Սեյրան Օհանյանն ունի խոցելի կետեր։ Եվ առաջին հերթին պետք է դիտարկել այն, որ հայաստանյան, իսկ մինչ այդ նաև արցախյան իշխանական վերնախավում նրա բազմամյա ներկայությունը հասարակության լայն շրջանակներում ուղղակիորեն ասոցացվում է իշխանության վերնախավի հետ։ Եվ գոնե մոտ ապագայում նրան դժվար կլինի ձերբազատվել իշխանության մարդ լինելու պիտակից, և բողոքական ընտրազանգվածին համոզել հակառակը։ Առավել ևս, որ Սեյրան Օհանյանը համարվել է ՀՀ նախագահի մերձավոր շրջապատի մարդ։ Ընդ որում, կար ժամանակ, երբ նա դիտարկվում էր որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ։ Ս. Օհանյանը կարծես թե հասցրել էր բավականին «ընտելանալ» այդ մտքին և նույնիսկ այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքներ էր իրականացնում։ Այս հանգամանքը, իհարկե, նրան կհիշեցնեն։
Ի դեպ, երբեմն Սեյրան Օհանյանի անձը բավականին խոցելի է դարձնում նաև նրա կնոջ հասարակական-քաղաքական ակտիվությունը սոցիալական ցանցերում ծավալած գործունեությամբ, ինչը ժամանակ առ ժամանակ սուր քննադատության է ենթարկվում։
Պաշտպանության նախարարի անձի վրա բացասական է անդրադառնում նաև ապրիլյան պատերազմը, ինչը բացահայտեց բանակում առկա բազմաթիվ խնդիրներ։ Այս համատեքստում բարձրացվում է նաև նրա սեփականության խնդիրը։ Այս ամենին գումարվում է նաև նրա քաղաքական և հրապարակային բանավեճերի անփորձությունը։
Հաշվի առնելով նշված հանգամանքները Սեյրան Օհանյանը քննադատության և կոմպրոմատների պակաս չի ունենալու, ինչի դրսևորումներին արդեն իսկ ականատես ենք։ Նրա՝ որպես քաղաքական գործչի մեկնարկային հնարավորությունները բավականին համեստ են։
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ քաղաքական միավորումներում է նշմարվում Սեյրան Օհանյանը։ Նախ և առաջ դիտարկվում է Սեյրան Օհանյան- «Միասնական Հայաստան»-«Համախմբում» (Վարդան Օսկանյան)- «Երրորդ Հանրապետություն» (Վիկտոր Դալլաքյան) միավորումը։ Այս ձևաչափին հակված է միանալու Արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն, որոշ տարբերակներում նշվում է նաև Լ. Տեր-Պետրոսյանի «պարտվողական» ելույթից հիասթափված ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Որոշ փորձագետներ նկատում են, որ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ դաշինքին միանալու շահագրգռվածություն ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ընդհանրապես այս նախագծի շուրջ նկատելի է ռուսաստանյան որոշ շրջանակների շահագրգռվածությունը։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այս հարցի շուրջ ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի ակտիվության մասին։ Ի դեպ, ինչպես միշտ քննարկվում է նաև երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորվող դաշինքում քողարկված մասնակցության տարբերակը։ Բացի արդեն «ավանդաբար» քոչարյանական համարվող դեմքերից որոշ աղբյուրներ նշում են նաև օհանյանական դաշինքում քողարկված, բայց ակտիվ դերակատարում ունեցող Ռ. Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի գործոնը։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի հնարավոր գործընկերները նույնպես, մեղմ ասած, «անբիծ» չեն և չափազանց խոցելի են քննադատության տեսակետից։ Բավական է հիշատակել թեկուզ Վարդան Օսկանյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հեռավոր և ոչ այնքան հեռավոր անցյալի գործունեությունը։
Դատելով վերջին զարգացումներից՝ կարող ենք փաստել, որ Սեյրան Օհանյանի շուրջ նշմարվում է բավականին լայնասպեկտր դաշինք, որը լայնաշերտ է թե՛ կառուցվածքի, թե՛ արտաքին քաղաքական խաղացողների առումով։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում