Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր ինտելեկտ ունեցող անձի վրա ավելի արդյունավետ է ազդում բիբլիոթերապիան

Հունվար 14,2017 12:30

Շատերն են սիրում գիրք կարդալ, լինի նորարարական տեխնոլոգիաների միջոցով, թե զգալով գրքի թերթերն ու բույրը: Ոմանց համար այն զարգացվածության մակարդակ է, ինքնաճանաչողություն, կամ ուղղակի` ժամանց: Հոգեբանության մեջ գիրք կարդալը հոգեթերապեւտիկ ազդեցություն ունի, որը իրականացնում է մասնագետը:

Հոգեթերապեւտը պետք է քաջատեղյակ լինի գրականության բոլոր ուղղություններին, ճանաչի շատ հեղինակների, ընթերցի բազմաթիվ գրքեր ու ունենա գրական ստեղծագործություն վերլուծելու հմտություններ, որպեսզի առաջին հերթին ինքը հասկանա, թե որ գիրքը, որ հեղինակը եւ որ գրական ուղղությունը հոգեբանական տեսանկյունից անձի որ խնդրի վրա է ազդում: Սա, ըստ հոգեբան Մանուկ Խաչատրյանի, այն փուլերից մեկն է, որի միջոցով կատարվում է գրքաթերապիան:

Հոգեբանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս փուլը համարվում է հոգեբանի պատրաստվածության փուլ, որտեղ կիրառվող մեթոդը կկարողանա գտնել այցելուի աշխարհայացքին, անձնային առանձնահատություններին ու խնդրին համապատասխան «ճիշտ գիրք» եւ առաջարկել:

Հաջորդ փուլը, ըստ մասնագետի, այցելուի անձի ճանաչման, խնդրի բացահայտման, «ոլորտի» սահմանումն է, համապատասխան գրական ժանրի եւ ուղղության ընտրություն. «Այս ժամանակ օգտագործվում են հոգեթերապեւտին բնորոշ բոլոր հայտնի գիտելիքներն ու հմտությունները, իսկ այցելուի անձին առավել համապատասխան գրական ուղղություն ընտրելու հարցում կիրառվում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, «Ասեք Ձեր սիրած 5 գրքի անուն», «Ո՞ր գրքերն են ազդել Ձեզ վրա կյանքի որեւէ կարեւոր հարցում որոշում կայացնելու ժամանակ», «Ո՞ր գրական ուղղությունն ու ո՞ր հեղինակներն եք նախընտրում», «Ո՞ր գրական հերոսին եք Ձեզ նմանեցնում» եւ այլն»:

Այնուհետեւ կատարվում է գրքերի ընտրություն եւ ցուցակի կազմում՝ այցելուի հետ համատեղ, իսկ վերջում արդեն գրքերի ընթերցման եւ բուն աշխատանքի փուլ:
«Սա, այսպես կոչված, «հոգեբանական ազդեցության միջամտության» գործընթացն է, որտեղ հոգեբանը բանեցնում է գրքի հոգեբանական ազդեցության բոլոր մեխանիզմները եւ դրանց արդյունավետ ազդեցության գործիքները, ու սկսվում են այցելուի անձի ինքնաճանաչման, խնդրի ձեւակերպման, ռեֆլեքսիայի, որոշումների վերանայման, ներքին ռեսուրսների վերհանման եւ վերը նշված մյուս բոլոր գործընթացները: Այստեղ օգտագործվում են կոնկրետ տեխնիկաներ եւ մեթոդներ, ինչպիսիք են` գրքի վերլուծությունը, իրավիճակների քննարկումը, հոգեթերապեւտիկ զրույցը եւ այլն»,-ասաց Մանուկ Խաչատրյանը: Նրա կարծիքով, այս փուլում կարեւոր է, որ այցելուն ունենա նշումների օրագիր, որտեղ դուրս կգրի իր համար առանձնացրած կարեւոր մտքերը, իրավիճակները, լուծումները, ընթերցման ընթացքում առաջացած իր սեփական մտքերը, գրքում հանդիպած հերոսների այս կամ այն իրավիճակին հակազդման վարքային մոդելները, որոնք նրա համար ընդունելի են կամ անընդունելի, ծանոթ էին նրան կամ նոր էին:

«Բիբլիոթերապիայի ազդեցության արդյունավետության ու դրական առանձնահատկությունների մասին խոսելիս, հարկ է նաեւ նշել, որ այն բոլոր մյուս հոգեթերապեւտիկ ուղղությունների նման ունի ազդեցության որոշակի զորախումբ, ի դեմս այցելուների անձնային առանձնահատկությունների: Այսինքն՝ ոչ բոլոր այցելուների դեպքում է, որ արդյունավետ կլինի այս մեթոդը կիրառել: Տրամաբանական է, որ գիրք կարդալը, խորքային վերլուծություն կատարելը պահանջում են մտավոր բարձր կարողություններ, ուստի, հասկանալի է, որ որքան բարձր ինտելեկտ ու զարգացվածություն ունենա անձը, այնքան ավելի արդյունավետ կլինի նրա վրա բիբլիոթերապիայի ազդեցությունը»,- ասաց հոգեբանը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031