Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ հեքիաթագրի պիեսները բեմադրվում են նաեւ արտերկրում

Հունվար 14,2017 13:30

Էլֆիք Զոհրաբյանը հույս ունի,
որ խելամիտ որոշում կկայացվի պետական աջակցության մասին

Մերօրյա հեքիաթագրության մեջ իր ուրույն տեղն ունի դրամատուրգ, բանասիրական գիտությունների թեկնածու, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էլֆիք Զոհրաբյանը: Ասվածը ոչ թե ներկայացնելու շաբլոն ձեւ է, այլ իրականություն, փաստ: Այսպես. 2016թ. դեկտեմբերի վերջերին Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները Ն. Դումբաձեի անվան պետական թատրոնում ներկայացրին հայ հեքիաթասացի «Ա՜խ, այդ վհուկը» հեքիաթ-պիեսը, Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ռեժիսուրայով: Հիշյալ պիեսն արդեն բեմադրվել էր մի քանի թատրոնների կողմից, այդ թվում՝ 2009թ. Վանաձորում, 2010-ին՝ Շուշիում, 2013-ին՝ Գորիսում, 2015-ին՝ Երեւանում:

Վրաստանի հայալեզու պարբերականներից տեղեկանում ենք, որ տեղի կրտսեր հանդիսատեսի կողմից հեքիաթ-պիեսն արժանացել է ջերմ ընդունելության: Պատճառը ոչ միայն ստեղծագործության դինամիկ զարգացումն է գողտրիկ սյուժեով, այլեւ բեմադրության մեջ ընդգրկված երգերը, պարերը, մի խոսքով՝ ներկայացումը դիտարժան, ամբողջական դարձնող կարեւոր ստեղծագործական մոտեցումները եւս: Այս դեպքում՝ Մալխազ Իոբաշվիլու նկարչական ձեւավորումը, Նինա Կերվալիշվիլու խորեոգրաֆիան եւ այլն:

Տեսարաններ Թբիլիսիի պետթատրոնի «Ա՜խ, այդ վհուկը» ներկայացումից:

«Առավոտի» հետ զրույցում Էլֆիք Զոհրաբյանը հայտնեց, որ ամանորյա տոներին ադամյանցիները հյուրախաղերով հանդես են եկել Քվեմոքարթլիի հայաշատ վայրերում՝ ներկայացնելով դարձյալ «Ա՜խ, այդ վհուկը», նշելով, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Բայանդուրյանի հավաստմամբ՝ այդ հեքիաթ-պիեսը տեղ կգտնի խաղացանկում, ընդ որում՝ ոչ միայն որպես ամանորյա ներկայացում:

Վանաձորցի դերասանները՝ «Ա՜խ, այդ վհուկ»-ում:

Մեզ հետ զրույցում հեքիաթագիրը նշեց նաեւ, թե իր «Մկստանի պատմությունը» հեքիաթ-պիեսը անցյալ տարի դեկտեմբերին բեմադրվել է Մոսկվայի «Գավիթ» հայկական թատրոն-ստուդիայում՝ Մարիամ Մնացականյանի ռեժիսուրայով: Մենք էլ հիշեցնենք, որ նրա հեքիաթները 2016թ. արժանացան համահայկական ամենամեծ գրական մրցանակաբաշխության մրցանակներից մեկին՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում: Այս մրցանակաբաշխությունը հայտարարվել էր ՀՀ գրողների միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից եւ նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
Նշենք Զոհրաբյանի ամենամեծ ձեռքբերումը՝ ըստ մեզ. 2016թ. հեղինակի «Ամոթի գույնը» հեքիաթը՝ ներառված «7 գույն» անթոլոգիայում, թարգմանվեց անգլերեն: Իսկ անթոլոգիայում տեղ էին գտել 2015թ. IBBY մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի կողմից հայտարարված գրական մրցույթի հաղթողների գործերը եւս:

Մոսկվայի «Գավիթ» հայկական թատրոնի ստուդիայի սաները՝ «Մկստանի պատմությունը» ներկայացումից հետո:

2017թ. համար արվեստագետը պատրաստում էր իր «Հեքիաթներ» գիրքը, որը պետք է հրատարակվեր պետպատվերով, սակայն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ չեղյալ է հայտարարվել պետպատվերով հրատարակվող գրքերի ցանկը, ինչը անորոշության առջեւ է կանգնեցրել ոչ միայն մեր զրուցակցին: Այս առիթով Էլֆիք Զոհրաբյանն ասաց. «Հույսս չեմ կորցնում, որ այս տարի պետական աջակցության մասին կկայացվի խելամիտ որոշում եւ կտպագրվեն գեղարվեստական արժանիքներ ունեցող գրքեր»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.01.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031