Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արտգործնախարարությունը՝ Գյումրիում Իտալիայի հյուպատոսարան լինել-չլինելու մասին

Հունվար 13,2017 18:35

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոսարանի լինել-չլինելու շուրջ բավական տարօրինակ պատմություն է ծավալվել:  Վերջերս Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, որին դատի է տվել հյուպատոսարանի նախկին ու միակ աշխատակից, կինոռեժիսոր Արման Մազմանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան գրություն է ներկայացրել այն մասին, որ թեեւ ինքը Իտալիայի պատվավոր հյուպատոսն է, սակայն Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարան գոյություն չունի:

Նա կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված տեղեկանքը, պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների համաձայն,  2016թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված-հաշվառված չէ:

Հյուպատոսարան լինել-չլինելու հարցը ծագել էր այն պատճառով, որ պարոն Մոնտալտոն աշխատանքից ազատել էր հյուպատոսական ծրագրերի 10 տարվա համակարգող, ռեժիսոր Արման Մազմանյանին ՝ չպարզաբանելով, թե ինչո՞ւ է հեռացնում աշխատանքից ու չէր տրամադրել նրա ազատման հրամանն ու վերջնահաշիվը:

Հետաքրքիր այն է, որ Իտալիայի պատվավոր հյուպատոսը, որը Արման Մազմանյանին աշխատանքի ընդունման հրաման էր տվել՝ իր ստորագրությամբ ու կնիքով (տես փաստաթղթում), այժմ ոչ միայն հրաժարվում է իր ստորագրությունից, այլ Գյումրիում հյուպատոսարան լինելու փաստից: Ի դեպ, պարոն Մոնտալտոն 10 տարիների ընթացքում Արման Մազմանյանին տարբեր տեղեկանքներ է տրամադրել բլանկով, որտեղ օգտագործված է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարան բառակապակցությունը: (Տես փաստաթղթում)

Մի խոսքով, այժմ Գյումրիում Իտալիայի  հյուպատոսարան լինել-չլինելու ու հյուպատոսի իր իսկ ստորագրությունից հրաժարվելու հարցը ուսումնասիրվում է Շիրակի մարզի դատախազությունում: Մենք դատախազ Կարեն Գաբրիելյանին խնդրեցինք տեղեկությունների տրամադրել այս թեմայի շուրջ, վերջինս ասաց, որ Արման Մազմանյանի դիմումը ուսումնասիրման փուլում է, ավելի դեռ ասել չի կարող:

Գրավոր հարցում ուղղեցինք նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանին՝ հետաքրքրվելով, թե  Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոսարան գոյություն ունի՞. ՀՀ Արտգործնախարարությունում կա՞ արդյոք գրանցված նման դիվանագիտական կառույց:

Պարոն Բալայանին խնդրել էինք նաեւ տեղեկացնել, թե կա՞ որեւէ տարբերություն պատվո հյուպատոսարանի եւ Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի միջեւ, ինչպես որ ներկայացվում է Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի նստավայրը  պաշտոնական կայքում:

Ի պատասխան մեր հարցման՝ Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվել է հետեւյալ բովանդակությամբ տեղեկանքը. «Անտոնիո Մոնտալտոն 2001թ. մարտի 16-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս` ընդգրկելով Շիրակի մարզը որպես հյուպատոսական շրջան: Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի մասին տեղեկությունը տեղադրված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում (www.mfa.am )»:

Իսկ թե ինչո՞ւ է պարոն Մոնտալտոն կտրականապես հրաժարվում իր գործունեության համար հյուպատոսական շրջան համարվող Շիրակի մարզում հյուպատոսարան ունենալուց, ավելի հրաժարվում է իր իսկ ստորագրությունից, որը առկա է իր կողմից տրամադրված բազմաթիվ այլ փաստաթղթերում, ի՞նչ է թաքցնում դիվանագետը, կփորձենք պարզաբանել հենց նրանից՝ Հայաստան վերադառնալուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031