2017թ. յունուարի 4-ին Մոսկուայից մօտ երկու տասնեակ երիտասարդներով, 5 ինքնաշարժերով ուղեւորուեցինք դեպի Վլադիմիր քաղաք, Հայ հերոս, զորաւար, մտաւորական Գարեգին Նժդեհի նախքին գերեզմանին այցելելու նպատակով: Միտքը ծագեց դեռ 2016ի դեկտեմբերին, երբ Հայ համայնքի ընկերներիս առաջարկեցի Նժդեհին նուիրուած երեկոյ կազմակերպել իր ծննդեան օրուան ընդառաջ, բայց մի քանի խանգառող յանգամանքներ առաջ եկան եւ ստիպուած յետաձգեցինք…
Այդ եղելութիւնը մեր սրտով չեղավ եւ կարճ ծամանակ անց Մոսկուայի Հայ Երիտասարդութեան Ասոցիացիայի (Ассоциация Армянской молодежи Москвы; ААММ) ակտիւ անդամ Դաւիթ Տոնոեանը առաջարկեց նմանատիպ ակցիայ անել, որն ուխտագնացութիւն լինելուց բացի նպատակ պէտք է ունենայ նաեւ Նժդեհի նախքին գերեզմանին երբեմնի եղած անուանատախտակը հետ վերադարձնել… Բազմաթիւ խանգարող ոյժեր կան, որոնք երկար ժամանակ է պայքարում են դրա դեմ, բայց ընկերներս տրամադրուած են գործը գլուխ բերել:
Առաւոտեան ժամը 10-ին սկսեցինք հաւաքուել, մօտ 3-3.5 ժամուայ ճանապարհ էր, այն էլ -20 ցրտի եւ առատ տեւացող ձեան պայմաններում: Ճանապարհ ընկանք: Նժդեհի հետ կապուած գրքերից հետս վերցրել էի ընդամենը երկուսը՝ Ռաֆայել Համբարձումեանի ՛Գարեգին Նժդեհ Գրական Երկեր՛ եւ Արմէն Սեւանի (Յովհաննես Դեւեջեան) ՛Բանտարկեալի մը յուշերը: Տառապանքի տարիներ Գարեգին Նժդեհի հետ՛: Վերջինս (1970թ, Բուենոս Այրես, Արգենտինա) յիշարժան է նաեւ նրանով, որ հենց այդ գրքում առաջին անգամ հրապարակուել էր Նժդեհի գերեզմանի մի լուսանկար, որով էլ առաջնորդուել են հետագայում իր աճիւնը Հայաստան տեղափոխող նուիրեալները:
Մի քանի ժամից տեղում էինք՝ Վլադիմիրի բանտի (владимирский централ) հարեւանութեամբ գտնուող գերեզմանոցի եկեղեցու մոտ: Մեզ դիմաւորեցին տեղի Հայ համայնքի երիտասարդները: Շարժուեցինք դեպի Նժդեհի երբեմնի գերեզմանը: Արդեն մօտ -25 աստիճան ցուրտ էր, ձիւնը շարունակում էր տեղալ: Եկեղեցուց շատ հեռու չեր, հասանք տեղ, ծաղիկներ դրեցինք, լռութեամբ յարգեցինք մեր Սպարապէտի յիշատակը… Բոլորս էլ յուզուած էինք…
Իսկ հիմայ մի քանի խօսքով պատմեմ տեղանքի մասին: Հողատարածքը անմիջապէս բանտի պատի տակ է ընկնում, աւելի ճիշտ՝ պատն է, մօտ երկու մետր ազատ տարածք եւ կրկին ցանկապատ: Ինչպէս հասկացայ այդ ազատ տարածքը անւտանգութեան գոտի է, քանի որ ինքնաձիգերով ոստիկաններ էին գնում-գալիս եւ կանգնում զգուշաւոր նայում էին մեր կողմ ու անցնում: Բանտը, պատերը, գերեզմանոցը, ոստիկանները, եղանակը… ամեն բան յիշեցնում էր, տպաւորութիւն էր թողնում ստալինեան, անդրոպովեան տարիների… այդ եներգետիկան, չեմ ուզում նոյնիսկ ոգի բառը էստեղ օգտագործել, տիրում էր չորս կողմում: Ի դեպ միայն ես չէ, որ դա նկատեցի, բայց տղաները շատ ոգեւորուած էին, կարծես ինչ որ կարեւոր գործ էինք արել, կարծես գնում էինք սահման՝ Հայրենիքը պաշտպանելու: Զաւեշտալի է հնչում, բայց եւ ուրախալի, որ այդպիսի տղերք ունենք Ռուսաստանում նոյնպէս:
Օրուայ գլխաւոր կազմակերպիչ Դաւիթ Տոնոեանը խօսեց, ապա տեղի համայնքից Գեւորգեան Տիգրանը, յետոյ Արազը: Խօսքը հասաւ ինձ… Հարցրեցի, տեղեակ են արդեօք Նժդեհի աճիւնը Հայաստան տեղափոխելու պատմութեանը, մեծ մասը պատասխանեցին, որ ոչ: Պարտքս համարեցի պատմել Վարագ Առաքելեանի եւ իր խմբի այդ ոչ արհեստաւարժ, բայց ծայրահեղ հայրենասէր գործողութեան մասին… Գուրգեն Արմաղանեանի եւ գլխաւոր հերոս, Նժդեհի թոռնուհու ամուսին Պաւլիկ Անանեանի ծանօթութեան մանրամասների, վերջինիս Վլադիմիր կատարած առաջին ՛հետախուզական՛ եւ երկրորդ ՛կոնկրետ՛ այցելութիւնների մասին: Պատմեցի, թե ինչպէս է Անանեանը կատարել յանձնարարութիւնը, ինչ հոգեւոր ապրումների միջով է անցել եւ ինչպէս են Վարագ Առաքելեանը եւ իր ընկերները մի քանի տարի պահել Նժդեհի աճիւնը առանց հողարկաւորելու: Ապա անդրադարձայ Խուստուփի վրայ, Սպիտակաւորում եւ Ղափանում մասունքների հողարկաւորութեանը: Առաւել կարեւոր էր, որ հարցի բարոեական կողմից բացի, Մովսես Գորգիսեանը առաջարկում է ամեն տարի ուխտագնացութիւն կատարել մեր զորաւարի գերեզմանին այս ամենին տալով արդեն լուրջ գաղափարական հենք: Մովսեսը այն մարդն է, ով դժուարին պայմաններում շարունակեց կեանքի կոչել ԱՄԿ-ԱԻՄ-ի ծրագրերը եւ 1988ի Մայիսի 28ին մի խումբ նուիրեալ մտաւորականների զօրակցութեամբ պարզեց Հայ եռագոյնը, դե-ֆակտո ազդարարելով Հայաստանի Անկախութիւնը ԽՍՀՄ-ից:
Երկար մնացինք (հաշուի առնելով եղանակը)… մօտ մեկ ժամ: Ուզում էինք մի քիչ էլ մնալ, բայց գործը չեր սպասում, յանդիպման էինք տեղի համայնքի ղեկաւարների հետ: Ջերմ դիմաւորեցին, ցոյց տուեցին իրենց դպրոցը մի քանի դասասենեակներով, համեստ գրադարանը, ուր բազմաթիւ ծանօթ գրքերի մեջ նկատեցի իմ լաւ բարեկամ Արման Ռեւազեանի ՛Մակարաց՛-ը: Միութեան մշակոյթի գծով փոխնախագահ Գայանե Գեւորգեանը մեզ թեյ հյուրասիրեց, ապա գնացինք շենքի հարեւանութեամբ գտնուող հայկական եկեղեցին: Շինարարութիւնը սկսել են դեռ նախանցեալ տարի, ասացին այս ամառ արդեն կաւարտեն: Արդեն բաւական ուշ էր, հրաժեշտ տուեցինք, նստեցինք ինքնաշարժերը եւ վերադարձանք Մոսկուայ: Ճանապարհ գնացինք, աւելի լաւ ճանաչեցինք նաեւ միմեանց: Լաւ օր էր…
Յ.Գ. Իմ ապրած զգացողութեան մասին կարող եմ ասել, որ հոգեպէս եկայ Հայաստան եւ վերադարձայ: Ստացայ այն ոյժը, այն հոգեւոր սնունդը, որ յարկաւոր է, պարտադիր է: Շոտով Նժդեհին նուիրուած կայանալիք մոսկովեան երեկոյին արդեն Վլադիմիրից մեր ընկերներն են մեզ հյուր գալու, իսկ գարնանը աւելի մեծ խմբով կգնանք իրենց մօտ: Չնաեած, որ մի սկզբունքային հարց չէ առաջին հաեացքից, բայց եւ հերոսապատումները մօտեցնում են մեր Հայ երիտասարդներին հայկականութեանը, հայ մշակոյթին, պատմութեանը, գրականութեանը, հետեւաբար Հայրենիքին:
Աղաջանեան Դաւիթ/ Տիր Հայագիտական Կենտրոն/