Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Ծրագրերն ուղղված են եղել մսամթերքի վերամշակման, անվտանգության համակարգերի, մշակաբույսերի, կաթնամթերքի արտադրության, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներին:
Կառավարության ղեկավարը կարևորել է մարզպետարանի ակտիվ և հետևողական աշխատանքը բիզնես հանրության հետ՝ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով: «Պետք է այնքան աշխատել, գնալ յուրաքանչյուր ներդրողի, ծրագրի հետևից՝ մինչև արդյունք ստանանք: Համաֆինանսավորվելու է արդյունավետություն, հեռանկար և ներուժ ունեցող ծրագրերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ համագործակցելու և մշտական հետադարձ կապ պահպանելու նպատակով նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր բիզնեսմենի հետ ակտիվ աշխատելու համար:
ՀՀ կառավարություն