Ի պատասխան galatv.am կայքում վերջերս հրապարակված «Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է… սլաքներն ուղղում են դեպի Հայաստան » հոդվածի, որտեղ պնդվում է, որ Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է, իրազեկում ենք, որ սույն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
ԼՂՀ գործող օրենքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուի թոշակի գումարը կարող է վճարվել լիազորագրով, որն էլ իրականացվել է մինչև 2016թ. հուլիսը ներառյալ: Քանի որ լիազորագրի ժամկետը լրացել է, հետևապես հետագա վճարումները չեն իրականացվել, սակայն ամենամսյա կենսաթոշակի գումարը շարունակվել է հաշվարկվել մինչև 2017թ. հունվարը ներառյալ: Ներկա պահին Պ. Մանուկյանի չստացած կենսաթոշակի գումարը կազմում է 756.144 ( յոթ հարյուր հիսուն վեց հազար հարյուր քառասունչորս) դրամ և գտնվում է «Արցախփոստի» համապատասխան տարածքային բաժանմունքում:
Պ. Մանուկյանի կողմից առայսօր չստացված, ինչպես նաև հետագա կենսաթոշակի գումարը կարող է վճարվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի վավերացրած լիազորագրով:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Պ. Մանուկյանի փաստաբանը այս հարցով խոսել է ԼՂՀ Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժնի պետի հետ, որի ընթացքում նրան հայտնվել է, որ կենսաթոշակի վճարումը չի դադարեցվել, ուղղակի անհրաժեշտ է լիազորագիր՝ վավերացված քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից: Ուստի բողոքելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից ներկայացնել լիազորագիր և ստանալ առայսօր չստացված հաշմանդամության կենսաթոշակը:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն