Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը գնում են մասնակցելու մի միջոցառման, որի ելքը հայտնի է. «Հայկական ժամանակ»

Հունվար 13,2017 12:18

Ընտրությունների ոչ լեգիտիմ պատմություն ունենալուց հետո, երբ կանխորոշված են նաեւ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, միեւնույն է, դեպի խորհրդարան ձգվող հերթը չի նվազում։

Ի՞նչ անել՝ բոյկոտե՞լ ընտրությունները, չմասնակցե՞լ։ Բայց կա իշխանափոխության օրինական միայն մեկ ճանապարհ՝ ընտրություններ։ Ի՞նչ ընթացք կունենային 2013-ի նախագահական ընտրությունները, եթե իր թեկնածությունը չառաջադրեր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես չառաջադրեցին իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն… Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի անունը չլիներ ցուցակում, Սերժ Սարգսյանն ու իր թիմը դարձյալ կկեղծեին ընտրությունները, սակայն առանց լրացուցիչ ջանքերի ու ֆինանսական պակաս ռեսուրսներով։ Ընտրությունների արդյունքի առումով, սակայն, ոչինչ չփոխվեց։

Եթե քաղաքական ուժերի համար միանշանակ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին (բոյկոտող միակ ուժի՝ Հիմնադիր խորհրդարանի ղեկավարները կամ ձերբակալված են, կամ ընդհատակում), ապա ընտրողների առաջ լուրջ խնդիր է գնա՞լ քվեարկելու, թե՞ ոչ։

Հակված եմ կարծելու, որ շատ ընտրողներ չեն գնա ընտրատեղամասեր։ Ոչ թե այն պատճառով, որ այս կամ այն ցուցակում չկան արժանի թեկնածուներ, այլ որովհետեւ ընտրությունների արդյունքները նախապես կանխորոշված են։

Գուցե կենսունակ է իշխանափոխության մեկ ա՞յլ՝ հեղափոխակա՞ն տարբերակը։ Իշխանությունները ներկայացնում են, թե այդ քայլը եւս դատապարտված է՝ մատնացույց անելով 2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» ապստամբությունը։ Սակայն խնդիրը ոչ թե տապալված հեղափոխությունն է, այլ քաղաքացիների՝ ռիսկի չդիմելու ու եղած իրավիճակին հարմարվելու ցանկությունը։ «Սասնա ծռերի» ապստամբությունը իշխանություններին տեսանելի դարձրեց ժողովրդի մեծ մասի ատելությունն ու համակրանքը «Սասնա ծռերի» հանդեպ։ Բայց իշխանությունը բարոյական պարտությունների հանդեպ մեծ իմունիտետ ունի։ Հարգանքի ու պատվի կորուստը, հատկապես, եթե դրանք երբեւէ չեն եղել, այնքան էլ ծանր չէ։

Ստացվում է՝ քաղաքական ուժերը գնում են մասնակցելու մի միջոցառման, որի ելքը հայտնի է՝ ՀՀԿ եւ արբանյակ կուսակցությունների ջախջախիչ գերակայությունը։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031