Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի պարուհուն մարմնավորում է հայ պարուհին

Հունվար 13,2017 13:00

Սոնա Վարդանյանը Իդա Ռուբինշտեյնին
կներկայացնի նաեւ Եվրոպայում

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար մենապարուհի Սոնա Վարդանյանն այսօր մեկնում է Ֆրանսիա՝ Arame Production-ի հրավերով (տնօրեն՝ Արմենակ Կարապետյան): Փետրվարի 1-6-ը Ֆրանսիայի քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Մարսելում, Թուլուզում, նա հանդես կգա ռուս ճանաչված պարուհի Իդա Ռուբինշտեյնի կյանքը ներկայացնող «Իդա» ներկայացման մեջ՝ գլխավոր հերոսուհու մենապարով: Ֆրանսիական հյուրախաղերը կմեկնարկեն Փարիզի հայտնի Palais Des Congres սրահում: Իսկ մինչ այդ հայ պարուհին նույն կերպարը կմարմնավորի Շվեյցարիայի եւ Բելգիայի որոշ քաղաքներում: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ինքը՝ Սոնա Վարդանյանը:

Ա. Սերովի «Իդա Ռուբինշտեյն» կտավը, 1910թ.:

Մեզ հետ զրույցում բալետի արտիստն ասաց, որ այդ նախագծի գաղափարի եւ իրականացման հեղինակը Arame Production-նն է, եւ հիշյալ ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է 2016թ. հոկտեմբերին, Չելյաբինսկի Գլինկայի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, Նադեժդա Կալինինայի խորեոգրաֆիայով: Այլ դերապարերով հանդես են եկել ՌԴ վաստակավոր արտիստներ Մարինա Վեժնովեցը, Յուրա Կովալյովը եւ ուրիշներ: Նախագծում նույնիսկ կորդեբալետում հրավիրված են եղել արտիստներ տարբեր երկրներից:

Տեսարաններ «Իդա» ներկայացումից

«Հետաքրքիր էր աշխատել փորձառու եւ ճանաչված արվեստագետների հետ: Կայանալիք տուրնեի ժամանակ զուգընկերս է լինելու արեւմտյան թատրոնների ցանկալի հյուր, Բելառուսի վաստակավոր արտիստ Իգոր Օնոշկոյը, իսկ նվագախումբը կհրավիրվի Հունգարիայից: Ներկայացումները կվարի դիրիժոր Վադիմ Նիկիտինը: Ասեմ, որ Չելյաբինսկում պրեմիերայից հետո մամուլի արձագանքը շատ մեծ էր: Նշվում էր ոչ միայն բեմադրության հաջողության, այլ նաեւ ընտրված երաժշտության մասին. միքսված է հատվածներ Ֆորեի, Ռավելի, Դեբյուսիի, Ալբենիսի ստեղծագործություններից:

Հերոսուհիս՝ Իդան, ծնվել է Խարկովում՝ 1885թ., երկրային կյանքն ավարտել Ֆրանսիայում՝ 1960թ.: Հարուստ տոհմի դուստրը եւ որպես պարուհի, եւ որպես դրամատիկ դերասանուհի հիմնավոր կրթություն է ստացել: Անձնական եւ ստեղծագործական կյանքում, կարելի է ասել, այնքան էլ հաջողակ չի եղել: Բավական է ասել, որ 3 տարեկանում զրկվել է մորից, կարճ ժամանակ անց՝ հորից… Ամուսնալուծվել է հենց ամուսնական ճամփորդությունից հետո: Սեփական միջոցներով բեմադրած «Անտիգոնա» ներկայացման պրեմիերայից հետո քննադատները «ջարդուփշուր» են արել այն, նշելով դերասանուհու «աշակերտական» խաղը: Հետո արդեն սկսվում է նրա կյանքի ֆրանսիական շրջանը…»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ֆրանսիական Arame Production-ը ինչպես է «գտել» իրեն, Սոնա Վարդանյանը ընդամենն ասաց, որ երկու տարի առաջ այդ կազմակերպության ագենտները ներկա են գտնվել Երեւանի օպերայի թատրոնում Խաչատրյանի «Սպարտակ» ներկայացմանը, որտեղ ինքը հանդես է եկել Ֆրիգիայի դերապարով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Սոնա Վարդանյանը՝ Իդայի կերպարում:

 

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031