Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ՀՀԿ-ականներ Պարույր Հայրիկյանին գաղտնի աջակցելու առաջարկություն են արել. Պարույր Հայրիկյան

Հունվար 13,2017 15:51

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ապրիլի երկուսին ԱԺ ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիական միավորման կոչ է անում:

Նրա տվյալներով, առայժմ միայն սոցցանցերում ձեւավորված քաղաքացիական միավորում նախաձեռնությանը 68 հոգի լուրջ պատրաստակամություն է հայտնել միանալ:

«Ընտրություններին ինքնանպատակ մասնակցելը մեզ համար խնդիր չէ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նրա համոզմամբ, հիմա դաշինքներ ձեւավորելու իսկական ժամանակն է, կուսակցությունները, ըստ նրա, հիմա վերջնական հայտ պետք է ներկայացնեն:

«Սադրանք են գաղափարական դաշինք ստեղծելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները, իշխանություններին ձեռնտու սադրանք են: Մենք այսօր կարող ենք խոսել միայն նպատակային դաշինքի մասին»:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցին՝ պարոն Հայրիկյանը պատմեց, որ Արցախի ղեկավարների հետ աշխատել է Արցախը ժողովրդավարական պետություն դարձնելու ուղղությամբ. «Գաղափարը մեկն է՝ Արցախը դարձնել բացարձակ ժողովրդավարության երկիր, աշխարհի ամենաառաջին ժողովրդավարական երկիրը… այն մասնագետները, որոնք ՀՀ-ի համար համարում էին՝ խորհրդարանական համակարգն է լավը, այդ նույն ստոր մասնագետները Արցախի համար ասում են՝ վայ, ինչ լավ է ձեր նախագահական համակարգը: Արցախում ճիշտ ճանապարհի վրա են, եթե ինձ լսեն, Արցախը կշահի»:

Պարոն Հայրիկյանն ասաց, որ ընտրություններին միաբան մասնակցելու ծրագրից բացի, այլ ծրագիր չունեն. «Առանձին որեւէ քաղաքական ուժ լավագույն դեպքում մի քանի տեղ կստանա, իսկ այդ մի քանի տեղի համար կարող են դիմել Սերժ Սարգսյանին, նա էլ կարող է այդ մի քանի տեղը տալ: Մենք չենք գնում ընտրությունների, գնում ենք ընտրություն կոչված միջոցառմանը, մի նպատակով՝ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն դարձնելու համար, բայց առանձին չենք մասնակցի»:

Ասուլիսի վերջում պարոն Հայրիկյանն ասաց, որ իրենց ստեղծած նախաձեռնությանը մի շարք ՀՀԿ-ականներ են հավանություն տվել, նույնիսկ իրենց աջակցությունն են հայտնել. «Մարդիկ կան Հանրապետականից, ասում են՝ կարելի է մեր անունը չգրանցվի, բայց մենք քեզ հետ ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031