Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոպուլիզմը՝ աշխարհում մարդու իրավունքների հիմնական սպառնալիք. HRW-ը հրապարակել է 2017թ. զեկույցը

Հունվար 13,2017 14:11

ԱՄՆ-ում և Եվրոպայում պոպուլիստ առաջնորդների աճը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանությանը և խրախուսում ամբողջ աշխարհում ավտոկրատների կողմից բռնությունը: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2017թ. զեկույցում:

«Ատելության և անհանդուրժողականության սադրիչ արշավի արդյունքում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը և Եվրոպայում համընդհանուր իրավունքները մերժող քաղաքական կուսակցությունների ազդեցության աճը վտանգի տակ են դրել մարդու իրավունքների համակարգը»,- ասվում է զեկույցում:

Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆիլիպինների և Չինաստանի առաջնորդները օրենքի գերակայության և պատասխանատու կառավարության փոխարեն իրենց տարածքներում հաստատել են սեփական իշխանությունը՝ որպես անվտանգության և զարգացման երաշխիք: Ակտիվ քարոզչությամբ ուղեկցվող այս խաչվող միտումները ուղղակի մարտահրավեր են այն օրենքներին և հաստատություններին, որոնք հանդես են գալիս արժանապատվության, հանդուրժողականության և հավասարության դիրքերից, ասվում է զեկույցում:

687 էջանոց զեկույցն ուսումնասիրել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհի 90 երկրներում: Ծանոթագրության մեջ կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը գրում է, որ ավտորիտար պոպուլիստների նոր սերունդը փորձում է տապալել մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտը՝ իրավունքը դիտելով ոչ թե որպես պաշտոնական իշխանության հիմնարար դրույթ, այլ որպես խոչընդոտ մեծամասնության կամքին:

«Թրամփը և Եվրոպայի տարբեր քաղաքական գործիչներ իշխանություն են փնտրում՝ դիմելով ռասիզմի, քսենոֆոբիայի, կնատյացության և նեյթիվիզմի: Նրանք բոլորը պնդում են, որ հանրությունն իբր անհրաժեշտ է համարում մարդու իրավունքների խախտումները՝աշխատատեղեր ապահովելու, մշակութային փոփոխություններից խուսափելու կամ ահաբեկչական հարձակումները կանխելու համար: Փաստացիորեն, մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջարկում է դեպի բռնապետություն ամենահավանական ուղին»,- գրում է Ռոթը:

Ռոթը նշում է, որ Թրամփի նախագահական արշավը անհանդուրժողականության ակնհայտ օրինակ է: Նրա խոսքով՝ Թրամփը պատասխանել է տնտեսական իրավիճակից և բազմամշակութային հասարակությունից դժգոհ այն ընտրազանգվածին, որոնք մերժում են արժանապատվության և հավասարության հիմնարար իրավունքները: Նրա ընտրարշավի ընթացքում արվել են առաջարկներ, որոնք կարող են վնաս հասցնել միլիոնավոր մարդկանց. դրանց թվում են՝ ներգաղթյալների զանգվածային արտաքսումների, կանանց իրավունքների և մեդիայի ազատության կրճատմանը, կտտանքների կիրառման ծրագրերը: Քանի դեռ Թրամփը չի հրաժարվել այդ առաջարկներից, նրա աշխատակազմը ռիսկի է դիմում զանգվածաբար խախտել մարդու իրավունքներն ԱՄՆ-ում, կարծում են զեկույցի հեղինակները:

Զեկույցում նշվում է, որ իրավիճակը հույսեր չի ներշնչում նաև Եվրոպայում, որտեղ նույն պոպուլիստները տնտեսական դժվարություններում մեղադրում են ներգաղթյալներին: Brexit-ի արշավը թերևս դրա ամենավառ արտացոլումն էր:

Փոխարենը, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս կառավարություններին միջոցներ ձեռնարկել՝ օգնելու ներգաղթյալներին՝ լիարժեք կերպով ինտեգրվել հասարակության մեջ: Պաշտոնյաները նաև պետք է մերժեն պոպուլիստների ատելությունն ու անհանդուրժողականությունը՝ աջակցելով անկախ և անկաշառ դատարաններին՝ որպես պատնեշ խոցելի փոքրամասնությունների համար, կարծում է Ռոթը:

Ռոթը նշում է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է այն երկրներում, որոնց առաջնորդներն ունեն միանձնյա իշխանություն: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը 2011թ. դժգոհություններին պատասխանեց բռնաճնշումներով, այդ թվում ազատ խոսքի և հավաքների սահմանափակում, աննախադեպ պատժամիջոցներ առցանց տիրույթում, անկախ խմբերի գործունեությունը խստորեն սահմանափակող օրենքներ: Իսկ Չինաստանի առաջնորդը, մտահոգված տնտեսական աճի նվազմամբ, սկսել է Տյանանմենից հետո ամենաինտենսիվ ճնշումներն այլախոհության նկատմամբ:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումներին և սիրիական պատերազմի հետևանքով առաջացած փախստականների ճգնաժամին:

«Հորդանանը, Թուրքիան և Լիբանանն ընդունել են միլիոնավոր սիրիացի փախստականների, բայց հիմնականում փակել են իրենց սահմանը նոր փախստականների առաջ: Եվրոպական միության առաջնորդները ձախողել են ազնվորեն կիսել ապաստան փնտրողների ճակատագրի պատասխանատվությունը կամ ապահով ուղիներ ստեղծել փախստականների համար: Չնայած տարիներ շարունակ ԱՄՆ-ը առաջատար է եղել փախստականներ ընդունելու հարցում, անցյալ տարի նա ընդունել է ընդամենը 12 հազար սիրիացի փախստական, իսկ Թրամփը սպառնացել է ընդհանրապես փակել ծրագիրը»,- ասվում է զեկույցում:

Ռոթը նշում է, որ համաշխարհային մասշտաբով այս մարտահրավերներին դիմակայելու փոխարեն քաղաքական գործիչները հիմնականում ձեռքերը խրում են ավազի մեջ՝ հույս ունենալով, որ պոպուլիզմի այդ ալիքը կանցնի-կգնա: Մինչդեռ նա կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ կառավարությունները պետք է ավելի կայուն կերպով և եռանդով առաջ տանեն իրենց սկզբունքները, իսկ հանրությունն էլ իր հերթին պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031