Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամ քահանա Մելիքյան. «Ինչպե՞ս կարող է տոնախմբությունը լիարժեք լինել, եթե կա օգնության կարոտ մեկը»

Հունվար 13,2017 13:16

Ինչպես նախորդ տարիներին, Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այս տարի ևս հանդես եկավ մի շարք ձեռնարկներով: Դրանց մասին Aravot.am-ը զրույցել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

– Տեր Հայր, ի՞նչ բնույթի էին այս տարվա ձեռնարկները, ի՞նչ շեշտադրում ունեին:

-Հիմնականում դրանք վերաբերում էին սոցիալական ոլորտին: Այս տոները Եկեղեցին առիթ է համարում` մարդկանց մղելու մի պահ կանգ առնել տոնական սարսափելի վազքի մեջ և շուրջը նայել տեսնել և ուշադրություն դարձնել իրենց նմանին` Աստծո արարածին, որը կարիքի, դժվարության ու նեղության մեջ է: Որովհետև ինչպե՞ս կարող են ուրախությունը, ցնծությունը, տոնախմբությունը լիարժեք և կատարյալ լինել, եթե հարևան դռանը կամ որևէ այլ բնակավայրում կա մեկը, ում կարելի է օգնության, զորակցության ձեռք պարզել, փոքր-ինչ թեթևացնել նրա հոգսը, մխիթարել նրան իր կյանքին բերած մասնակցությամբ և պարզապես ուշադրությամբ:

Հայոց Եկեղեցին էլ, իբրև Մայրը այս ժողովրդի, բացի իր ամենօրյա հոգատարությունից ու խնամքից, որ տարվա ընթացքում դրսևորում է տարբեր հոգևոր, կրթական ու սոցիալական ծրագրերի միջոցով, այս տոներին նույնպես առիթ ստեղծեց, որպեսզի հասնի իր կարոտյալ զավակներին: Ավելին` ամեն մի հայորդու հնարավորություն տվեց իր ամանորյա ուրախությունն առավել բազմապատկելու հոգևոր ուրախությամբ, բարեգործություն անելու աննկարագրելի բերկրանքով: Որովհետև դա է քրիստոնյայի հավատի վկայության իրական ճանապարհը:

Եթե խոսելու լինենք կոնկրետ ծրագրերի մասին, ապա ամենից առաջ պիտի հիշատակենք «Ս. Ծննդյան ժպիտ` անծանոթ փոքրիկին» ծրագիրը, որը, օրհնությամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, նախաձեռնվել էր Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն էր այս անգամ նվերներ պատրաստել Վանաձոր, Գյումրի քաղաքներում և շրջակա բնակավայրերում ապրող անապահով ընտանիքների երեխաներին… Ծրագրի համար Մայր Աթոռի կողմից հատկացվեց 3 մլն. ՀՀ դրամ, ևս 1 մլն. տրամադրեց ԵՀԽ «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:

Սակայն հարկ է նշել, որ գրասենյակը նաև կոչ արեց հանրությանը` մասնակցություն բերելու այս ծրագրին. արդյունքները չափազանց ուրախալի էին: Էականը, ընդառաջ այս հրավերին, մարդկանց կողմից տրամադրվող զորակցության չափն ու քանակը չէր, այլ ոգին և պատրաստակամությունը, այն սերն ու բարյացակամությունը, որ ամեն մի նվիրատու ցուցաբերում էր: Մեծ էր, անշուշտ, կամավորների աշխատանքը, երիտասարդության դերակատարությունը, ովքեր իրենց հերթին հնարավոր ամեն բան արեցին մարդկանց կողմից հատկացվող նվերները հավաքելու, տեսակավորելու և փոխադրելու Մայր Աթոռ:

Գրքեր, գրենական պիտույքներ, խաղալիքներ, քաղցրավենիք, ձմեռային տաք հագուստ պարունակող նվերներն արդեն բաշխվել են: Օրերս պարենային մթերքով 2 բեռնատարներ մեկնեցին Գյումրի և Վանաձոր: Ընդհանուր առմամբ Ս. Ծննդյան նվերներ փոխանցվեցին անապահով ընտանիքների 450 երեխաների: Այս տոնական օրերին Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տների և մանրանկարչական դպրոցի կողմից ևս տարբեր քաղաքներում կազմակերպվեցին միջոցառումներ, որոնց մասնակցեցին բազմահազար մանուկներ:

Հունվարի 12-ին, մասնավոր տնօրինությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, համագործակցաբար տարբեր դպրոցների, ներառական կրթօջախների, պետական և հասարակական կառույցների հետ անապահով ընտանիքների բազում մանուկներին, հաշմանդամ և խոցելի խմբերի երեխաներին հնարավորություն ընձեռվեց մասնակից դառնալու Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպված տոնական մեծ համերգներին, որտեղ մեր Հայորդյաց տների սաներն իրենց ձիրքերով ու տաղանդներով ուրախություն էին պարգեւում իրենց հասակակիցներին:

-Արդեն ավանդույթ դարձած ի՞նչ ծրագրերով է Մայր Աթոռը իմաստավորում և նշում տոները:

– Ամեն տարի հոգենորոգ այս տոներին Մայր Աթոռի կողմից հաճախ անակնկալներ են մատուցվում տարբեր հաստատությունների, կրթօջախների կամ անհատների, որով կարծես նաև նախանշվում է առաջիկա տարում Եկեղեցու սոցիալական ոլորտում որդեգրվելիք ռազմավարությունը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրվում լուծման կարոտ տարբեր խնդիրներին: Այս առումով առաջիկայում` հուսադրող այս տոների կապակցությամբ, տուն չունեցող զինհաշմանդամների բազմազավակ երկու ընտանիքների համար Հայաստանում և Արցախում կգնվեն բնակարաններ:

Մայր Եկեղեցու հոգատարությունն իր զավակների նկատմամբ իրականում սկսվում է հենց Եկեղեցուց: Տոների առիթով Վեհափառ Հայրապետի կողմից նյութական աջակցություն է ցուցաբերվում նաև Մայր Աթոռի աշխատակիցներին, որոնց թիվը հասնում է շուրջ 1200-ի, նման օժանդակություն տրվում է նաև թեմերի պաշտոնեությանը, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031