Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. Human Rights Watch-ի զեկույցը միակողմանի է. այնտեղ հիշատակում չկա զոհված երեք ոստիկանների մասին

Հունվար 13,2017 14:46

«Անշուշտ, շնորհակալ եմ, որ միջազգային հեղինակավոր այս կառույցը ուշադիր է մեր երկրում մարդու իրավունքների վիճակի, ոտնահարումների դեպքերի եւ դրանց տրվող գնահատականների եւ պատիժների մասով, բնականաբար, սա կարեւոր է մեզանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում առավել տեսանելի արդյունքի հասնելու համար։Միաժամանակ, մեր գործընկերները, մեղմ ասած, պարզապես զարմացնում են, երբ խոսելով կոնկրետ հարցերի, կոնկրետ դեպքերի մասին, դատողությունները անում են միակողմանի, մի տեսակ՝ ընտրողաբար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Մարգարիտ Եսայանը։

Հիշեցնենք, միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի զեկույցը: Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հատվածում, մասնավորաբար, ասված է. «Հայաստանի իշխանությունները չեն կարողացել վստահության արժանի պատասխանատվության ենթարկել այն իրավապահներին, որոնք պատասխանատու են 2016թ. հուլիսին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար»:

«Մասնավորապես, նկատի ունեմ հետեւյալը՝ այո, լրագրողների նկատմամբ հուլիսյան դեպքերի ժամանակ եղան նաեւ ինձ համար անընդունելի, դատապարտելի գործողություններ, ինքս նույնպես դատապարտել եւ իմ գնահատականը տվել եմ անմիջապես այդ օրերին, բայց ինձ համար անչափ զարմանալի է, որ միջազգային փորձագետները խոսելով, իրենց գնահատմամբ «դաժան ոստիկանության դաժան արարքների» մասին, մոռանում են նշել, որ ահաբեկիչներից չեղան զոհեր եւ դա հենց ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Ավելորդ եմ համարում հիշեցնել, թե նույն արեւմտյան կամ եվրոպական երկրներում ինչպես են վարվում նման դեպքերում եւ ինչպես են ոչնչացնում նրանց: Մոռանում են խոսել, որ ցուցարարներից չեղան զոհեր, իսկ երեք զոհերը, ի դեպ, այս մասին եւս ոչ մի խոսք չկա զեկույցում, հենց ոստիկանության աշխատակիցներ են, բարձրաստիճան եւ շարքային։

Այ, եթե նույն այս կառույցը իմ նկատառումները հաշվի առնելով խոսեր նաեւ այս մասին, ես ավելի արժանահավատ կհամարեի նրանց փորձագիտական ուսումնասիրությունները: Հակառակ դեպքում իրավունք ունեմ մտածել, որ այս անգամ եւս գործել է երկակի ստանդարտը, կամ՝ սուբյեկտիվ մոտեցումը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031