«Գրիշա Հակոբյանին նախաքննական մարմնի կողմից առաջադրված էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում էր 5-10 տարի ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում էր տուգանք, կալանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Անցյալ տարեվերջին, Արարատի եւ Վայոց ձորի դատարանի դատավճռից, բնականաբար, բավարարված եմ: Ինչ վերաբերում է 1 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկմանը, ապա կարծում եմ, որ խիստ էր: Բողոքարկման հարցը, բնականաբար, պատժի մասով դեռ պաշտպանյալիս հետ չենք քննարկել»-երեկ «Առավոտին» ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Գրիշա Հակոբյանի պաշտպանությունը ստանձնած Լիպարիտ Սիմոնյանը:
Գրիշա Հակոբյանը մեղադրվել էր 2016 թվականի հունվարի 26-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում տեղի ունեցած դեպքի համար:
Մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության համաձայն, նա իր կնոջ եղբայր Մելքոն Մելքոնյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, ոչ սթափ վիճակում, կնոջ մյուս եղբայր Պարույր Մելքոնյանի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու պատճառով վիճել էր Պարույրի, մյուս եղբոր՝ Ֆրունզի հետ: Վեճի ժամանակ նա իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել էր Ֆրունզ Մելքոնյանի որովայնին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, լյարդի, ստամոքսի վնասումների, ներքին արյունահոսության ձեւով, այնուհետեւ նույն դանակով հարվածել է Պարույր Մելքոնյանի կրծքավանդակին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերքի, ձախակողմյան հեմոթորաքսի ձեւով:
Ռ. Մ.
Կարդացեք նաև
«Առավոտ»
13.01.2017