Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Մասնավորապես, ախտորոշվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի խնդիրները: Ըստ այդմ՝ կոռուպցիայի ցուցանիշների բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսության զարգացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման վրա: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կոռուպցիան բացառող կամ նվազեցնող համակարգերի ձևավորումը, պաշտոնատար անձանց բարեվարքությունը, օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը թույլ չի տալիս կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալել: Պաշտոնատար անձանց բարեվարքության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ հասարակության կողմից պաշտոնյաների հաշվետվելիությունը մեծացնող հայտարարագրման համակարգում բացակայում է հայտարարագրման ոլորտում խախտումների համար պատասխանատվությունը, և հայտարարագիր տվող անձանց շրջանակը սահմանափակ է:
Արդյունքում՝ Հայաստանում բարձր է կոռուպցիայի ընկալման համաթիվը, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսական վիճակի վրա: Քաղաքացիների շրջանում արդյունքում նվազում է վստահությունը պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության նկատմամբ:
Ինչ է արվել՝
Կարդացեք նաև
- 2016 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով քրեականացվել է ապօրինի հարստացումը:
- 2016թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները սահմանափակող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
- Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար համապատասխանաբար վարչական և քրեական պատասխանատվություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։
- Հակակոռուպցիոն նախընտրելի մոդելի ստեղծման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։
- Կառավարություն է ներկայացվել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։
- Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում:
- Իրականացվել է շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի վերաբերյալ վերլուծություն:
- «Հանրային ծառայության մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
- Մշակվել է «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ կառավարություն