Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ. Ոստիկանը պաշտոնեական կեղծիք է կատարել

Հունվար 12,2017 17:59

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին` ութսուներեքամյա Էմմա Խլխաթյանին, ով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով`  մահացել է:

Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանն այցելել է բժշկական կենտրոն` համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով:

Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու և ստացած հանձնարարության ընթացքն արագ լուծելու անձնական դրդումներով կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող երկու արձանագրություն: Այսպես, չնայած Է. Խլխաթյանի անգիտակից վիճակին` ոստիկանը նրա անունից վերցված բացատրության մեջ կեղծ տեղեկություն է ներառել այն մասին, թե, իբր, տարեց կինը վատ ինքնազգացողության պատճառով ընկել է տան բակում, այսինքն` մարմնական վնասվածքներ ստացել է ոչ թե ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու, այլ վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանը նաև կազմել է ևս մեկ` «կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին» պաշտոնական արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է շարադրել դրա կազմման ժամանակահատվածի վերաբերյալ:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031