Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Մենք բոլոր մրցումներին մեկնում ենք մեդալ նվաճելու համար՝ երիտասարդներին էլ այդ հնարավորությունը տալով»

Հունվար 14,2017 13:00

Այսօրվանից հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Ծաղկաձորում երկշաբաթյա ուսումնամարզական հավաքով սկսում են մրցաշրջան 2017-ը: «Առավոտը» զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

-Պարոն Ջուլֆալակյան, օլիմպիական տարին հաջող էր հունահռոմեական ըմբշամարտի համար, ինչի մասին շատ է ասվել ու գրվել: Մեկնարկում է 2017 թվականի մրցաշրջանը: Ի՞նչ կասեք:

-Բոլորս լավ գիտենք, որ նոր քառամյա շրջափուլի առաջին երկու տարիներին ձեւավորվում է նոր հավաքական: Մենք պետք է լիարժեք պատկերացում ունենանք, թե ինչ ներուժով ենք մոտենում 2019-2020 թվականներին, որպեսզի կազմենք հերթական օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ռեալ ծրագիր: Նոր երիտասարդներ են գալիս ազգային հավաքական, որոնք լուրջ քննություններ ունեն հանձնելու մարզումների, հավաքների եւ մրցումների ընթացքում: Այլ կերպ ասած, սերնդափոխություն է սկսվում: 2017 թվականն սկսում ենք ծաղկաձորյան երկշաբաթյա ուսումնամարզական հավաքով, որին հրավիրվել են թե մեծահասակների, թե երիտասարդական հավաքականների անդամները: Բայց մեծահասակներից ոչ բոլորն են լինելու: Մի մասը արդեն հունվարի 18-ին մեկնում է Իրան՝ մասնակցելու միջազգային ուժեղ մրցաշարի: Իսկ հավաքից հետո մեկ այլ խումբ կմեկնի Ֆրանսիա, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է կայանալու:
Այս տարի մենք հիմնականում երկու կարեւոր մեկնարկ ունենք. մայիսին Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը եւ օգոստոսին աշխարհի առաջնությունը՝ Ֆրանսիայում: Փորձելու ենք երկուսին էլ մոտենալ լավ մարզավիճակում եւ լավ հանդես գալ: Իհարկե, դրանց արանքում կլինեն պլանավորված հավաքներ եւ միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, նշածս մրցումներում որոշ քաշային կարգերում փորձարկումներ կանենք:

-Ազգային հավաքականում կա՞ն առաջատար ըմբիշներ, որոնք, հնարավոր է, ավարտեն մարզական կարիերան:

-Միայն Ռոման Ամոյանն է ասել, որ էլ չի շարունակելու: Մյուսները մնում են, շարունակում մարզվել, ինչպես նախորդ տարիներին:

-Երիտասղարդների մեջ տեսնո՞ւմ եք ըմբիշների, որոնք արդեն կարող են «խնդիրներ ստեղծել» իրենց ավագ թիմակիցների համար:

-Սերնդափոխությունն ընթացքի մեջ է ու ընթանում է բնականոն հունով: Փառք Աստծո, իմ աշխատած տարիներին դա մեզ մոտ լավ է ստացվել: Շտապելու հարկ չկա:

-Միջազգային պաշտոնական առաջին մեկնարկին՝ Եվրոպայի առաջնությանը, մեր բոլո՞ր առաջատար ըմբիշներն են մասնակցելու: Ասում են, սովորաբար, օլիմպիական խաղերին հաջորդող առաջին տարում առաջին համարները եւ մեդալակիրները որպես կանոն հանգստանում են:

-Դեռ չորս ամիս կա Եվրոպայի առաջնությանը եւ հիմա կոնկրետ պատասխան տալ չեմ կարող: Ժամանակը ցույց կտա: Իսկ թե որտեղի՞ց են գալիս առաջին համարների հանգստանալու մասին զրույցները, չգիտեմ: Համենայն դեպս, ես այդպես չեմ մտածում: Ով լավ մարզավիճակում կլինի ու պատրաստ, նա էլ կմասնակցի: Ինչ ասել է՝ առաջինները չեն մասնակցում: Ինչի չեմպիոն ուզում ես եղիր:

-Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն ի՞նչ նպատակ է հետապնդելու:

-Սա փուլային մարզումներից մեկն է, որի նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ մոտենալն է: Քանի որ դեկտեմբերին մենք ընդհանուր ֆիզպատրաստականության հավաք անցկացրել ենք, հիմա կլինեն հատուկ ֆիզպատրաստականության, գորգի՝ տեխնիկական կիրառական մարզումներ:

-Հետօլիմպիական առաջին տարում Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակցելը գլխավոր մարզչի համար ավելի շատ նոր ու հեռանկարային երիտասարդների ի հայտ բերե՞լն է, թե՞ մեդալներ նվաճելը:

-Երկուսն էլ: Նոր անունների ի հայտ գալը շատ ուրախալի է: Մենք բոլոր մրցումներին մեկնում ենք առաջնահերթ՝ մեդալի համար, նաեւ երիտասարդներին այդ մեդալները նվաճելու հնարավորություն ընձեռելով: Եվ ինչպես կյանքն է ցույց տալիս, կարողանում ենք ուրախացնել հայ երկրպագուին եւ բարձր պահել հայկական սպորտի դրոշը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

13.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031