National Geographic պարբերականը Երևանը ներառել է «ուտելիքի սիրահարների համար 6 անսպասելի քաղաքների» շարքում՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս Հայաստանը ճանաչվեց ճանապարհորդելու համար 10 լավագույն վայրերից մեկը:
Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս լավ ուտելու համար ընտրել Շարլ Ազնավուրի հրապարակը՝ որպես ելակետ: Նախաճաշի համար կարելի է ֆրանսիական տոստ փորձել «Արթբրիջ» գրադարան-սրճարանում, որտեղից կարելի է գնել նաև քաղաքի ուղեցույց կամ բացիկներ:
Առավոտյան քաղաքի տեսարժան վայրերում շրջելուց հետո «Խինկալիում» կարելի է ճաշակել վրացական ավանդական խինկալի, իսկ կեսօրին սառը սուրճ կամ մեկ գավաթ գինի վայելել և հանգստանալ հենց հրապարակում գտնվող ժամանակակից իտալական «Մարտինի Ռոյալ» բացօթյա սրճարանում:
Օրը կարելի է փակել ավանդական հայկական ուտեստներ առաջարկող «Դոլմամա» ռեստորանում, որն ինքնին հնագույն արվեստի գործ է հիշեցնում:
Կարդացեք նաև
Հոդվածագիրը նկատում է, որ Հայաստանը հայտնի է իր խորովածով, իսկ Երևանում ամենահամեղ խորովածը կարելի է ճաշակել Պռոշյան փողոցում, որը համարվում է խորովածի փողոց:
Հեղինակը նաև խորհուրդ է տալիս զբոսնել Կասկադի շրջակայքում, որը հսկայական աստիճաններով քաղաքի կենտրոնը կապում է «Մոնումենտ» թաղամասին:
Երեկոյան ժամերի համար կատարյալ է «Շարլ» բացօթյա ռեստորանը, որտեղ կարելի է փորձել ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական խոհանոց, որից հետո մի փոքր այն կողմ կարելի է գինի կամ սուրճ խմել «Մալոկո» սրճարանում կամ շոկոլադ վայելել «Կասկադ Շոկոլատերիայում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ