Այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով դատական նիստը չկայացավ գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով:
Դատավորն ասաց, որ քրեակատարողականից տեղեկացրել են, թե Վահան Շիրխանյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին ու հրաժարվել է առհասարակ դուրս գալ խցից:
Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկից տեղեկանք են ուղարկել, թե Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ներկա պահին բավարար է, եւ այն թույլատրում է, որ նա մասնակցի դատական նիստի քննությանը: Բժշկական տեղեկանքի համաձայն, անհրաժեշտություն չկա, որ նա մասնակցի դատական նիստին պատգարակով, մինչդեռ ինքը՝ Շիրխանյանը, երբ գնացել են նրան ուղեկցելու դատարան, հայտարարել է. «Դատական նիստին ես կարող եմ մասնակցել միայն պատգարակով՝ պառկած վիճակով, քանի որ ոտքերիս, մեջքիս ցավերից, գլխապտույտից, սրտի ցավերի պատճառով չեմ կարող նստած կամ կանգնած վիճակով մասնակցել դատական նիստերին»:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ իսկապես Վահան Շիրխանյանի ասածը համապատասխանում է իրականությանը, նա անկողնային պառկած է եւ ի վիճակի չէ գալ դատարան: Նա հայտարարեց, որ այն բժշկական տեղեկանքը, թե Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, որ նա մասնակցի նիստերին առանց պատգարակի՝ կեղծ տեղեկանք է. «Իրականում նա չի կարող տեղաշարժվել ինքնուրույն: Մոտ 4-5 ամիս է՝ Վահան Շիրխանյանը չի կարողանում անգամ իջնել այնտեղ, որտեղ լոգանք են ընդունում ու չի կարողանում կանգնել ցնցուղի տակ: Պարոն Շիրխանյանին նույն բժիշկը նշանակել է անկողնային ռեժիմ եւ այս պահին պարոն Շիրխանյանը անկողնային հիվանդ է: Եվ եթե այդ նույն անձը կարող է ձեզ տեղեկանք տալ, թե Վահան Շիրխանյանը կարող է գալ դատական նիստին, փաստորեն, ուզում է ասել, որ անկողնային ռեժիմի հիվանդը կարող է առանց խոչընդոտի գալ դատական նիստին: Դրա համար այս տեղեկանքը կեղծ է»:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանը հորդորեց դատավորին միջոցներ ձեռնարկել, որ Վահան Շիրխանյանին դատարան բերեն պատգարակով: Նա վստահեցրեց, որ ինքը կներկայացնի համապատասխան բժշկական փաստաթղթեր առ այն, որ Շիրխանյանն ի վիճակի չէ ինքնուրույն գալ ու կանգնել:
Մյուս պաշտպանների եւ դատավորի միջեւ բանավեճ սկսեց: Փաստաբանները մեկը մյուսի հետեւից սկսեցին հորդորել դատավորին որ արհեստականորեն չերկարաձգեն ու չձախողեն նիստերը եւ իրենց իրավունքները չխախտեն:
Դատավորն ասաց, որ եթե իսկապես Վահան Շիրխանյանն անկողնային հիվանդ է, դատարանը չի կարող հասկանալ, թե նա ինչպե՞ս կարող է պատգարակով գալ ու 4-5 ժամ պառկել դատարանի դահլիճում:
Դատավորը հորդորեց հիմնավորել, որ Շիրխանյանն իսկապես այդքան վատառողջ է: Նա ասաց, որ իր ձեռքի տակ կա բժշկի՝ հակառակի մասին վկայող տեղեկանքը ու չի կարող չհավատալ բժշկին: Հայկ Ալումյանն էլ պատասխանեց, որ վիճարկում են այդ բժշկի տեղեկանքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ