է Իրանից. «Տրանսպորտային փոխադրումներ կատարվում են ե՛ւ Թուրքիայով, ե՛ւ Ադրբեջանով, ե՛ւ Հայաստանով, դա նոր ուղի է, չեմ կարծում, որ Հայաստանը դուրս կմնա»:
Թե Հայաստանի հանրությանը էլի քանի՞ տարի նման հույսերով, հայտարարություններով կկերակրի կառավարությունը, քանի հարյուր միլիոններ կհատկացնի նախագծի շարունակության համար, ու արդյոք մի քանի տարի հետո «խաչ չե՞ն քաշի» տարիներով ձգվող ու անարդյունավետ ծախսեր պահանջող նախագծի վրա՝ դժվար է ասել, երեւի կառավարությունում էլ չգիտեն:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
13.01.2017