Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձանները «Կոկա-կոլային» «վարձակալությա՞մբ» է տվել

Հունվար 13,2017 14:30

«Կոկա-կոլա»-ի շշերին «հայտնվել են» Գառնու տաճարը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Արարատ լեռը, Սասունցի Դավիթ:

«Կոկա-կոլա» ընկերության նախաձեռնությունը՝ շշերի վրա պատկերել մեր պատմամշակութային արժեքները, ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի, ոտնահարում է բազմաթիվ իրավունքներ՝ գրվածից մինչեւ չգրված: Նշենք, որ վերջերս խանութներում հայտնվել է այս ընկերության շշալցված արտադրանքը` պատկերազարդված Գառնու տաճարի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Արարատ լեռան, Սասունցի Դավթի արձանի նկարներով, որի 250 միլիգրամանոց ապակե շշի արժեքը 500 դրամ է:

Հայկ Կիրակոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ կա չգրված օրենք, համաձայն որի՝ հոգեւոր արժեքները չի կարելի վերածել կոմերցիայի:

Մասնագետի խոսքով` Գառնու տաճարը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Արարատ լեռը, «Սասնա ծռեր» էպոսից վերցված Սասունցի Դավթի հուշարձանը մեզանում ոչ միայն մշակութային արժեքներ են, այլեւ ավելին, քան մշակութային արժեքները. «Դրանք հոգեւոր արժեքներ են, եւ այդ կոնտեքստի մեջ, եթե նրանց «ձեռքը բռնող» չի եղել եւ մի բան էլ ասում են, որ մշակույթի նախարարության կողմից թույլտվություն ունեն, հեռու չէ այն օրը, կամ ոչինչ չի խանգարում նրանց, որ նույն տրամաբանությամբ կարող են պատկերել Կոմիտասին, խաչքարեր, Նորավանքը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» կամ մանրանկարչական ինչ-որ աշխատանք»:
Մասնագետի կարծիքով՝ այս ամենի «դեմը պետք է առնել» առանց կատակի վերածելու եւ հետ կանչել այդ ապրանքը, պիտակափոխել եւ դարձյալ վերադարձնել շուկա. «Կոկա-կոլա» ընկերության ներսի եւ դրսի ղեկավարներին կցանկանամ հիշեցնել, որ իրենք նման փորձ եւս ունեցել են, երբ 1990-ական թվականներին իրենց ապրանքանիշների մեջ օգտագործված ներարկիչների ասեղներ հայտնաբերվեցին եւ ամբողջ քանակությունը հետ կանչվեց, հիմա ճիշտ ժամանակն է»:

Հայկ Կիրակոսյանը նշեց, որ հակառակ պարագայում նա եւս կհավաքի «Կոկա-կոլա» ապրանքանիշի պիտակներ եւ կփակցնի զուգարանի թղթի վրա եւ փողոցներում, որպես սոցիալական ակցիա՝ կբաժանի մարդկանց: Նպատակը սա է` ես գնել եմ 100 հատ այդ ապրանքանիշից, իմ որոշումն է` ինչպես կտնօրինեմ պլաստմասսայե շիշը կամ պիտակը` ա՞ղբ կնետեմ, թե՞ կօգտագործեմ այլ նպատակով:

Այսպես շարունակվելու դեպքում PR խորհրդատուն կարծում է, որ վաղը-մյուս օրը կհայտնվեն հիգիենիկ պարագա արտադրողներ, որոնք իրենց արտադրանքի վրա կփակցնեն մեր ազգային հերոսների լուսանկարները, կարգախոս կհորինեն` «Նրանք մաքրեցին մեզ հակառակորդից կամ թշնամուց, դուք էլ մաքրեք ձեզ բակտերիաներից կամ «փոքր թշնամիներից»` վիրուսներից: Ես չեմ ուզում, որ վաղը երեխաս դպրոց գնալիս տեսնի գետնին գցած Գառնու տաճարը կամ Սասունցի Դավթի արձանը՝ ոտքերի տակ: Վաղը նույնը ծխախոտ արտադրողներն են անելու»:

Մասնագետի կարծիքով՝ այդպիսի պատկերները նորմալ է, երբ պատկերվում են տետրերի վրա, քանի որ դա մտնում է դպրոց, կրթադաստիարակչական բնույթ ունի իր մեջ: Հեղինակային իրավունքների տիրույթում գրված օրենքների դաշտում, ըստ մասնագետի, այդ ամենով ոտնահարում են նաեւ հեղինակային իրավունքները, քանի որ նրա խոսքով` հակառակ պարագայում ընկերությունը դատական կամ օրինական դաշտում պետք է հսկայական գումարներ վճարի Երվանդ Քոչարի սերունդներին՝ քանդակի պատկերը կոմերցիոն նպատակով օգտագործելու համար. «Հեղինակի մահվանից 50 տարի հետո նրա բոլոր գործերի կիրառումների համար գրավոր համաձայնություն պետք է լինի, փառք Աստծո, կան այդ սերունդները, որոնք պետք է ստանան արտոնագրային տոկոսներ թույլտվության համար»:

«Առավոտ»-ը մշակույթի նախարարությանը փոխանցելով մասնագետի կարծիքը՝ հետաքրքրվեց, թե «Կոկա-կոլայի» արածը արդյոք ազգային արժեքների ոտնահարում չէ՞: Հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունից ստացվել է առաջարկ` հանրահռչակման նպատակով սահմանափակ քանակությամբ հատուկ թողարկման համար օգտագործել նշված պատկերները: Այդ արտադրանքի վաճառքի հասույթի մի մասը ընկերությունը պարտավորվել է տրամադրել ՀՀ մշակույթի նախարարության՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին: Ըստ նախարարության. «Հարկ է նշել, որ նման նախաձեռնություններ ընկերությունն իրականացրել է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Սինգապուրում եւ այլուր՝ կիրառելով համաշխարհային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հռոմի Կոլիզեումը, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը, Ազատության արձանը Նյու Յորքում եւ համաշխարհային նշանակության այլ կոթողներ»:

Նախարարությունից նաեւ հարցրել էինք, թե ընկերությունն արդյոք ունի՞ համապատասխան թույլտվություն, եւ ե՞րբ է այն տրվել: Ի պատասխան՝ մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունը 2016թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած հուշագրով ստացել է համապատասխան համաձայնությունը:

 

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031