Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հակահայկական հիստերիա կա. շատերը հայերին որպես մարդ չեն ընկալում». Կարեն Վրթանեսյան

Հունվար 12,2017 17:25

Այսօր «Զարկերակ» ակումբում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ամփոփեց ռազմական ոլորտում 2016-ի իրադարձությունները եւ, բնականաբար, անդրադարձավ ապրիլյան պատերազմին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քննարկվում է, որ հայկական կողմը, մեր հետախույզները չէին կարող չիմանալ հակառակորդի հարձակման մասին, կա թեզ, որ նրանք իմացել են, ճի՞շտ է՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի: Բայց եթե ես հայտարարում եմ ցանկացած պահին, դա չի նշանակում, որ ես ցանկացած պահի պատրաստ եմ: Դու չես կարող ռազմական ոլորտում անընդհատ լինել համար մեկ պատրաստության իրավիճակում, որովհետեւ դա մեծ սթրես է, նաեւ ծախսատար է:

Ադրբեջանցիները ստեղծել են իրավիճակ, որ մերոնց զգոնությունը բթացել է: Մերոնք նույն օրը տեսնում են, որ ինչ-որ բան է կատարվում: Բայց այդ ինչ-որ բանը կատարվել է նաեւ 10 օր առաջ, 1 ամիս առաջ, ոչ մի բանով չի վերջացել: Բացթողումներ, անշուշտ, եղել են, ուղղակի տվյալ դեպքում նախաձեռնողականությունը եղել է ադրբեջանական կողմից: Համոզված եղեք, եթե մերոնք սկսեն հարձակողական գործողություններ անել, մերոնք էլ հաջողության կհասնեն ու իրենց համար դա անսպասելի կլինի: Ապրիլյան պատերազմի ամենամեծ խնդիրն այն էր, որ մերոնք դա սկզբում ընկալել են՝ որպես մի քանի դիվերսիոն գործողության փորձ: Ժամանակին անհրաժեշտ քանակով լրացուցիչ ուժ չի ուղարկվել ու դա նաեւ հետախուզության խնդիրն էր»:

Կարեն Վրթանեսյանն ասաց, որ չնայած Ադրբեջանն իր առջեւ դրված որեւէ խնդիր չի լուծել, բայց ապրիլյան պատերազմը իրենց մոտ ներկայացնում են իբրեւ հաղթանակ ու այդ պատերազմը Ադրբեջանում ավելացրել է ռազմական ճանապարհով հարցերը լուծել ցանկացողների թիվը:

Մեր հարցին, թե ինչպիսին է Ադրբեջանում վերաբերմունքը իրենց բանակի նկատմամբ, վստահո՞ւմ են՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Մարդիկ ամեն տեղ նույնն են, ոչ ոք չի ուզում իր կյանքի հաշվին բանակի հաղթանակներին մասնակցել: Շարքային ադրբեջանցին կգերադասի չծառայել: Ինքը էլի դրոշով ման կգա, կասի՝ կեցցեն մեր հերոսները, բայց անձամբ հերոս դառնալ ցանկացողներն այդքան էլ շատ չեն: Կան նաեւ մոլագարներ, որոնք առանց մտածելու կարող է զոհվեն՝ զուտ մի հայի սպանելու համար: Ընդհանուր առմամբ հակահայկական հիստերիա կա: Կոպիտ ասած, ադրբեջանցիներից շատերը հայերին որպես մարդ չեն ընկալում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031