Բերդավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մեծ գյուղերից է: Բերդավանցիները ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենի գյուղի եւ Նոյեմբերյանի սահմանների պաշտպանությանը: Այժմ Բերդավանից ժամկետային զինվորական ծառայության մեջ է 44 երիտասարդ:
Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի Բերդավանում լիազոր ներկայացուցիչ Սմբատ Մուղդուսյանն ասաց, որ դեկտեմբերի 22-25-ը ինքը, Բերդավանի մշակույթի տան տնօրեն Սամվել Սեւինյանը եւ զինվորների 3 ծնող այցելել են Հայաստանում եւ Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող բոլոր բերդավանցիների զորամասեր, համագյուղացիներին քաղցրավենիքով, սննդով ծանրոցներ նվիրել: Այդ բարի գործի համար գումարներ են հանգանակել բերդավանցիներ Սեյրան Ռեւազյանը, Սուրեն Բայրամյանը, Սասուն Ասատրյանը, Մխիթար Ղազարյանը, գյուղի այլ բնակիչներ:
Բերդավանցիները հաջողություններ ունեն նաեւ ուսման մեջ, ներկայումս գյուղից ավելի քան 100 ուսանող սովորում է տարբեր բուհերում: Սմբատ Մուղդուսյանը հունվարի 3-ին Բերդավանում նախաձեռնել է գյուղի ուսանողների հավաք: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բերդավանի դպրոցի 12-րդ դասարանցիները, գյուղի երիտասարդներ, ավագանիներ: Ներկա են եղել Տավուշի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Կարեն Նազարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանը,դպրոցի փոխտնօրեն Ժորա Նիազյանը:
Կարդացեք նաև
Ստեղծվել է 12 հոգանոց Բերդավանի ուսանողական խորհուրդ, որը կաշխատի հայրենի գյուղի հետ ուսանողների կապը սերտացնելու, ուսանողության խնդիրները լուծելու ուղղությամբ:
Տարեմուտին, դեկտեմբերի 27-ին Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը («ՆԻԿԱ») Բերդավանում, գյուղի դպրոցի աշակերտների թիմի մասնակցությամբ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ է անցկացրել, որն ավարտվել է բերդավանցիների հաղթանակով՝ 5;3 հաշվով:
Ս. Մուղդուսյանից տեղեկացանք, որ սահմանամերձ գյուղում չեն մոռանում նաեւ առօրյա խնդիրները լուծելու մասին: Վերանորոգվել, գործարկվել է գյուղի մանկապարտեզի կոյուղագիծը, որը երկար տարիներ խափանված էր: Բերդավանի մի հատվածում սելավաջրերը կուտակվում, մեծ ջրափոս էին առաջացնում, որտեղից հոսող ջրերը քանդում էին համայնքային ճանապարհը: Այդտեղ սելավատար է գործարկվել, խնդիրը լուծվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ