Մերի Պոպովայի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով, իսկ նրա՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը թողել է անփոփոխ` մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Սերգեյ Սավչենկոն ազատազրկվեց 5 տարի ժամկետով։ Նա կալանավորված է:
Իշխանության ներկայացուցչի դեմ կատարված ոտնձգությունների համար ամբաստանյալ Սավչենկոն իրեն մեղավոր էր ճանաչել մասնակիորեն, ընդունելով, որ ոստիկանին դիմադրություն է ցույց տվել, իսկ այն, թե ոստիկանության մեքենայից իջնելուց հետո ինքը փախչելու փորձ է կատարել, չընդունեց, ասաց՝ անգամ մտադրություն չի ունեցել, այլ, որ ցանկացել է վրդովված կնոջը հանգստացնել։
Նա ծառայողական մեքենայում ավտոմեքենայի արեւիկով հարվածել էր ոստիկանության տեսուչ Անդրանիկին. «Անդրանիկին խնդրեցի, որ գոնե կնոջս հանդարտեցնելու նպատակով թույլատրի իջնել մեքենայից, սակայն մերժվեցի եւ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ` վրդովված, արեւիկով հարվածեցի ոստիկանի դեմքի ուղղությամբ»։
Ինչպես էին հայտնվել նրանք ոստիկանության ավտոմեքենայում:
2016թ. մայիսի 26-ին Սերգեյը կնոջ՝ Մերի Պոպովայի հետ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկում վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 34 RT 968 հ/հ ավտոմեքենան՝ թույլ էր տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում։ ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցները ձայնային ազդանշանով կանգնեցրել են Ս. Սավչենկոյի վարած ավտոմեքենան եւ պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը։ Ս. Սավչենկոն հայտարարել է, թե վարորդական իրավունքի վկայական չունի: ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Անդրանիկ Քամալյանը ու Արեգ Դավթյանը Ս. Սավչենկոյին առաջարկել են նստել իրենց ծառայողական ավտոմեքենան։ Ս. Սավչենկոն նստել է ոստիկանության ՃՈ ծառայողական ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, որտեղ ոստիկանության աշխատակիցները պահանջել են ինքնությունը պարզելու, սթափության վիճակը ստուգելու համար իրենց հետ գնալ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Ս. Սավչենկոն չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, հանել է իր դիմաց մեքենայում տեղադրված արեւիկը եւ հարվածել է ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրանիկ Քամալյանի դեմքին, որից հետո սկսել է քաշքշել նրան։ Ա. Քամալյանը, բռնելով Ս. Սավչենկոյի ձեռքերից, փորձել է կանխել վերջինիս փախուստը։ Այդ նկատելով՝ Մ.Պոպովան մոտեցել է նրան, փորձել է ըստ էության օգնել ամուսնուն, քաշքշել է ոստիկանի համազգեստից եւ «առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել` ոտքով մեկ անգամ հարվածել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրանիկ Քամալյանի ձախ ծնկին»։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
13.01.2017