ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա նշանակվել է թիվ 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ մրցույթի անցկացումը: Տիկին Հովհաննիսյանը նաեւ Լեւոն Մկրտչյանի խորհրդականն է լինելու՝ համընդհանուր ներառման հարցերով:
Aravot.am-ը Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարգավիճակի իջեցում չի՞ համարում՝ ԿԳ նախարարության վարչության պետի պաշտոնից հետո կրթահամալիրի ղեկավարի պաշտոնում աշխատելը:
«Ինձ համար կարգավիճակի իջեցում չէ վարչության պետից անցումը մանկավարժական աշխատանքի, պարզապես ավելի դժվարին աշխատանք եմ անելու: Ես եմ խնդրել նախարարին ինձ փոխադրել մանկավարժական աշխատանքի, որը միշտ էլ սիրել եմ: Եղել եմ ջոկատավար, փոխտնօրեն, դպրոցի տնօրեն, մի ամբողջ կյանք եղել եմ երեխաների հետ: Այնպես որ ինձ շատ հետաքրքիր է, որ նորից պետք է զբաղվեմ մանկավարժությամբ:
Ընտրել եմ հետաքրքիր կրթահամալիր, այնտեղ սովորող երեխաներին անվանում են իրավախախտ, նրանք զբաղվել են մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ: Ծանոթ եմ այդ դպրոցին, գիտեմ, որ այդ երեխաների թվում շատ կան շնորհալիները եւ անգամ տաղանդավորները, կարծում եմ, որ պետք է իրենց հետ լավ աշխատել, վերականգնողական աշխատանքների միջոցով ուղղորդել դեպի հանրակրթական դպրոցներ»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
ԿԳ նախարարության վարչության նախկին պետը ցանկություն հայտնեց, որ իրավախախտ երեխաների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձվի, քանի որ, իր ձեւակերպմամբ, նրանց մասին ավելի քիչ է հանրությունը խոսում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ