Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ թեեւ դեռ անունը չի նշվում, բայց Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դեմ խոչընդոտներ հարուցող երկիրը Ադրբեջանն է։ Վերջինս, սակայն, նաեւ չի բացառում, որ Ադրբեջանին այդ քայլին կարող է դրդել կամ ստվերային կերպով աջակցել Ռուսաստանը, որն ինքը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե ընդհանրապես այդ կառույցի աշխատանքներից դժգոհ է։ «Ռուսաստանը հիացած չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությամբ, թեեւ ինքն էլ դրա մասն է կազմում։ ՌԴ-ն գտնում է, որ այդ կառույցը խոչընդոտում է իրեն՝ իրականացնելու ԼՂՀ հարցում ռուսական պլանը։ Ու թերեւս դա է պատճառը, որ ՌԴ-ն իր երկրորդական, երրորդական պաշտոնյաներով ողջունում էր Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերությունների վատթարացումը, Բաքվում այդ կառույցի գրասենյակի փակումը»,- ասում է Ս. Սաֆարյանը։
Ս. Սաֆարյանը համոզված է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը նաեւ այն պատճառով, որ չի ցանկանում կատարել Վիեննայում ձեռք բերված՝ ԼՂՀ հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների ներդրման՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող պայմանավորվածությունները։ Իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից Չինարիում կատարած դիվերսիոն գործողություններից հետո այդ հարցը կրկին օրակարգ մտավ։
«Եվ հիմա, երբ գրասենյակի կարողությունների ընդլայնում էր առաջարկվում, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ Բաքվում կարող էր նախատեսել ԵԱՀԿ-ի լիարժեք ներկայացվածություն, Ադրբեջանը հասկանում է վտանգը եւ այդ կերպ է փորձում հակազդել Վիեննայի պայմանավորվածության կատարմանը։ Այդ երկիրը հասկանում է, որ դրա կատարումը նշանակում է ԵԱՀԿ գրասենյակների ամրապնդում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում։ Հասկանում է, որ Վիեննայի պայմանավորվածությունների արդյունքում Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը մասնակիորեն վերականգնվում է»,- ասում է Ս. Սաֆարյանը։
Վերջինիս խոսքերով, ՌԴ-ն էլ այդ հարցում ներքուստ աջակցում է Ադրբեջանին, ինչպես այդ երկրին դրդում է չհամաձայնել հետաքննության մեխանիզմների ներդրման եւ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման պահանջի կատարման հետ։ «Ճիշտ է, ՌԴ-ն դա բացահայտ չի ասում, բայց Սանկտ Պետերբուրգի բանակցություններից դուրս թողեց հետաքննությունների մեխանիզմի ներդրման հարցը։ Եթե շահագրգիռ լիներ, այդ հարցը կներառեր հանդիպման օրակարգ»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը։ Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում