«Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարեւոր դերակատարում կարող է ունենալ»,-համոզված է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Նախկինում կար ուժեղ ընդդիմություն, իշխանությունները «քաշվում» էին այդ ընդդիմությունից, որի կողքին ժողովուրդը պատրաստ էր կանգնել: Բայց երբ Ծառուկյանը հեռացավ, ընդդիմությունը պառակտվեց»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ասաց Արամ Հարությունյանը:
Նրա գնահատմամբ. «Գագիկ Ծառուկյանի պահվածքը սկզբունքային է. նա քաղաքական որեւէ զիջման չի գնացել, ուղղակի փակել է էջը, չի գնացել-կանգնել Սերժ Սարգսյանի կողքին: Նրա համար թանկ է ցանկացած քաղաքացու կյանքը եւ արժանապատվությունը: Նա նորից կարող է վերադառնալ նույն այդ կարգախոսով»:
Կարդացեք նաև
Արամ Հարությունյանը կարծում է, որ ԲՀԿ նախկին առաջնորդն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինքների կայացմանը կարող է նպաստել. «Այլապես լուրջ ցնցումներ են հնարավոր, գուցե արյուն թափվի…Նրան հաջողվել է իրար կողք նստեցնել լուրջ հակադրություններ ունեցող ուժերին: Այդ դերն այսօր ոչ մեկ չի կարողանում իր վրա վերցնել: Նրա վերադառնալու եւ խոշոր դաշինքների կազմման դեպքում կլինի իշխանափոխություն»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ