Նախկին սոցապփոխնախարար, մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանն իր քաղաքական գործունեությունը սկսել է «Ժառանգություն» կուսակցությունից, որտեղ նա քաղաքական հարցերով քարտուղարն էր, իսկ այսօր «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդամ է եւ պատգամավորության թեկնածու։
– Դուք նշեցիք, որ մեր քաղաքական դաշտը կայացած չէ, բայց «Ժառանգություն»-ից հետո ընտրեցիք «Հայկական վերածնունդը»։
– Ես «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդամ եմ արդեն մեկ տարուց ավելի, նաեւ մշակութային հանձնաժողովի անդամ եմ։
– Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության անցած ճանապարհը Ձեզ ներշնչո՞ւմ են վստահություն։ Դեռ չի մոռացվել նրա ղեկավարության դիրքորոշումը 2008թ. հետընտրական ժամանակ։
Կարդացեք նաև
– 2008թ. իրադարձությունների վերաբերյալ ես ունեմ իմ անձնական կարծիքը։ ՀՀ նախագահի ընտրություններն էապես տարբերվում են ԱԺ ընտրություններից։ Իմ պատկերացումներից դուրս է, թե նախագահի ընտրություններում ինչպես կարող է նախագահի մի թեկնածուն միանալ նախագահի մեկ այլ թեկնածուի, որովհետեւ նա առաջադրվում է երկրի նախագահ դառնալու համար։
– Բայց հենց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը միացավ 2008թ. իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին։
– Նա չմիացավ, նա ընտրություններից հետո մտավ կոալիցիա։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կարող ես անել ընտրությունների ընթացքում, պետք է անես։ Հեղափոխական ճանապարհը Հայաստանի համար չէ։ Եթե մենք ունենք օրենսդրություն, որի համաձայն՝ անգամ բանակը կարող է մասնակցել, նույնիսկ տեսականորեն հեղափոխական ճանապարհը Հայաստանում բացառված է։ Իսկ հակառակն արդեն պոպուլիզմ է։ Այսօր թեեւ շատ դժվար է, բայց պետք է փորձել երկիրն առաջ տանել բարենորոգումների ճանապարհով։ Եվ 2008թ., ինչպես նախկինում, տեղի չունեցան արդար ընտրություններ։ Ես այն մարդկանցից եմ, որ ասում եմ՝ Հայաստանում ազնիվ ընտրություններ չեն եղել նաեւ 1991թ.։ 1991թ. չեն եղել կեղծիքներ միայն մեկ պատճառով՝ հասարակության եւ իշխող կուսակցության շահերը համընկել են։ Եթե այդ շահերը չհամընկնեին, հասարակության մեծ մասն իր քվեն տար Սոս Սարգսյանին, Դուք ի՞նչ եք կարծում, անցնելու էր Սոս Սարգսյա՞նը։
– Չգիտեմ, հիպոթետիկ է։
– Վստահ եմ, որ չէր անցնելու, ինչպես 1996թ. դարձյալ իշխող կուսակցությունը հաղթեց։ Եվ այդպես շարունակվում է։ Մենք դեռ չենք հասել այն մակարդակին եւ չունենք այն քաղաքական համակարգը, որ կարողանանք փոխել իշխանությանը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում