Վերջերս ԲՍՓԳ տարածքային հանձնաժողովի հերթական քննությունն այնպիսի փորձաքար դարձավ ինձ համար, որ անգամ ամիսներ անցնելիս էլ չեն սպիանում հասցրած «վերքերը»: Հինգերորդ անգամն էի անցնում այդ քննությունը, խնդիրս է՝ ողնաշարի ճողվածք 4-5-րդ ողերի արանքում, որը թույլ չի տալիս ողջ աջ ոտքս զգալ, չեմ կարողանում քայլել, 24 ժամ ցավերն ու այրոցքները ուղեկցում են ինձ գոտկատեղի շրջանում եւ արդեն զույգ ոտքիս վրա, կաղում եմ, երբեմն ձեռնափայտ եմ վերցնում կամ շարժվում մեկնումեկի օգնությամբ, ունեմ աջ ոտքի պարեզ (գործում առկա է 4 տարի առաջ արված էլեկտրամկանագրությունը):
Մեծ էր զարմանքս, երբ հերթական բժշկական քննությունն անցնելիս ողջ կազմով փոխված հանձնաժողովի նախագահ տիկին Անահիտը պնդեց, որ իմ ունեցած 3-րդ կարգը ստանալու համար եւս մի քննության պետք է ներկայանամ մի այլ տեղում… Պատասխանեցի, որ իրենք արդեն այլընտրանք են՝ ողջ փոխված կազմով, որ ես 2-րդ խումբ չեմ ուզում, չեմ բողոքում ունեցածս կարգից, չնայած, որ արդեն ձախ ոտքս էլ չեմ զգում (ինչում իրենք արդեն համոզվել էին նյարդաբանի մուրճիկի հարվածներին չարձագանքելիս եւ բզով ծակելիս), ինչո՞ւ են ինձ փորձում դռնեդուռ գցել, երբ ինքնուրույն էլ չեմ շարժվում, մեկն էլ գործից պետք է կտրվի՝ ինձ տանի: Պատճառաբանեցին, թե իմ ունեցած ողնաշարի MRT հետազոտությունը 4 տարվա վաղեմություն ունի, պետք է այն թարմացնել:
– Ձեր կարծիքով՝ իմ ունեցած ախտորոշման պարագայում հիվանդի վիճակը գնալով լավանո՞ւմ է, առանց վիրահատական միջամտության, թե՞ հակառակը…ձեր ասելով ես անարդարացի՞ եմ ստացել հիվանդության խումբը, այս գործելաոճով չե՞ք մտածում, որ վիրավորում եւ ստվեր եք գցում ձեր նախորդ հանձնաժողովի աշխատողների վրա, որոնց ես երբեւէ ոչ կաշառել եմ եւ ոչ սիրաշահել… կարող եմ չենթարկվել ձեր հանիրավի պահանջներին, գրեք, որ հիվանդը հրաժարվեց կրկնակի քննությունից, փորձառու մասնագետներ եք, երեկվա շրջանավարտները չեք, մուրճով բազմակի հարվածեցիք, բզով աջ ոտքս վերից վար քրքրեցիք, անգամ ազդրս, տեսաք, որ ռեակցիա չկա, կարո՞ղ է գիտեք երկրորդ Կամո եք հայտնաբերել, ձեզ ոչինչ չի՞ ասում հիվանդի օբյեկտիվ վիճակը, ձեր պահանջած հետազոտությունները ֆինանսական լուրջ ծախսեր են ենթադրում, որ ես չունեմ, ես իմ իրավունքները գիտակցում եմ, լրագրող եմ եւ հրապարակային հնչեցում կստանա ձեր աշխատաոճը,- ասացի ես:
– Դա ձեր մասնագիտական իրավունքն է,-հանգիստ ասաց հանձնաժողովի նախագահը եւ ավելացրեց, որ կարող եմ հետազոտությունները պետպատվերով իրականացնել:
– Այդ էտապն էլ եմ անցել ժամանակին, առողջապահության երբեմնի նախարար Դավիդյանի պետպատվերի ուղեգիրն այդպես էլ 2012թ. օգոստոս- սեպտեմբերին չիրականացավ, քանզի ԱԺ ընտրությունների տարին հավանական պաշտոնաթողության վախից ամենուրեք պետպատվերը պարպել էին, ստիպված էի իմ միջոցներով անել:
– Ձեր ոտքի թաթը կախված չի,- փորձեց նախագահին օգնության հասնել նյարդաբանը:
– Ոտքս սնուցող նյարդը հո կտրված չի՞, որ ոտնաթաթս կախված լիներ, ճզմված է,- բացատրեցի ես:
Այո՛, մեծ ցավ ու վիրավորանք էր այս բժիշկների պահվածքը (ոչ մի հարց չտվեց հանձնաժողովի տղամարդ անդամը, նա լուռ հետեւում էր, ես նրան խղճում էի նմանների հետ աշխատելու համար, ո՞նց էր դիմանում): Նույն տեղում կանգնել չկարողանալու պատճառով, ես դժվարությամբ հետ ու առաջ էի անում սենյակում, երբ հանկարծ նկատեցի տիկին Անահիտի՝ մեծ բացված դարակից ինձ լայն «ժպտացող», ողջ երկայնքով փռված, մերկ 20 հազար դրամանոցը:
Այս պահի խորհուրդը հասկացա միայն հաջորդ օրը՝ առավոտը, որ ինձ փորձել են հուշել ու ես՝ անուղղելիս, չեմ հասկացել, ափսոսեցի, որ չեմ նկարել հեռախոսով: Տիկին Անահիտն ինձ առանձնազրույցի հրավիրեց կողքի սենյակ, ուր կայացավ գրեթե վերը շարադրածս եւ ասաց, որ ինձ խումբը տալիս է ռիսկի գնալով, լոկ իր պատասխանատվությամբ եւ երկար սպասեցրեց, մինչեւ որ կարգ շնորհեց ինձանից բավականին ուշ եկած տղամարդուն:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ»
13.01.2017