«Մեր տնտեսությունը, ես ասել եմ, գտնվում է ծանր վիճակում եւ այսօր էլ եմ ասում: Դա նշանակո՞ւմ է, որ այն կառավարելի չէ, ոչ: Բավարարո՞ւմ է մեր տնտեսության վիճակն այսօր մեզ բոլորիս, չի բավարարում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ իր պաշտոնավարումից ի վեր՝ 3 ամսվա ընթացքում թե ինչ կտրուկ փոփոխություններ են եղել են, դրանք ներկայացվել են, իսկ կտրուկ են, թե՝ ոչ հանրությունը պետք է գնահատի:
«Բայց ես ձեզ խնդրում եմ, որ հասկանաք, որ տնտեսությունը, այս մեծ համակարգը մեկ օրվա մեջ փոխելու հնարավորություն չկա: Եվ մենք ռեգուլյար ու ամենօրյա աշխատանքով խնդիր ունենք, որ այդ ազդակները տանք, որ մեր քաղաքացիները զգան, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ; Ես համոզված եմ՝ նոր կառավարությունը գնում է ճիշտ ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով ներդրումներին, Կարեն Կարապետյանն ասաց՝ կառավարությունը պետք է այնպիսի դաշտ ստեղծի, որ Հայաստանում ներդրում կատարելը լինի տրամաբանական ու շահավետ, այսինքն՝ կառավարությունը պետք է նախաձեռնող լինի, խոսել, համոզել ու ներդրողին բերել մեր երկիր. «Եթե մենք նախաձեռնող լինենք, օրը 10 պոտենցիալ ինվեստորի հետ խոսենք, բայց այդ հողը, որտեղ ուզում ենք սերմը ցանել, քարից չմաքրենք, չփխրեցնենք, չպատրաստենք, այդ սերմը բերք չի տալու: Այդ պատճառով հիմնական խնդիրը, որը լուծում ենք, սերմը ցանելու տեղը պատրաստելն է»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախկինում արած իր հայտարարությանը՝ պետական համակարգում պրիմիտիվ գողություններին, ասաց. «Մեր խնդիրն այն է, որ յուրաքանչյուր գերատեսչություն զբաղվի իր գործունեությամբ: Դա կարող է էմոցիոնալ հնչել, բայց ես չեմ հրաժարվում, այստեղ կոպիտ գողություն չկա, կա ոչ էֆեկտիվ կառավարում, ոչ էֆեկտիվ ծախս: Քրեական գործ կարող է այդ ամենի մեջ չլինի: Այդ պատճառով իմ խնդիրն է բերել նրան, որպեսզի նման միջավայր չլինի: Եթե կա այնտեղ քրեական պատասխանատվության հարց, համապատասխան մարմիններն աշխատում են: Իմ խնդիրը ոչ թե մարդ բռնելն է, այլ այդ ֆինանսական հոսքերը պետք է արդյունավետ կառավարվեն»:
Կարեն Կարապետյանն, ըստ իր հայտարարության, միտված չէ մեղավորներին պատժել. «Մենք ձեզ հետ իրավապահ չենք, եկեք նստացնենք, եկեք նստացնենք: Եկեք սաղին նստացնենք, լա՞վ է լինելու»:
Հարցին, թե տնտեսության նախորդ ձախողումների համար պատասխանատվության ենթարկվողներ չպե՞տք է լինեն, վարչապետը հումորով պատասխանեց. «Պատասխանատվության չենք ենթարկելու, բոլորին նստեցնելու ենք, կախաղան ենք հանելու: «Իրականում, եթե սխալ է արել, պետք է պատասխան տա: Բայց շատ դեպքերում դուք հարցնում եք՝ ո՞ւմ եք նստացնելու, ո՞ւմ եմ կախելու, սա՞ է ձեր նպատակը»:
Ըստ վարչապետի, կան օբյեկտիվ պատճառներ, որպեսզի կտրուկ քայլերի չգնան:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ