Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ զարգացում ունեցավ, երբ Գավառի բնակիչը մասնակցեց «Ադամանդ» բորսայի դասական աճուրդին

Հունվար 13,2017 13:30

Աճուրդների կազմակերպման, անցկացման թեմաներն առհասարակ հետաքրքրում են միայն նրանց, ովքեր մասնակցում են կամ խնդիրներ ունենալու դեպքում հայտնվում են դատարանում, վիճարկելու համար աճուրդային գործարքները:

Գրետիկ Բալաբեկյանը նրանցից մեկն էր, ով մասնակցել էր աճուրդներից մեկին:
Ապա հայտնվել դատարանում: Նրա հայցն ընդդեմ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի` գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու եւ գումար բռնագանձելու պահանջների մասին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարի բավարարել է մասնակի:
Դատարանը պարտավորեցրել է հիմնադրամին՝ Գ. Բալաբեկյանին հանձնել ընդհանուր հինգ լոտերով գնված ապրանքները, իսկ հայցը գումարի բռնագանձման պահանջի մասով՝ մերժել է:

Գ. Բալաբեկյանը Երեւանի ապրանքահումքային «Ադամանդ» բորսայում 2015 թ. օգոստոսի 12-ին կայացած աճուրդում` դասական աճուրդի եղանակով, գնել է հիմնադրամի կողմից վաճառքի հանված 880.000 ՀՀ դրամ արժողությամբ գույք:

Կողմերի միջեւ ստորագրվել է սակարկության արդյունքների մասին արձանագրություն, համաձայն որի՝ Բալաբեկյանը հիմնադրամից գնել է վերոնշյալ աճուրդի լոտերով վաճառված հաստոցները, մեքենաները: Սակայն գնորդին հանձնվել է ապրանքի միայն մի մասը, իսկ նրա պահանջին՝ ամբողջ գույքը հանձնելու վերաբերյալ՝ հիմնադրամը գրությամբ պատասխանել է, թե. «աճուրդային եղանակով իրականացված հաստոցների վաճառքը ճանաչվել է չկայացած՝ շուկայական արժեքը որոշելիս թույլ տրված սխալի պատճառով»:

Առաջին ատյանի դատական գործընթացների ժամանակ գնորդը նաեւ հայտնել էր, որ ինքը կրել է այլ վնասներ նույնպես, կատարվել են լրացուցիչ 180.000 դրամի աշխատանքներ:
Նա դատարանից պահանջում էր իրեն տալ աճուրդում գնված մնացած ապրանքները, հատուցել պարտավորության ոչ պատշաճ կատարման արդյունքում պատճառված վնասը` 180.000 ՀՀ դրամը:

Ի դեպ, «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամն էլ ներկայացրել էր հակընդդեմ հայց: Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Ակսոն» ապրանքահումքային բորսա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Ադամանդ» ապրանքահումքային բորսա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գործարքն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին դատարանը մերժել էր:
Ուշադրության արժանի էր այն, որ աճուրդից հետո պատասխանող հիմնադրամը իր գրությամբ անվավեր է ճանաչում պայմանագրի մասը կազմող հարկային հաշիվը, որին հայցվորը փոխանցել էր 880.000 ՀՀ դրամը, ինչը Գ. Բալաբեկյանի գնահատմամբ՝ հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բովանդակությանը եւ խախտում հայցվորի իրավունքները եւ օրինական շահերը: Գնորդին ուղարկված գրությամբ հայտնվել է, որ «աճուրդային վաճառքը պատասխանողը ինքնիրավ կերպով ճանաչել է չկայացած, այն դեպքում, երբ բորսայի իրավասության հարց է դա, իսկ բորսան նման գործողություն չի արել»: Ի դեպ, օրենսդիրը հստակ սահմանել է չկայացած աճուրդների չկայացած համարելու դեպքերը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 15-րդով, որը դժվար թե աճուրդում իր ապրանքները վաճառքի հանողները չիմանային:
Համաձայն վերոնշյալ իրավակարգավորման, եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաեւ եթե հաղթող ճանաչված անձը եւ (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած: Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում եւ անցկացվում է նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

«Ինչպես տեսնում ենք՝ օրենսդիրը պատվիրատուին ապրանքի գինը որոշելուց, գնորդի եւ աճուրդի կազմակերպչի կողմից արձանագրությունը ստորագրելուց հետո աճուրդը չկայացած ճանաչելու իրավունք չի ընձեռում:

Առուվաճառքի պայմանագիրը լինելով կոնսենսուալ պայմանագիր՝ կնքված է համարվում համաձայնությունը ձեռք բերելու պահից` մասնավորապես այդպիսին ստորագրելու պահից, ինչը ապահովագրում է կողմերին կամքի կամայական դրսեւորումներից, ինչպիսին կատարել է եւ կատարում է պատասխանող կողմը»,-դատական նիստի ժամանակ հայտնել էր գնորդը:

Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն, աճուրդին վաճառված իրը ըստ վարձակալության պայմանագրի` «GAZ» մակնիշի բեռնատարով տանելու եւ 20 օր վարձակալելու համար յուրաքանչյուր օրվա արժեքը եղել է 40.000 ՀՀ դրամ:
Գնորդի վառելիքի ծախսը Գավառից- Երեւան կազմել է ամեն անգամ 50.000 ՀՀ դրամ:
Հայցվորը կրել էր վնաս, քանի որ պայմանավորվածության համաձայն գնացել է, որպեսզի հաստոցները վերցնի, սակայն պատասխանողի կողմից դրանք չեն տրամադրվել:
Հիմնադրամը բողոքարկել է դատարանի վճիռը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Էդ Բալաբեկյանը միամիտ մարդ է,չգիտի,որ աճուրդը իր համար չեն հայտարարել,այլ իրենց համար:Մի քանի անգամ կհայտարարեին,չէին վաճառվի,գները կիջնեին մինչև 20տոկոս և ֆոնդի շեֆերը 200հազարով կվերցնեին:Հիմա ինքը եկել բոլոր ծրագրերը խառնել է,հիմա էլ բողոքում է:Հետաքրքիր մարդ է էդ Բալաբեկյանը,աճուրդի հայավարի ,,կարգը,,չգիտի?…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031