Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերը շարժում են սկսել՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու

Հունվար 13,2017 18:02

Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը խոսեց համայն հայության համար Արցախի անկախության մասին: Նա ասաց, որ յուրաքանչյուր հայի խնդիրն է Արցախի ամրապնդումը:

Ըստ պարոն Սրապիոնյանի, «Դու ինչ ես անում Արցախի համար» իրենց շարժումը սխալ է ընկալվել, որոշ մարդիկ քննադատում են, թե ո՞վ իրավունք ունի հաշիվ պահանջել, թե դու Արցախի համար ինչ ես արել: Նրա խոսքերով՝ «Դա որեւէ մեկից հաշիվ պահանջելու նպատակն չի հետապնդել՝ ոչ մի անհատից, կազմակերպությունից, հայից նախարարությունը միտում չի ունեցել հաշիվ պահանջելու, որպեսզի նա հաշվետվություն տա թե ինչ է արել Արցախի համար: Նպատակը եղել է այն, որ ամեն մարդ իր մեջ արթուն պահի Արցախի օգնելու իր պարտականությունը, նաեւ որպեսզի Արցախի վերաբերմամբ ճշմարիտ իրադրությունը հասու դառնա ոչ միայն հայությանը, այլեւ առհասարակ մարդկությանը, որոնք դարձել են Արցախի խնդիրները կարգավորող կառույցներ»:

Նա ասաց, որ շարժումը ենթադրում է համախմբում հանուն Արցախի եւ պատասխանատվություն:

Պարոն Սրապիոնյանը գտնում է, որ ազգային տուրքի գաղափարը անհրաժեշտ է, որ դիմակայենք այն մարտահրավերներին, որոնք ստեղծել են մեր հարեւանները. «Եթե սփյուռքահայը անընդհատ մտածում է, որ իր հայրենիքի մի հատվածը գտնվում է վտանգի մեջ եւ նրա վտանգվածությունը համայն հայության համար վտանգ է, շատ կարեւոր է, որ ամեն մի սփյուռքահայ՝ դպրոցականից մինչեւ գործարար, ցանկացած հայ ընտանիք իր մեջ ունենա այդ գաղափարը, որը կնպաստի ԼՂ-ի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության նաեւ բարոյական ինչ-ինչ խնդիրներ լուծել»:

Փոխնախարարն ասաց, որ մարդիկ պետք է իմանան Արցախում, որ իրենց թիկունքում կա մի հսկա ուժ:

Սփյուռքի նախարարությունը 2017-ը հայտարարել է Արցախի տարի: Սերժ Սրապիոնյանի խոսքերով՝ Արցախը 2017-ին պիտի զորանա ավելի, քան եղել է երբեւէ՝ եւ հոգեբանորեն, ե՛ւ բարոյապես, ե՛ւ նյութապես»:

Պարոն Սրապիոնյան ասաց, որ իրենց շարժումը յուրօրինակ ուղերձ է թշնամիներին, որ հասկանան՝ Արցախը միայնակ չէ, Արցախն ունի համայն հայություն, որն այս պահին 10 մլն-ից ավելի է:

Լրագրողների դիտարկմանը, որ սփյուռքից անընդհատ փող ուզելը մեզ չի բարձրացնում, ավելի է իջեցնում, կա՞ այ ծրագիր Արցախի հարցով, որ սփյուռքը կարողանա օգնել՝ փոխնախարարը պատասխանեց. «Առաջին խնդիրներից մեկը ծագեց ԱՄՆ-ում մեր համայնքներում, որտեղ իրենց գործիչների առաջ հարց բարձրացրեցին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին: Այդ շարժումը տարածում գտավ նաեւ Եվրոպայում»: Սերժ Սրապիոնյանն ասաց, որ իրանահայ եւ Լիբանանի հայ համայնքն էլ է այդ հարցը այսօր բարձրացնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031