Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ առեւանգման գործով տուժողը 2 օր չէր հայտնաբերվել

Հունվար 12,2017 18:52

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից շարունակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը:

Քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: Ամբաստանյալները չեն ընդունում մեղքը, հայտարարելով, որ իրականում առեւանգում չի եղել: 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:

Այդ քրեական գործով հունվարի 10-ի նիստում ցուցմունք են տվել ամբաստանյալներ Գագիկ Ալավերդյանը, Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանները:  Նրանց պաշտպան Լիպարիտ Սիմոնյաննն ասաց, որ  Գագիկ Ալավերդյանը, ով Մեխակ Մելիքբեկյանի ընկերն է եղել, տեղյակ լինելով, որ Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եւ նրա որդի Հովհաննես Ղալթախչյանի նկատմամբ կատարված մահափորձերի հեղինակը Մեխակ Մելիքբեկյանն է, ցանկացել է վերջինիս Ղալթախչյանների հետ հաշտեցնել: Գագիկ Ալավերդյանը նիստում հայտնել է, որ Ջողազի ջրամբարի մոտ կայացած զրույցին սկզբում Հովհաննես Ղալթախչյանը չի մասնակցել, նա հետո է միացել:

Գ. Ալավերդյանի վկայությամբ՝ Ջոզազի ջրամբարի մոտ Մեխակ Մելիքբեկյանը խոստովանել է, որ ինքը մասնակցել է Ղալթախչյան ընտանիքի անդամների դեմ մահափորձերին, սակայն ժխտել է իր մասնակցությունը Ռուսաստանում նրանց ավտոմեքենայի առեւանգմանը, ինչպես նաեւ նրանց պատկանող«Պրադո» մակնիշի ավտոմեքենայի պայթեցմանը:

Դատարանում ցուցմունքներ տված ամբաստանյալները հայտնել են, որ Մեխակ Մելիքբեկյանը չի առեւանգվել, նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել: Գագիկ Ալավերդյանը կարծիք է հայտնել այն մասին, թե ինչու ոստիկանները դեպքից հետո 2 օր չեն կարողացել հայտնաբերել իրենց տան նկուղում գտնված Մեխակ Մելիքբեկյանին:

Ըստ Գ. Ալավերդյանի՝ դրա պատճառը այն կարող էր լինել, որ Մեխակը այդ ժամանակ գտնվել է Ղալթախչյան ընտանիքի հետ վատ հարաբերություններ ունեցող, Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանի մոտ, ով Մ. Մելիքբեկյանի առեւանգման վերաբերյալ քրեական գործ հարուցելու մտահղացում է ունեցել:

Հովհաննես Ղալթախչյանը դատարանում հայտնելով, որ Մեխակ Մելիքբեկյանին չեն առեւանգել, ասել է, որ առեւանգման մտադրություն ունենալու դեպքում տարիքով 60-անց համագյուղացիներին Մեխակ Մելիքբեկյանի հետ հանդիպման չէին տանի:

Սույն քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է հունվարի 17-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031