«Խոսքը գնում է քաղաքական գործչի պատասխանի մասին, որը որ լրագրողի մի քիչ պարզեցված հարցին փորձել է դիվանագիտական ձեւով պատասխանել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը մեկնաբանեց տարածքներ հանձնելու վերաբերյալ վարչապետի պատասխանը:
Այսօր Aravot.am-ի լրագրողի հարցին, թե արդյոք կո՞ղմ է տարածքների հանձնմանը` խաղաղության դիմաց, Կարեն Կարապետյանը պատասխանել է , որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը եւ անվտանգությունը, ինքնասիրությունը: Վարչապետը նաեւ ասել էր. «Փոխզիջումը ոչ միայն տարածքներն են, փոխզիջումը տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում որեւիցե մեկը կվերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, կկայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը համաձայն չէ»:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքերով. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն բանակցային գործընթացը, որը որ գնում է Մինսկի խմբի շրջանակներում, ո’չ ադրբեջանական ղեկավարությանը ո’չ հայկական եւ ո’չ էլ Արցախյան ղեկավարության համար գաղտնիք չէ: Մադրիդյան սկզբունքները Մինսկի խմբի գործընթաց է եւ այդ բանաձեւն իր մեջ ներառում է փոխզիջումը, այսինքն` այն մոտեցումը, որը որ ունեն համանախագահները, իր մեջ ներառում է տարածքների մի մասը, որը որ բանակցությունների արդյունք է` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի դիմաց եւ որը որ պիտի լուծվի հանրաքվեի կամ իրավական ուժ ունեցող քվեարկության միջոցով, որին որ պիտի Ադրբեջանը տա համաձայնություն. «Բայց, քանի որ այդ սկզբունքների շուրջ Հայաստանում եւ նույնիսկ Արցախում կան տարբեր մոտեցումներ, բայց ընդհանուր առմամբ պատրաստ են օրինակ` քննարկելու, թե ո’ր տարածքները, ե’րբ եւ ի’նչ կարգավիճակի համար, ապա Հայաստանում կարելի է դրա մասին խոսել»:
Պարոն Մինասյանի խոսքերով, Ադրբեջանում օրինակ` Մադրիդյան սկզբունքները կամ այդ բանաձեւն ընդհանարապես ընդունելի չէ. «Որովհետեւ իր մեջ ներառում է այն հանգամանքը, որ առնվազն նախկին ԼՂՀ-ի մի մասը Լաչինի եւ Քելբաջարի հետ մեկտեղ մնալու է հայերին, եւ Ադրբեջանը դրան պիտի տա համաձայնություն, Ադրբեջանը դրան դեմ է եւ մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի գործընթացն առաջ չի գնում: Քանի որ Հայաստանի ե’ւ նախկին ե’ւ երկրորդ ե’ւ երրորդ նախագահը, իշխանությունը շատ լավ դա գիտեն, ապա իրենք կարող են ինչ-որ կառուցողականության մասին խոսել` հա մենք պատրաստ ենք այդ բանաձեւի շուրջ խոսել: Մնացածը`քաղաքական մեկնաբանությունների, քարոզչության մասը, որը որ իրական բանակցային գործընթացի հետ կապ չունի: Վարչապետը, պարզապես փորձել է դիվանագիտական ձեւով քաղաքական պատասխան տալ հարցին, եւ այն բանակցային գործընթացի արդյունքների, մոտեցումների կամ զարգացումների հետ կապ չունի: Վարչապետի այդ հայտարարության տակ ոչ մի բան պետք չէ փնտրել, քաղաքական գործիչները պետք է հայտարարություններ անեն, շատ լավ գիտեն, որ այդ հայտարարություններից այն կողմ ոչ մի բան չի լինելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ