Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրոնտիկների» ճակատամարտը

Հունվար 13,2017 10:08

Հայաստանում լիքը թագավորներ, ֆեոդալներ կան` սկսած գյուղապետերից: Նորմալ երկրում համայնքի ընտրված ղեկավարը հասկանում է, որ նա ժամանակավորապես կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, ծառայում է իր համայնքին, որից հետո դառնալու է համայնքի շարքային բնակիչ: Հայաստանում գյուղապետը «թագավոր է», գյուղն իրեն է պատկանում, ինչ ուզի` կանի` իր գրպանում գտնվող «ավագանի» կոչվող վեզիրների հետ միասին, որոնք սովորաբար նրա ազգականներն են:
Բայց եկեք հարցին նայենք այլ տեսանկյունից. եթե վաղը Նոր Գեղին վերանվանվի «Ֆրոնտիկավան» կամ «Ֆրոնտիկակերտ», այդ համայնքի որեւէ բնակիչ հրապարակավ կբողոքի՞, կծաղրի՞ ինքնասիրահարված գյուղապետին, կասի՞` «դու քեզ ինչի՞ տեղ ես դրել, կարո՞ղ է քո արձանն էլ դնես գեղամիջում»: Այդպիսի բան չի լինելու, որովհետեւ Ֆրոնտիկի կեցվածքն իր գյուղացիների արժանապատվությունը չի վիրավորում, շատերն անտարբեր են, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղում, մի մասն էլ կախում ունի գյուղապետից: Բնականաբար, նեղ ընտանեկան շրջանակներում նրանք կխոսեն «էս երկրի» եւ «էս ազգի» ծանր վիճակից: Կխոսեն` «ընդհանուր գծերով»:

Դե, հիմա պատկերացրեք, որ մի քանի հարյուր «Ֆրոնտիկ» եւ մի քանի տասնյակ ավելի մեծ «Ֆրոնտ» ընտրությունների ժամանակ «աշխատում են» հայտնի կուսակցությունների օգտին: Նրանք իրենց գյուղի, իրենց «մայլի», իրենց տարածաշրջանի «թագավորներն» են: Ընդ որում, պարտադիր չէ, որ նրանք քվեարկության պահին ընտրակաշառք բաժանեն: Այդ մարդիկ մի տարի առաջ, երկու տարի առաջ արդեն «նայել են» ժողովրդին, «լավություններ» են արել, «նիսյա» են փակել, «վերեւներին» միջնորդել են, հարց լուծել, մանկապարտեզներին կոնֆետ են բաժանել: Նրանց մի մասն անգամ եկեղեցի է կառուցել: Մի խոսքով, ժողովրդի մասին մտածող, հայրենասեր, բարեգործ եւ նույնիսկ աստվածավախ մարդիկ են: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ հրաշալի անձնավորությունները հավաքվել են 3-4 կուսակցություններում, որոնք եւ կկազմեն ապագա խորհրդարանի առանցքը:

Ընտրապայքարն ընթանալու է հետեւյալ ձեւով: Ընտրողների հետ հանդիպման կգան ընդդիմադիրները եւ կարտասանեն իրենց բոցաշունչ ճառերը: Դրանք շատ լավ են ընկալվելու հավաքվածների կողմից՝ «հա, թաղեմ դրանց բոյը», «կերան էս ժողովրդին», «էլ երկիր չմնաց», «էլ ազգ չմնաց», «փրկեք մեզ նրանցից»: Հետո կգան իշխանականները (նրանց մի մասը կոչվում է «ընդդիմադիր», բայց բաղկացած է հիշյալ բարեգործ հայրենասերներից), եւ նույն «բոյը թաղողները» էլի լավ կընդունեն նրանց. ամեն մեկը կմոտենա այդ Ֆրոնտիկներին ու կասի՝ «թագավոր ախպեր, կարա՞ս երեխուս ուսման վարձի հարցը լուծես», եւ նման հարյուրավոր խնդիրներ:

Առանց որեւէ մեկի նկատմամբ դատավորի կեցվածք ընդունելու, եկեք գոնե մի անգամ արձանագրենք իրականությունը՝ որքան էլ այն դառը լինի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նման ՝դառը՝ ընքնախարազանումը խնդրի լուծում իր մեջ չի պարունակում: Կարծում եմ, բանակում ծառայած քաղաքացիները պետք է մեր այս անարդյունավետ սիրողական մակարդակի գյուղակառավարումը փոխարինեն բանակային կուռ մասնագիտական համակարգի, թե չէ մեր ներքին թե արտաքին թշնամիներին միանգամայն ձեռընտու է մեր այսօրվա ՝դառը՝ իրականությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031